Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրում՝ մաեստրոյին

Հոկտեմբեր 04,2014 12:29

Օրերս Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր «Վենետիկի ընծաները` Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցահանդեսը: Նախագծի հեղինակն էր ռուսաստանցի կինոռեժիսոր, լուսանկարիչ, բանաստեղծ, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից, մի քանի կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրանի», մրցանակակիր` Տատյանա Դանիլյանցը: «Այս ցուցահանդեսը իմ նվիրումն է մաեստրոյին, որի իննսուն ամյակը կլրանար այս տարի,- ասում է հեղինակը, -սա մի կամուրջ է երկու աշխարհ միավորող` Փարաջանովի տիեզերքի եւ հեքիաթային Վենետիկի միջեւ»:

Ինչպե՞ս ծնվեց ցուցահանդեսի գաղափարը, ի՞նչ գնահատական կտա հեղինակը նախագծի իրականացմանը եւ ի՞նչ հեռանկար ունի ցուցահանդեսը, Տատյանա Դանիլյանցը պատասխանեց. «Փարաջանովի անունն ու կերպարը միշտ հրատապ են: Շատ եմ եղել Հայաստանում: Հերթական անգամ անցյալ տարի կանգնած լինելով Փարաջանովի տուն-թանգարանի բակի մի ծառի տակ` հասկացա, որ ես մաեստրոյին նվիրված մի նախագիծ պիտի իրականացնեմ: Թանգարանի հավաքածուն դիտելիս հայտնաբերեցի, որ Փարաջանովը կապված է Վենետիկին: Ես էլ շատ եմ սիրում Վենետիկն ու տարվա որոշ մասը բնակվում եմ այնտեղ:

Սկսեցի իմ հետազոտությունը «Փարաջանով եւ Վենետիկ» թեմայով: Դա հիմնական նյութերի, որոնց հետ աշխատել էր Փարաջանովը, ինտուիտիվ հեռատեսության հիման վրա կառուցված վերլուծություն էր՝ հայելիները, թանկարժեք հուլունքներն ու գործվածքները, փետուրներն ու դիմակները …այդ բոլոր բաղադրիչները կարելի է վենետիկյան ազգային գանձեր անվանել, իսկ Փարաջանովին՝ բնիկ վենետիկացի: Վենետիկն ու մաեստրոն կապված են միմյանց հետ…»:

Հավելենք, որ ցուցահանդեսում ներկայացված էին աշխատանքներ մուրանական ապակուց, 15 կոլաժ վենետիկյան խորհրդանիշներով, որտեղ հեղինակը ներկայացրեց Վենետիկում մտովի տեղ գտած Փարաջանովի ծառն ու տունը: Հանդիսատեսը դիտեց նաեւ Տատյանա Դանիլյանցի Remembering Paradjanov. Venetians talks վավերագրական ֆիլմը, որտեղ վենետիկահայերը հիշում են Փարաջանովին: Հեղինակը մտադիր է ցուցահանդեսը տանել Վենետիկ, այնուհետեւ Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ:

ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031