Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն կդադարեցնի՞ համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

Հոկտեմբեր 04,2014 16:30

«Այս պահին կդժվարանամ հստակ ասել, թե ի՞նչ կհետեւի, բայց մի բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն եթե շարունակի այդպիսի ձեւակերպումով զեկույց պատրաստել, դա անպայման իր բացասական ազդեցությունն ունենալու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստմանը՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը միջազգային կառույցներին բազմիցս կոչ է արել համահունչ լինել իրենց դիրքորոշումներում` Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանցում տեղ գտած ձեւակերպումներին:
Հիշեցնենք. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, սեպտեմբերի 29-ին դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 կողմ եւ 74 դեմ ձայնով։ Մեր պատվիրակությունը փորձում էր այս զեկույցի վերաբերյալ որոշումը կանխել: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նախապես նամակ էր ուղարկել ALDE խմբի անդամներին:

Փորձն անհաջողությամբ ավարտվեց: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու եւ չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Հայ պատվիրակները լքել են դահլիճը:

«ԵԽԽՎ-ն, ցավոք, տուրք տվեց ավելի շատ ադրբեջանական լոբբիստական գործունեությանը եւ խավիարային դիվանագիտությանը, քան ելավ հավասարակշռված մոտեցումներից: Իհարկե, խոսքը ոչ բոլոր պատգամավորների մասին է: Ես չեմ կարծում, որ խորհրդարանական համագործակցության համար դա դրական կամ էֆեկտիվ ազդեցություն կարող է ունենալ նաեւ հետագայում»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը` ընդհուպ մինչեւ հարաբերությունների դադարեցո՞ւմ, Արտակ Զաքարյանը կրկնեց, որ այս պահին կդժվարանա առավել հստակեցումներ մտցնել, քանզի շատ բան կախված է նաեւ վեհաժողովի հետագա մոտեցումներից ու դրսեւորումներից: Մի բան, այնուհանդերձ, ըստ պատգամավորի, հստակ է` ԵԽԽՎ-ն չպետք է տուրք տա ադրբեջանական մոտեցումներին, եւ դա բոլորովին էլ կապ չունի Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության կամ ինտեգրման հեռանկարների հետ:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Narek says:

    Հա բա, դուք ամեն ինչ ճիշտ եք անում, միայն թե Եվրոպան «տուրք է տալիս ադրբեջանական մոտեցումներին». բայց դուք ամեն ինչ ճիշտ եք անում

  2. Կարո Մելիքյան says:

    Կաշառքն իր սեւ գործն անում է ոչ միայն Հայաստանում՝ընտրությունների ժամանակ,այլ նաեւ եվրոպաներում,միայն թե, իրենց էշն առաջ գնա…(հին եւ փորձած՝ թուրքական գործելավոճ)։

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1) Ռուսաստանին պետք է չվերաբնակեցվա՛ծ «օկուպացված» տարածքներ,որպեսզի Ադրբեջանին (և Թուրքիային) սիրաշահելու խայծ ունենա: ՀՀ և ԼՂՀ սահմանին գալիք հնարավոր ԵՏՄ «մաքսակետեր» տեղադրելու հիմնակա՛ն նպատակը սա է:Եթե մաքսակետ դրվի, ԱՅԴ ՊԱՀԻՑ Արցախը այլևս հայկական չի՛ լինելու:

    2) ՀՀ ԱԳ Նախարարարություն de facto չկա,իսկ Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի/ԵՏՄ-ի դեսպան ոնց որ լինի:

    3) Ինչու՞ եք զարմանում,որ Հայաստանին «օկուպանտ» են անվանում. իսկ ի՞նչ անվանեն,եթե Հայաստա՛նն է բանակցում/հարաբերակցվում Ադրբեջանի հետ: Քանի դեռ ՀՀ և ԼՂՀ հարաբերությունները DE JURE հաստատված/կարգավորված չեն, Ադրբեջանը մի՛շտ ՀՀ-ին ներկայացնելու է որպես «օկուպանտ»՝ անկախ նրանից Ադրբեջանը դեմոկրատիա է,թե դիկտատուրա:

    ՀԳ: Արդյո՞ք ԼՂՀ իշխանություները վերջապե՛ս դուխ կունենան ԵԽԽՎ-ի զեկուցողին ( ու ՀՀ Կրեմլահպատակ իշխանություններին) «գրողի ծոցը» ուղարկել: Կապրենք,կտեսնենք. թեև շատ եմ կասկածում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031