Լրահոս
Օրվա լրահոսը

Չկորցնենք մեր աղջիկներին

Հոկտեմբեր 04,2014 13:00

Աշխարհի առաջադեմ (եւ ոչ միայն առաջադեմ) երկրներում ծավալվող գիտատեխնիկական առաջընթացն, անշուշտ, մեծ հնարավորություն է տալիս մարդկությանը բարելավելու եւ ավելի դյուրին դարձնելու կյանքը, օգտվելու տեխնիկական նորամուծություններից` հօգուտ կենսամակարդակի բարձրացման, կենցաղի, աշխատանքի եւ ապրելակերպի բարելավման: Դա օգտակար է եւ ընդունելի: Սակայն երբեմն տեխնիկայի ու գիտության որոշ նորամուծություններ ոչ խելամիտ օգտագործելու դեպքում հակառակ արդյունքների են հանգում: Հատկապես, երբ իրողությունները հակադրվում են բնության օրենքներին, որոնք նախորոշված են ճշգրիտ ու խիստ անհրաժեշտ պայմաններով` մարդկային հասարակության բնականոն զարգացման ու աճի համար:

Եթե բնության բարերար եւ իմաստալից միջամտությունը կյանքում չի գործում, բերում է ցավալի հետեւանքների: Ինչ է կատարվում վերջին 10-15 տարիներին մեր երկրում, Հայաստանում: Հայ երիտասարդ ամուսինները, օգտվելով գիտության նորահայտ մեթոդներից եւ, իմանալով իրենց հղի կնոջ արգանդում ձեւավորվող պտղի սեռը, շատ հաճախ ստիպում են կնոջը դիմել սելեկցիոն աբորտի եւ վերացնել իրենց իսկ զարգացող զավակին, եթե նա աղջիկ է: Գիտությունը հաստատել է, որ մոր արգանդում արդեն բեղմնավորված պտուղն առաջին իսկ ամիսներից լսում, ընկալում եւ զգում է կյանքի ռիթմը:

Իսկ նրա ապագա հայրն արհեստականորեն ընդհատել է տալիս նրա զարգացումը, ոչնչացնելով ձեւավորվող մանկանը: Այդ մասին ահազանգում են թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը: Ցավոք, վիճակը գնալով դառնում է անկասելի: Վերջին 10-15 տարիների ընթացքում, երբ սկսվեց տղամարդկանց կողմից այդ չարաբաստիկ «հնարավորության» իրականացումը, Հայաստանում ցավագնորեն պակասել է աղջիկ երեխաների ծնունդը, խախտելով մեր ազգի համաչափ բնական աճը: Այսօր, ինչպես հաստատում են եւ՛ Երեւան քաղաքի, եւ՛ հանրապետության շատ գյուղերի դպրոցների ուսուցիչները, ցածր եւ միջին դասարաններում սովորող տղաների թվաքանակը ծայրահեղորեն բարձրացել է ի վնաս աղջիկների: Այսպես, օրինակ, որոշ դպրոցներում յուրաքանչյուր դասարանում կա 20 տղա եւ 3 աղջիկ, կամ` 24 տղա եւ 5 աղջիկ: Ի՞նչ է սա: Մենք ինքնե՞րս ենք դատապարտում մեր տղաներին չունենալ ընկերուհիներ, որ շատ կարեւոր է աճող սերնդի համար, իսկ որ, ամենաողբերգականն է, զրկում ենք նրանց` հասունության եւ ամուսնության հասակի հասնելիս հեշտությամբ ընտրություն կատարել եւ գտնել իրենց հարմար հարսնացուին: Դա կբերի այն բանին, որ տղաներից շատերը կամ ամուրի կմնան, կամ կհակվեն դեպի այլազգի աղջիկները, որոնք հաճախ ոչ միայն չեն մերվում հայ ժողովրդի նիստուկացին ու ավանդույթներին, այլեւ իրենց զավակներին դաստիարակում են ոչ հայեցի, երեխաների հետ խոսում են իրենց (մեզ համար օտար) լեզվով եւ աստիճանաբար նրանց մեջ մեռցնում հայ մտածողությունն ու հայ ոգին:

Ա՞յդ են ուզում մեր երիտասարդ հայրերը, որոնք ոչ միայն իրենց են զրկում դստրիկ ունենալու հաճույքից, այլեւ տղաներին` հայ աղջկա հետ հրաշալի ընտանիք կազմելու հնարավորությունից: Նրանք այդ դաժան միտումն արդարացնում են նրանով, թե իրենց տղա է պետք, որ տեր կանգնի ընտանիքին, շարունակի նրա ժառանգականությունը, պահպանի տոհմի երկարակեցությունը: Իսկ աղջիկն ամուսնանում է ու դառնում այլ ընտանիքի շառավիղի հիմնադիրը: Գուցե դա այդպես է, բայց ոչ միշտ: Բերենք մի քանի օրինակներ, որոնք հաստատում են դուստրերի կողմից եւս հոր ընտանիքի ժառանգականությունն ու տոհմը պահպանելու ազնիվ իրողությունը:

Այսպես, աշխարհահռչակ գիտնական, հայագետ Հրաչյա Աճառյանը միայն մի դուստր ուներ: Վերջինս ամուսնանում է եւ, երբ ծնվում է իր որդին, ամուսնու սիրահոժար համաձայնությամբ տղային տալիս է իր հոր ազգանունը, նաեւ անունը` Հրաչյա: Այսօր էլ այդ կրտսեր Հրաչյա Աճառյանը խոր հարգանքով ու սիրով կրում է իր պապի անուն-ազգանունը եւ իր զավակների հետ միասին շարունակում այդ մեծ մարդու հայրենական տան ու տոհմի շառավիղը: Կամ՝ Եղիշե Չարենցը: Մեծ բանաստեղծը երկու աղջիկ ուներ, որոնց պաշտում էր. Արփենիկ եւ Անահիտ: Այժմ Անահիտի դուստրը` Անին, ինչպես եւ մայրն ու մորաքույրը, կրում են հռչակավոր պապի ազգանունը` Չարենց, տեր կանգնելով մեծ բանաստեղծի տոհմի ու ընտանիքի հարատեւությանը: Շարունակենք: Հայ մշակույթի նվիրյալ, ազգային երգի լավագույն մեկնաբան-կատարող Հայրիկ Մուրադյանի թոռ եւ նրա միակ դստեր` գիտության եւ մշակույթի երախտավոր Մարո Մուրադյանի որդի` Լեւոն Մուրադյանը, որն այսօր արտասահմանում հանրահայտ թավջութակահար է, սիրով ու հպարտությամբ կրում է իր պապի եւ մոր ազգանունը, հիշեցնելով աշխարհին այդ տաղանդավոր ընտանիքի ու նրա նախնիների հարատեւությունը:

Օրինակները շատ են եւ ուսանելի, որոնք հաստատում են, որ աղջիկները եւս կարող են դառնալ հոր ընտանիքի պաշտպանն ու նրա պանծացնողը: Բերեմ թեկուզ իմ օրինակը: Ես ծնողներիս միակ զավակն էի եւ երբ ամուսնացա, հարգելով հորս ու նրա ազնիվ գերդաստանը, պահպանեցի նրա ազգանունը, որ մինչեւ այսօր էլ կրում եմ հպարտությամբ: Այս հարգանքի տուրքը սիրով ընդունեցին նաեւ իմ զավակները, ըստ որում ավագ որդիս իր տղային անվանակոչել է պապիկի անունով, իսկ կրտսեր որդիս իր դստերը` տատիկի: Ահա սա է հարգանքի հավաստիքը եւ ընտանիքի ժառանգականության ու տոհմի հարատեւության պահպանման գաղտնիքը, որը շատ ու շատ դուստրերի կողմից է իրականացվում: Իսկ որքա՜ն դուստրեր կան, որ բարեխղճորեն հավաքում, հրատարակում ու ցուցադրում են իրենց արվեստագետ, բանաստեղծ, գիտնական, նաեւ` ուսուցիչ, բժիշկ կամ այլ մասնագիտությունների տեր հայրերի ու պապիկների աշխատությունները, ստեղծագործությունները, որոնք առանց նրանց հոգատարության ու սիրազեղ վերաբերմունքի չէին ներկայացվի ու ճանաչվի մեր հանրության կողմից:

Ո՞վ է դուստրը ծնողի համար: Աղջիկն առավելագույնս հոգատար եւ ուշադիր է ծնողների նկատմամբ: Երբ նրանք ծերանում են կամ հիվանդանում, առաջին հերթին դուստրն է նրանց խնամում ու պահպանում: Աղջիկն իր նրբին ու ջերմ վերաբերմունքով միշտ էլ ավելի մտերիմ ու հարազատ է ծնողներին, քան ամենասիրելի ու նվիրված տղա զավակը: Տղամարդն իր կեցվածքով, առնական բնույթով ավելի զուսպ է, հատկապես իր զգացմունքների արտահայտման մեջ, թեեւ, անշուշտ, նա էլ ունի իր անուրանալի առավելությունները: Ուրեմն, հայր դարձող երիտասարդները պետք է հավասար սիրով ու անձկությամբ սպասեն իրենց ժառանգի ծնունդին, անկախ նրանից, թե ինչ սեռի է նա պատկանում:

Կարծում ենք, որ այն, ինչ կատարվում է, մեր ժողովրդի համար գրեթե նույնպիսի չարիք է, ինչպես այսօրվա ահագնացող արտագաղթը: Մենք կորցնում ենք ոչ միայն մեր վաղվա սիրասուն մայրերին ու քույրերին, ծնողներին սատարող դուստրերին, այլեւ ժամանակակից գիտության, մշակույթի, հասարակական այլեւայլ բնագավառների լավագույն մասնագետներին: Մեր աղջիկները պե՛տք է ծնվեն, մեծանան ու դառնան հայ ժողովրդի պանծանքն ու հպարտությունը, ինչպես եղել է դարեր շարունակ:

Մեր կառավարությունը եւ առողջապահության համակարգի ներկայացուցիչները պետք է լրջորեն մտահոգվեն այս հարցով, գուցե եւ արգելեն հղի կանանց` նախօրոք իմանալու իրենց ապագա զավակի սեռը, մի բան, որ ոչնչով չի խանգարի նրանց ծնելու առողջ ու հրաշալի մանկիկներ, հայ տղաներ ու աղջիկներ: Իսկ ամուսնացած, բայց դեռեւս կյանքի երջանկությունն ու իմաստը չընկալած երիտասարդ այրերը պետք է հասկանան, որ իրենք անգիտակցաբար աղավաղում են եւ՛ իրենց զավակների ապագան, եւ՛ իրենց իսկ զրկում հոգատար դուստրերի ջերմությունից ու խանդաղատանքից, միաժամանակ հարցականի տակ դնելով ազգի ապագան:

ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ
բանասիրական գիտ. թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031