Դավիթ Բաբայանցը ցանկալի
արտիստ է իտալական հռչակավոր ամֆիթատրոնում
Անցյալ տարի իտալական հռչակավոր Arena di Verona ամֆիթատրոնը նշել է հոբելյանական 100-րդ թատերաշրջանը: Հրավիրված էր նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային բարիտոն Դավիթ Բաբայանցը: Այդ տարի նա հանդես եկավ Ժերմոնի դերերգով՝ Վերդիի «Տրավիատայում», մեծանուն երգիչների, այդ թվում՝ Պլասիդո Դոմինգոյի հետ էլ՝ Վերդի-Վագներ գալա համերգում:
Ամռան ամիսներին, երբ Arena di Verona-ում հավաքվում է համաշխարհային օպերային արվեստի սերուցքը, այս տարի էլ է հրավիրվել հայ երգիչը:
«Առավոտի» հետ զրույցում Դավիթ Բաբայանցը հայտնեց, որ ամռան երեք ամիսների ընթացքում հանդես է եկել 7 անգամ՝ Ամոնասրոյի (Վերդի՝ «Աիդա») եւ Շարպլեսսիի (Պուչինի՝ «Մադամ Բաթերֆլայ») դերերգերով:
«Ցանկացած օպերային երգչի համար երազանք է հանդես գալ իտալացի լեգենդար այնպիսի ռեժիսորի բեմադրության մեջ, ինչպիսին է Ֆրանկո Ձեֆիրելլին, ինչն այս տարի ինձ հաջողվեց: Երկու բեմադրությունները ղեկավարում էին դիրիժորներ Մարկո Արմիլիատոն եւ Ջուլիան Կովաչեւը: Դարձյալ բախտավորություն էր: Խաղընկերներս էին Մարիա-Խոսե Սիրին, Ամարիլլի Նիցցան եւ օպերային այլ աստղեր»,- ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը, թե այս էլ երկրորդ տարի ինչպե՞ս է հայտնվում նման հեղինակային բեմում, մեր զրուցակիցը պատասխանեց. «2011թ. Վերոնայում մասնակցելով միջազգային մրցույթի, հաղթող ճանաչվեցի եւ արդեն 2012թ. հրավեր ստացա տեղի Teatro Filarmonico -ի կողմից հանդես գալու ձմեռային թատերաշրջանում ընդգրկված Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման մեջ: Դիրիժորն էր մեծանուն Ֆաբիո Մաստրանջելոն, որը ինձ ներկայացրեց իր ագենտին՝ Ալբերտ դե Պիերոյին: Այստեղից էլ սկսվեց համագործակցությունս իտալացի ագենտի հետ: Ի դեպ, արդեն հրավեր ունեմ 2015թ. ձմռանը Վերոնայում հանդես գալու Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացման մեջ եւ ճանաչված երգիչ Ալդո Կապուտոյի հետ կատարելու տենորի եւ բարիտոնի պարտիաները` Մասկանիի «Մեսսա դի Գլորիա» մեծակտավ երկում: Ալդոյի հետ անցյալ տարի հանդես եմ եկել Պուչինիի «Մեսսա դի Գլորիայում»:
Հիշեցրինք, որ դեռեւս 2011թ. Իտալիայում երգիչը ճանաչվել է լավագույն բարիտոն «Վերդիական ձայներ» մրցույթում, որն անցկացվել է իտալացի կոմպոզիտորի ծննդավայրում՝ Բուսսետոյում, այնուհետեւ դիտարկմանը, թե փաստորեն հենց այդ թվականից սկսվեց հայ երգչի միջազգային կարիերան, Դավիթ Բաբայանցն ասաց, որ օպերային երգչի իր միջազգային բեմելը կայացել է դեռեւս 2009թ., Իտալիայի Պեզորա քաղաքում անցկացված Օպերա փառատոնին, որի շրջանակներում էլ հանդես է եկել Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերային ներկայացման մեջ:
Ռեպլիկը՝ Երեւանում երեք ամսվա ընթացքում 7 ներկայացման մեջ միանշանակ զբաղված չէիք լինի, էլ չենք խոսում, որ Arena di Verona-ն նախատեսված է 15 հազար հանդիսատեսի համար, Դավիթ Բաբայանցի կողմից մնաց անպատասխան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Տեսարան «Աիդա» ներկայացումից:
«Առավոտ» օրաթերթ
03.10.2014