Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» ամենամյա մրցույթը կարևոր դեր է ունեցել ժամանակակից գրականության տարածման և պատմվածքի ժանրի զարգացման գործում. այսպես են կարծում մրցույթի կազմակերպիչները և հայտարարում մրցույթի՝ այս տարվա մեկնարկի մասին:
«Առաջին անգամ, երբ հայտարարեցինք այս մրցույթը, մեր նպատակը նոր հեղինակների հայտնաբերումն էր: Ու նաև մեր առջև երկու կարևորագույն խնդիր էինք դրել՝ որոշակիորեն զարգացնել ժամանակակից պատմվածքի ժանրը և հանրահռչակել ժամանակակից գրականությունը: Սա էր սկզբունքը, որովհետև այն ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաներն այսչափ զարգացած չէին, գրական կայքեր համարյա չկային, լրատվամիջոցներն էլ գրեթե անտարբեր էին գրականության հանդեպ. մեկ-երկու լրագրողով գրականությանը նվիրված ասուլիս անելը ֆանտաստիկայի ժանրից էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Ես կարևորում եմ այս մրցույթը, որովհետև դրա շնորհիվ մենք կարողացանք հանրային հետաքրքրություն առաջացնել գրականության հանդեպ՝ ընթացքում հայտնաբերելով նոր հեղինակների, որոնցից մի քանիսի գրքերն արդեն հրատարակել է «Անտարեսը», բացի այդ, առաջին մրցույթում հաղթած 19 պատմվածքները թարգմանվեցին անգլերեն»,- ասաց Ա. Նիկողոսյանը՝ հույս հայտնելով, որ այս գործընթացը շարունակական կլինի:
Գրականագետը բնական է համարում քննադատությունները, որոնցից զերծ չեն առհասարակ բոլոր տեսակի մրցույթները, բայց փորձում են ելքեր գտնել՝ դրանցից հնարավորինս խուսափելու համար. «Նախորդ տարի, օրինակ, մենք որոշեցինք հեղինակների պատմվածքները ներկայացնել անանուն, որպեսզի մրցատյանն անաչառ գտնվի (իհարկե, բացարձակ անաչառ լինելն անհնարին է. այնուամենայնիվ, սուբյեկտիվության գործոնը կա): Ցավոք, այստեղ էլ գործ ունեցանք հեղինակների միջամտության հետ, որովհետև նրանք ամեն կերպ ուզում էին բացահայտվել»,- ասաց Ա. Նիկողոսյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, պատմվածքների հետ կլինեն հեղինակների անունները, փոխարենը գաղտնի կմնա մրցատյանի կազմը.
Կարդացեք նաև
«Վերջիվերջո, մենք ուզում ենք, որ ինչպես գրողները, այնպես էլ նմանատիպ մրցույթներով շահագրգռված մարդիկ հասկանան, որ այստեղ հրատարակիչը, կոպիտ ասած, կոնկրետ շահ է հետապնդում: Քանի որ լավագույն պատմվածքները, ի վերջո, հրատարակվում են գրքով, և այդ գիրքը դրվում է վաճառքի, հրատարակչի համար շատ ցանկալի է, որ ձևավորված ժողովածուն լինի գեղարվեստական բարձր արժանիքներով, լինի հետաքրքիր, որպեսզի շատ վաճառվի, և հրատարակչությունը որոշակի շահ ունենա: Այդ առումով ծիծաղելի են հնչում կարծիքներն այն մասին, որ մենք որոշ թույլ գործերի տեղ ենք տալիս այս ժողովածուներում»,- ասաց խմբագիրը:
Անդրադառնալով «Արձակ 2014»-ին՝ Ա. Նիկողոսյանը տեղեկացրեց, որ մրցույթի հաղթողներին կշնորհվեն «Արձակ 2014» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև՝ մեկ մեծ մրցանակ (200. 000 դրամ) և երկու հատուկ մրցանակ (100. 000-ական դրամ):
Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար նաև մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ՝ առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011 թվականին դրանք 19-ն էին, 2012-ին՝ 16-ը, 2013-ին՝ 21-ը):
«Անտարես» հրատարակչությունը առանձին գրքով կհրատարակի լավագույն պատմվածքների ժողովածուն, լույս կընծայի նաև մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:
Մասնակիցների տարիքային ներքին շեմը 18 տարեկանն է:
Մրցույթին կարող են մասնակցել 2014 թ. հունվարի 1-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները, որոնք մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինեն որևէ այլ մրցույթի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հասցրել ենք կարդալ այս վերջին տարվա հաղթած պատմվածքները: Մեծամասնությունը թույլ են ու գեղարվեստ չկա: Դրա համար էլ ընթերցողները նախապատվություն են տալիս դասական արձակին, իսկ ժյուրիին գաղտնի պահելով ավելի է ապացուցվում, որ կողմնակալ մրցույթ է և մրցանակ տրվելու է միայն նրանց, ովքեր մտերիմ են մրցատյանին, ինչպես մրցույթի բոլոր տարիներին: Դա են վկայում այդ երեք տարիներին մշտապես մասնակցած մարդիկ: Կարդացեք այս վերջին տարվա պատվածքները և միանգամից կհասկանաք մակարդակը:
Համամիտ եմ, միշտ հիասթափվել ենք, պետք է միայն կեղծանուններով լինի և ժյուրին էլ չիմանա ում գործն է, բայց դա չի կարող բարեփոխվել, մինչև չլինեն ժյուրիի ոչ-անդամների դրսի միջամտությունը: Մրցանակ տալիս են կամ իրենց մտերիմներին կամ ով իրենց լայք կտա ֆեյսբուքում: Իսկ այս վերջին տարվա մասին ուղղակի լռենք…
Ովքե՞ր են լինելու սրանց մրցույթի հաղթողները, պարզ է, որ նրանք, ովքեր գրելու են կեղտոտ սպիտակեղենի ու սեփական մոր տռուսիկի մասին: Սրանց թեման շալվարից դուրս չի եկել ու դուրս չի գա: