Լավագույն մանկավարժները պատվոգրեր ստացան
Հոկտեմբերի 3-ին ՀՀԿ Տավուշի մարզային եւ այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպությունները ուսուցչի օրվա առթիվ Նոյեմբերյանի մշակույթի տանը միջոցառում էին կազմակերպել: Նոյեմբերյանի քաղաքապետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Վանուշ Ամիրաղյանը շնորհավորեց տարածաշրջանի դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին, նրանցից լավագույններին հանձնեց պատվոգրեր: Գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը ներկայացրին հայոց այբուբենին եւ ուսուցիչներին նվիրված իրենց բանաստեղծությունները, 50 տարվա մանկավարժական ստաժ ունեցող, Կոթի գյուղի բնակիչ Սերյոժա Բեջանյանը խոսեց ուսուցիչների շնորհակալ գործի մասին:
Այնուհետեւ Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնը ներկայացրեց համերգային հագեցած ծրագիր: Հատկապես ոգեւորությամբ ընդունվեցին Նոյեմբերյանի զորամասի երաժշտախմբի կատարումները: Ներկաները ծափահարություններով ողջունեցին միջոցառմանը «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի մասնակցությունը : Նա ասաց, որ հանգամանքների բերումով է ներկա գտնվում միջոցառմանը, տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց ուսուցիչներին, ասելով, որ դա կատարում է ոչ թե իր կուսակցության, այլ՝ անձամբ իր կողմից: Տիկին Բախշյանը հայրենասեր սերունդ դաստիարակելու համար երախտագիտություն հայտնեց Տավուշի մարզի մանկավարժներին, նաեւ շեշտեց, որ հանրապետությունում ներառական կրթության ներդնումը Տավուշից է սկսվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև