Այսօր Արարատում եռյակի հանրահավաքին մի խումբ կանայք եկել եւ բղավում էին, որ ընդդիմությունը պետք է հեռանա, այս իշխանությունը թող չփոխվի: Եռյակի ուժերը նրանց որակեցին որպես իշխանությունների կողմից ուղարկված ծախվածներ:
Իսկ հանրահավաքից հետո արդեն կանանց հետ հաշվեհարդար սկսեցին տեսնել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու Ժառանգության համակիրները: Նրանք սկսեցին ամոթանք տալ, անպատիվ խոսքեր ասել իշխանամետներին, 1000 դրամանոց շպրտել նրանց վրա:
Իշխանամետ տատիկներից մեկը՝ Էմմա Հարությունյանը, Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, որ իրեն փող են տվել՝ Սերժ Սարգսյանին գովելու համար. «Պատերազմ էր բացել Ադրբեջանը, երեք կուսակցություններից ո՞ր մեկը գնաց Տավուշ: ՀՀԿ-ն գնաց, Հովիկ Աբրահամյանը գնաց, որ ժողովրդի կողքին լինի: Բա իրանք ի՞նչ արեցին: «Բարգավաճն» ի՞նչ է արել»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է եկել եռյակի հանրահավաքին, ի՞նչ է ուզում դրանով ասել՝ նա պաատասխանեց. «Որ այս իշխանությունը մնա նորից իշխանություն»: Արարատցին վստահեցրեց, որ հիմա շատ լավ է ապրում. «Երկու երեխես բարձրագույն են սովորում, ՀՀԿ-ն է հովանավորում: Տատու, պապու թոշակով են ապրում երեխեքս: Իսկ իրե՞նք ինչ են արել, ԲՀԿ-ն ի՞նչ է արել, Կոմկո՞ւսն ինչ է արել, Ժառանգությո՞ւնն ինչ է արել: Ի՞նչ են արել: Բարգավաճն ուզում ա նստի Սերժի տեղը, հա՞, որ լավ ուտի ՞, քի՞չ ա ուտում: Թող բավարարվեն, բավական է: Թող իրա տղեն գնար պատերազմ, ինչի՞ չգնաց, փեշի տա՞կն է պահում: Բացի ՀՀԿ-ից, բոլորից դժգոհ եմ: Իմ երեխեքի ուսման վարձը տալիս է, 600 հազար ուսման վարձ է տալի»:
Կարդացեք նաև
Երբ ներկաներից մեկը հակադարձեց՝ բա ինչի՞ չեք ասում, որ Ծառուկյանն ուսանողների է անվճար տեղափոխում, Երասխավանից որ անվճար բերում են Երեւան ուսանողներին, այդ ո՞վ է տանում: Իշխանամետ արարատցի տատը իր օրինակը բերեց. «Ոչ, Այգեվանի գյուղապետն այսօր ուսանողներին անվճար ավտոբուս է հատկացրել, իսկ Գագիկ Ծառուկյանը տանում է միայն նրանց, ովքեր իր կուսակցության մեջ են, իսկ Այգեվանի գյուղապետը տանում է անկախ կուսակցական պատկանելությունից:
Էմմա Հարությունյանը չի հասկանում՝ մարդիկ ինչի՞ց են դժգոհ այս իշխանության օրոք. «Չեն աշխատում, ասում են՝ Սերժը բերի տա մեզի, հա՞: Բավական է, էլի, գնացեք աշխատեք: 70 տարեկան կին եմ, աշխատում եմ իմ այգու մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ