Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցելը փրկության ու իշխանությանը մոտ մնալու ծրագիր չէր

Հոկտեմբեր 04,2014 15:30

Ըստ նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի՝ ԼՂՀ եւ ՀՀ սահմանի մաքսակետը ձեւական բնույթ կկրի, բայց Ռուսաստանի մասնակցությունից ապահովագրված չենք լինի:

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին մաքսակետ տեղադրելու հարցին, դրանից բխող խնդիրներին ու մարտահրավերներին: Պատասխանելով հարցին՝ համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը Սերժ Սարգսյանին, որպես քաղաքական գործչի, փրկության ծրագիրն է, քանի որ 2013 թվականի ընտրությունները նրա համար տապալում էին, իսկ դրանից հետո իշխանության մոտ մնալու միակ ճանապարհը միության հետ այս գործընթացը ձեւակերպելով՝ կարեւորություն ձեռք բերելն էր, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրամիության համար, Ռոբերտ Մելքոնյանը ասաց, որ խնդիրը շատ բարդ է, եւ այն սրվեց հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը վերջապես գիտակցեց, թե ինչ վտանգների առաջ կկանգնի Ուկրաինայի կողմից Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում: Ըստ Ռոբերտ Մելքոնյանի՝ «Մոսկվան տեսնելով, որ կորցնում է գրեթե ամեն ինչ, որոշեց ավելի ակտիվ ու անմիջական մասնակցել աշխարհաքաղաքական հետագա զարգացումներին եւ փորձել խորհրդային տարիների նման գերտերության հայտ ներկայացնել, ձեռնոց նետել ԱՄՆ-ին: Այստեղից, բնականաբար, ԵՏՄ-ի, ՄՄ-ի գաղափարը, Ուկրաինայի, Ղրիմի, Արեւելյան Ուկրաինայի՝ Նովոռուսիայի հետ կապված իրադարձությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցության Ձեր հարցի ենթատեքստին, ապա համաձայն չեմ, եւ այն կապ չունի ընտրությունների հետ: Դա պարտադրված քայլ էր Ռուսաստանի կողմից, Ասոցացման պայմանագրի գաղափարը ձախողելու, այն չստորագրելու, մյուս երկրներին օրինակ ցույց տալու, նրանց նույնպես այդ քայլին դրդելու, համոզելու նպատակով: Բացի այդ՝ մենք այդ միությունում պետք ենք Ռուսաստանին՝ հարցերի քննարկումների ժամանակ Բելառուսին, Ղազախստանին հակակշռելու նպատակով: Այլ հարց է, որ ունենալով Ղարաբաղյան խնդիր, շրջապատված լինելով հայտնի երկրներով, գնահատելով հնարավոր հետեւանքները՝ մենք, ցավոք, այլ որոշում չէինք կարող ընդունել»,- պատասխանեց Ռոբերտ Մելքոնյանը:

Հաջորդ հարցին էլ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին մաքսակետ տեղադրելու պարագայում բացի այն, որ Արցախից քաղաքացիները ստիպված կլինեն վիզա ստանալ Հայաստան մտնելու համար, նաեւ այլ բարդ խնդիրներ էլ կառաջանան: Չե՞ք կարծում, որ, մասնավորապես, զենքի, սպառազինությունների եւ զինված ուժերի շարժը կֆիքսվի Մաքսային միության մարմիններում, ինչը ենթադրում է, որ մենք չենք կարող ռազմական գաղտնիք պահպանել, քանի որ այդ սպառազինությունների եւ զինվորականների շարժը հայտնի կդառնա Ղազախստանին, Ռուսաստանին եւ Բելառուսին, նախկին փոխոստիկանապետը ասաց. «Բարդ հարց է, եւ այդ հարցին միանշանակ չի կարելի պատասխանել, քանի որ այն, կախված իրավիճակներից, կարող է փոխվել, ունենալ նույնիսկ անկանխատեսելի, անցանկալի հետեւանքներ: Շատ բարդ, լարված, հակասական ժամանակաշրջանում ենք ապրում: Ամեն ինչ կախված է Ռուսաստանի, Պուտինի վերաբերմունքից ու ցանկությունից՝ չնայած Ղազախստանը, բնականաբար, հնարավորինս պաշտպանում է եւ կփորձի պաշտպանել իր ցեղակիցների՝ ադրբեջանցիների շահերը: Եթե Ռուսաստանը լոյալ նայեց այդ հարցին, եթե նույնիսկ մաքսակետ էլ դրվի, ապա այն կկրի ձեւական բնույթ: Սակայն, ցավոք, մենք ապահովագրված չենք այլ իրավիճակներից՝ ընդհուպ այդ գործընթացին Ռուսաստանի մասնակցությունից»: Ռոբերտ Մելքոնյանը գտնում է, որ սահմանային հսկողություն, որպես այդպիսին, չի լինի, այն կլինի թույլ, ձեւական եւ ցուցադրական: Նա չի բացառում, որ ապահովագրված չենք անցանկալի զարգացումներից, սակայն մտածում է, որ հնարավոր է նաեւ այս միությունները նույնպես լինեն ԱՊՀ-ի կարգավիճակում՝ ձեւական ու հիմնականում անիմաստ:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ցուցադրական ցուցամոլների համար, բայց ուղի համաշխարհային քաղաքակրթության համար, ճանապարհ բարու հաղթանակի համար, վերջ ղարապարսիկիզմի չարարմատի համար:Կեցցե չդանդաղող միտքը, արագացում բանաձևը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031