Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնում ենք դեպի անազատություն»

Հոկտեմբեր 04,2014 13:30

Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը՝ ՀՀ վերջին զարգացումների մասին

«Առավոտը» ճանաչված բեմադրիչ Ռուբեն Բաբայանին խնդրեց իբրեւ մտավորական կարծիք հայտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ ինքն իրեն չեղած՝ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում շնորհելու վերաբերյալ: Պարոն Բաբայանը հեգնեց. «Երեւի պետք է կառավարությունը վերանայի իր որոշումը, որովհետեւ չի կարելի գիտնականին ուղարկել ադմինիստրատիվ աշխատանքի, առանց այն էլ ադմինիստրատիվ գործով զբաղվողները շատ են: Գիտնականներին, առավել եւս Սուրիկ Խաչատրյանի մակարդակի գիտնականներին, պետությունը պետք է մարգարիտի պես պահի… Գիտությունների ակադեմիա, բազմաթիվ ինստիտուտներ կան՝ պատմության, փիլիսոփայության, ո՞նց կարելի է նման կադրին ուղարկել մարզ՝ որ զուտ բենզինի կամ աղբի հարցով զբաղվի»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հոկտեմբերի 2-ի կառավարության նիստին, որի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու նախագծին: Այդ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ԵՏՄ մարմինների ակտերը կիրառման ենթակա են լինում ՀՀ տարածքում: Պարոն Բաբայանից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս այս փոփոխությունը կանդրադառնա մշակութային օջախների վրա՝ համագործակցության, դրսի հետ կապերի առումով: Մեր զրուցակիցը, որ նաեւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն է, պատասխանեց, որ առանց Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու էլ խնդիրներ էին ծագում դեկորների եւ այլնի տեղափոխման հետ կապված, ու հիմա վիճակն ավելի կվատանա:

«Ես տնտեսագետ չեմ, որ հարցը վերլուծեմ տնտեսական տեսանկյունից, ինձ համար ամենաբացասականը քաղաքակրթական ընտրությունն է այս ամեն ինչ մեջ: Որոշակի ձեռքբերումները, որոնցով հպարտանում ենք, որոշակի ազատությունը՝ մամուլի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ձեւավորման առումով, գուցե շատ շուտով մարեն, որովհետեւ հնարավոր չէ գտնվել մի կաթսայում, որտեղ ուրիշ պրոցեսներ են գնում եւ ուրիշ թելադրանքներ: Մեզ ստիպելու են, պահանջելու են, իսկ ուրիշ բան ստիպողները պարզապես վերանալու են»,- հավելեց նա:

Մեր դիտարկմանը, թե վերջին 15 տարում 45 միջազգային փառատոնի են մասնակցել, մինչդեռ Սովետի ժամանակ՝ 3, չի վախեցնում վատ տեսլականը, որ նորից միջազգային մշակութային շփումները կպակասեն, բեմադրիչը ցավով ասաց. «Հենց Սովետական Միությունը վատ տեսլական է: Տարիների ընթացքում ամեն ինչ արեցին, որ հասարակության լայն խավերում նոստալգիկ բաներ լինեն Սովետական Միության հանդեպ, ախր անազատությունը երբեւիցե չի կարող բերել լավ բանի, լինի դա գիտություն, տնտեսություն, կրթություն, թե մշակույթ: Իսկ մենք, ցավոք, գնում ենք դեպի անազատություն: Մտածել, որ այդ անազատությամբ գոնե կուշտ փորի հարց կլուծվի, դա էլ միամտություն է, չի՛ լինի դա…

Մարդն ընդհանրապես սովորություն ունի համեմատությունների մեջ ապրել, իսկ այդ համեմատություններից մարդուն կարող է զրկել երկաթյա վարագույրը, որը կար նախկինում: Ինչքան քիչ իմանան, թե ինչ կա վարագույրից այն կողմ, այնքան հեշտ կբավարարվեն: Սա բոլորն են հասկանում՝ եւ Մաքսային միության ջատագովները, եւ հակառակորդները, ուղղակի ապահովության երաշխիքի մասին տարբեր բացատրություններ են տալիս, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք իրականում երբեք էլ չունենք քաղաքացիական պատերազմի վտանգ, որովհետեւ ամեն ինչ շատ ճիշտ հասկանում ենք: Մի հարց է կարեւորվում՝ մենք ուզում ենք մե՞կ օրով ապրել, այսօրվա պահի հա՞րցը լուծել, թե՞ ցանկանում ենք ունենալ այս երկիրը՝ Հայաստանը, որը էական չէ, թե քանի քառակուսի կիլոմետր է: Ցանկացած Սփյուռք, միեւնույն է, դատապարտված է ձուլման, հայը կարող է պահպանվել միայն իր հայրենիքում, իսկ հայրենիքն այն հողն է, որտեղ ապրում ես, հայրենիքը քարտեզ չի կարող լինել: Ցավոք, այսօր մեր հայրենիքի հետ վարվում ենք այնպես, ինչպես կվարվեն քարտեզի հետ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Հ1»-ի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031