Դատական երկու ատյաններում լսվելուց հետո՝
կողմը պահանջում է «հրապարակային» ապացույցները
Երկուսուկես տարի անց, դատական նիստից հետո հայցվոր կողմը միջնորդությամբ դիմել է դատարան:
Հայցվորը, որը վիճարկել էր իր պատվին, «գործարար» համբավին պատճառված վնասը, միջնորդելով պահանջել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից այն ապացույցները, որոնք հրապարակային են եղել իր համար: Սակայն ընկերությունից ինքնուրույն այդ ապացույցները ձեռք բերել անհնար է: Ապացույցները գործում, ըստ էության, չեն եղել, չնայած այս գործը հասել է վերաքննիչ դատարան, վերադարձվել, ինչի մասին մենք իրազեկել էինք:
Այդ ապացույցները ձեռք բերելու անհնարինությունը բավարար էր հայցը մերժելու համար:
Կարդացեք նաև
Պետք է փաստենք, որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ըստ էության, այս գործով:
Հիշեցնենք, որ Վարդան Բուռնազյանը դիմել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար, Հրաչյա Հարությունյանի դեմ: Հայցվոր Բուռնազյանը պահանջել էր «հրապարակայնորեն» ներողություն խնդրել եւ հատուցել 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից մեկ միլիոնը՝ որպես վիրավորանքի հետեւանքով առաջացած, իսկ 2 միլիոնը՝ զրպարտության, 700 000 դրամը՝ փաստաբանական ծառայության համար վճարված գումարը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անվտանգության եւ վարչակարգի դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանն իր էլեկտրոնային փոստով դիմել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությանը: Դիմումը հրապարակային չի եղել: Հետեւաբար, պահանջներից մեկը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, առնվազն տարակուսանք է առաջացնում:
Հրաչյա Հարությունյանի նամակ-դիմումը ստացել է նշյալ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը:
Այդ ստորաբաժանումն իրավասու էր փակ ռեժիմով ստուգել քաղաքացիների կողմից դիմումները, որոնք կապված էին իրավախախտումների, կոռուպցիայի, ներքին անվտանգության հետ:
Երեւանում գտնվելու ժամանակ Յու. Մորդվինցեւը զանգել է Հրաչյա Հարությունյանին, ցանկություն է հայտնել դիմումի հետ կապված հանդիպել նրան: Առանց երրորդ անձի ներկայության, դարձյալ ոչ հրապարակային, տեղի է ունեցել հանդիպում. Հարությունյանը ստորագրել է էլեկտրոնային նամակի տակ՝ Յու. Մորդվինցեւի խնդրանքով:
Հրաչյա Հարությունյանը դատական ատյաններում հայտնել էր, որ «Մորդվինցեւի կողմից ներկայացված դիմումը փոխանցվել է ձեռքից ձեռք՝ առանց միջնորդի», ինքն անձամբ մինչ այդ չի ճանաչել զրուցակցին: Նշյալ ընկերության անվտանգության պատասխանատու Դ. Կուզնեցովը «կոնֆիդենցիալ»՝ «հույժ գաղտնի» դրոշմակնիքով դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության տնօրեն Գ. Մաքսիմովին՝ խնդրելով ստուգել դիմումում նշված տեղեկությունները:
Մինչ օրս անհասկանալի պայմաններում, դիմումը փոխանցվել է հայցվորին՝ Վարդան Բուռնազյանին: Ըստ գործի նյութերի, վերջինս իր վերադասի հանձնարարությամբ պետք է ստեղծեր հանձնաժողով՝ անվտանգության վերահսկողության աշխատակիցներից, սակայն դիմումը հայտնվել է «հայցվորի հետ փոխկապակցված կոնտրագենտներին»:
Այդ դիմումը հայտնի է դարձել ստուգող հանձնաժողովից եւ Գ. Մաքսիմովից, որը երրորդ անձ չի ներգրավվել այս գործով: Ըստ էության, դիմումի հասցեատեր Յու. Մորդվինցեւի եւ Հարությունյանի հանդիպումը եղել է երկուսի միջեւ, հետեւաբար, նրան երրորդ անձ ներգրավելն էլ դառնում է տարակուսելի:
Հ.Հարությունյանի ներկայացուցիչն է իրավաբան Արա Ղազարյանը:
Տարօրինակ վիճակ է ստեղծվել մի քանի առումներով. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պիտի տրամադրի մի բան, որն իր դեմ է: Իր ներսում կատարվող իրավախախտումների:
Բուռնազյանը պիտի «ապացուցի», որ հրապարակային է դարձել Հարությունյանի անձնական նամակ-դիմումը, հետեւաբար, իր «հրապարակային ներողություն» պահանջն էլ հիմնավոր է: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետք է նաեւ «ապացուցի», որ իր մոտ անձնական նամակների գաղտնիությունը երաշխավորված է:
Կկարողանա՞: Իսկ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ասի, որ քեզ չեմ երաշխավորել իմ ընկերության ծառայողական նամակի պատճառով հանդես գալ դատարանում, Բուռնազյանն ի՞նչ պիտի ասի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2014