Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմեք դատարան

Հոկտեմբեր 04,2014 16:00

Պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
ցույց է տալիս իր իրավունքները պաշտպանելու ճանապարհը

«Բուռն չենք ընդունել, բայց ԱԺ-ի ամբիոնը կարծես ինչ-որ մի կախարդական հարթակ լինի, որտեղ մարդիկ փորձում են այլ բառապաշարով ընդգծել իրենց խոսքը, կեցվածքը, դիրքը: Որակումներ տալ` «զավեշտալի է պատգամավորի խոսքը», «ի հեճուկս պատգամավորների» եւ այլն… միգուցե բառերի իմաստը լավ չե՞ն հասկանում մարդիկ: Ես կարծում եմ, որ չպետք է կոռեկտության չափն անցնել: Ես չէի հակադարձի, եթե չլիներ այն կեցվածքը, որն ուներ ՄԻՊ-ը»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ պատգամավորներն այդքան բուռն ընկալեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիտարկումը, ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք. երեկ խորհրդարանի լիագումար նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացնում էր 2013 թվականի հաշվետվությունը:

Նա նկատեց, որ որոշ պատգամավորներ զավեշտի հասնող գնահատականներ են տվել ու օմբուդսմենին են մեղադրել այս կամ այն հարցը լուծված չլինելու մեջ, ու իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց, մասնավորաբար, դատախազության հասցեին: «2013-ը տխուր տարի էր մեր ինստիտուտի համար, որովհետեւ վարկաբեկող որոշումները, խախտումներն են շատացել: Իսկ դրա պատճառը հետեւյալն է՝ երբ որեւէ պետական մարմին, օրինակ՝ դատախազությունը անթույլատրելի, ուղղակի հակաիրավական ձեւով, հակամարդկային ձեւով անձնական հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա, ես ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի գլխավոր դատախազությանը երկու ինստիտուտների լիազորությունների ու հնարավորությունների մասին: Միայն այդ դեպքում, երբ հաջորդ անգամ մենք գրություն գրենք, նա պատրաստ կլինի ՄԻՊ-ին պատասխանել, այլ ոչ թե փորձել տգեղ քաղաքական տեխնոլոգիաներով իր խնդիրը պարտակել: Մեր պետական մարմինները պետք է դադարեցնեն վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը երկրի ներսում: Այդ ժամանակ մենք կլինենք միջազգային կառույցներում շատ ավելի արդյունավետ»,- խորհրդարանում հայտարարեց Կարեն Անդրեասյանը:

Դատախազությանն ուղղված ՄԻՊ-ի դիտողության մասով Հովհաննես Սահակյանը նկատեց. «Եթե կա որեւիցե մեկի անձնական ոտնձգությունը, սպառնալիքը, առավել եւս մարդու իրավունքների պաշտպանը շատ լավ պետք է իմանա, թե այդ դեպքում ինչ պետք է անել: Եթե վիրավորել են իր անձը, կարող է դիմել դատարան եւ իր խախտված իրավունքները վերականգնել: Եթե իսկապես կան սպառնալիքներ, թող դիմեն դատարան, ապացուցեն խախտված իրավունքները եւ գնան առաջ, այլ ոչ թե գալ խորհրդարան, ինչպես իմ ընդդիմադիր գործընկերն ասաց՝ խեղճացած դեմքով փորձել խոսք ասել: Ինքը մարդու իրավունքների պաշտպան է: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է այնպիսի կեցվածք ունենա, որ դրանով նաեւ այլոց իրավունքները պաշտպանի»:

Ապա ՄԻՊ-ի զեկույցին մասնագիտական հայացք նետելով՝ մեր զրուցակիցը նկատեց. «ՀՔԾ-ի բաժնում նշում է, որ պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպքերից ընդամենը երկուսով է քրեական գործ հարուցվել, ու եզրահանգում` դա վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն: Այսինքն` միայն թվերի համադրությո՞ւնն է վկայում, որ դրանք մակերեսորեն են քննվել: Կամ, օրինակ, դատախազության մասում նշվում է, որ ոստիկանության բաժիններում արձանագրված բռնության 363 գործերով ընդամենը 12 քրեական գործ է հարուցվել, ինչը վկայում է, որ դատախազության ոչ բարեխիղճ գործունեության արդյունքում բացթողում է եղել: Իսկ արդյոք հնարավոր չէ՞, որ, ասենք, որոշ դեպքերում հիմքերն ամուր չեն եղել, ու այդ պատճառով քրեական գործեր չեն հարուցվել»: Ընդհանուր առմամբ Հովհաննես Սահակյանն այն կարծիքին է, որ նմանատիպ հայտարարություններն ու թվերը նպաստում են հասարակության անվստահության մթնոլորտի բարձրացմանը. «Արդյոք ՄԻՊ-ն իր գործունեությամբ չպե՞տք է նպաստի վստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

Հարցին` ՄԻՊ-ի կողմից միտո՞ւմ եք տեսնում դատախազության աշխատանքի հետ կապված, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ տեսնում, բայց ՄԻՊ-ն ինքն ուղղորդեց իր զեկույցը` այն կառուցելով ընդամենը երկու գերատեսչության` առողջապահության նախարարության եւ գլխավոր դատախազության զեկույցների մասով: Մինչդեռ շատ ավելի նուրբ ու կարեւոր խնդիրներ կային՝ կապված եւ կրթության ոլորտի, եւ տրանսպորտի ու կապի նախարարության, եւ այլ գերատեսչությունների հետ: Բայց շեշտադրել, առանձնացնել այդ երկու կառույցներն ու ուղղությունը տանել միայն այդ կողմ… չեմ կարծում, որ պետք է այդքան նեղացնենք ՄԻՊ-ի գործունեությունը»:

Որ Կարեն Անդրեասյանի խոսքում խորհրդարանին համագործակցության կոչեր հնչեցին՝ Հովհաննես Սահակյանը բնական գործընթաց է համարում: Որ պատգամավորները պետք է խոսեն, քննադատեն՝ մեր զրուցակիցը դա նույնպես բնական գործընթաց է համարում, որովհետեւ ՄԻՊ-ն ընտրվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, եւ պատահական չէ, որ հաշվետվություն է ներկայացնում հենց խորհրդարանին եւ ոչ թե, ասենք, Սահմանադրական կամ Վճռաբեկ դատարանին: «Հետեւաբար բոլոր քննարկումները, քննադատությունները պետք է բնական լինեն եւ չպետք է առիթ դառնան, որ մեր ՄԻՊ-ն ավելի ջղաձիգ, որակումներում ավելի կտրուկ լինի, ինչն, ի դեպ, նկատվում է նաեւ ողջ զեկույցի տեքստում»:

Մինչդեռ ՄԻՊ-ը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, պետք է վեր հանի մարդու խախտված իրավունքները եւ այն պատկան պետական մարմիններին, որոնք թույլ են տվել խախտումը, ուղղությունը ցույց տա, մատնանշի, թե որտե՞ղ է ոտնահարումը թույլ տրված եւ այլն: «Երբ պետական մարմինները չէին իրականացնի օրենքի պահանջը, չէին շտկի թերությունը, այդ ժամանակ արդեն այս զեկույցում կքննարկեինք դա»,- ասաց նա` հավելելով. «Բայց համագործակցությունը միայն զեկույցից զեկույց չէ, մեկ օրով չէ, այն պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում: Անցած վեց կամ ավելի ամիսների ընթացքում անձամբ ես կամ իմ ղեկավարած հանձնաժողովը որեւէ առաջարկ` գրավոր կամ բանավոր, այս կամ այն օրենսդրական բացը լրացնելու, շտկելու մասով, չենք ստացել:

Չի կարելի ամբողջ տարին մամուլով ամպագոռգոռ մեկ-երկու հայտարարություններ անել, հետո գալ եւ ասել` չեն համագործակցում: Չեմ կարծում, որ ՄԻՊ-ը ՍԴ-ի կամ վճռաբեկ դատարանի լիազորություններ ունի, որոնց վճիռը, որոշումը կամ տեսակետը վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն: Ինքս կարդացել եմ ՄԻՊ-ի հաշվետվությունը եւ վեր եմ հանել առկա խնդիրները, պատրաստվում եմ դրանց մասին համակարգային ելույթ ունենալ, նշել եւ դրականը, եւ բացասականը: Ցավում եմ, որ ստիպված եղա հարցադրում անել, ցավում եմ, որ այն պատասխանները, որոնք հնչում են այստեղ, այդքան էլ հարիր չեն ոչ ՄԻՊ-ին, ոչ էլ խորհրդարանի ամբիոնից իր պատասխանելու ոճին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031