Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային հետաքրքիր խաղ կայացավ լրագրողներ» եւ ՀՀ ԱԺ «Պատգամավորներ» հավաքական թիմերի միջեւ:
Հանդիպումն ավարտվեց «Լրագրողների» հաղթանակով, որոնք երկու անպատասխան գնդակ անցկացրին «Պատգամավորների» դարպասը:
Բայց այստեղ կարեւորը հաղթանակը կամ հաշիվը չէր, այլ գաղափարը՝ առողջ ապրելակերպը քարոզելը եւ այն մարդկանց, անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից, ամենօրյա կյանք մտցնելը: Եթե չորրորդ իշխանության հավաքականի անդամները գերազանցապես մարզական լրագրողներն էին, որոնք տարբեր ժամանակներում զբաղվել կան հիմա էլ զբաղվում են այս կամ այն մարզաձեւով ու աշխատանքի բերումով օրվա մեծ մասը շարժման մեջ են, գովելի է, որ օրենսդիր իշխանությունում էլ քիչ չեն սպորտը գործնականորեն սիրողները:
Հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն Aravot.am-ին ասաց. «Շնորհավորում եմ լրագրողներին հաղթանակի առիթով: Հաճելի է, որ այսպիսի մարզական միջոցառում է անցկացվում: Ուրախ եմ, որ լրագրողների մեջ կան ֆուտբոլասեր եւ ֆուտբոլ լավ խաղացող անձինք: Լավ թիմ էր, մեզ հետ համեմատած՝ երիտասարդ: Երեւում է, որ ժուռնալիստիկան օգնում է լրագրողներին արագ շարժվել, ի տարբերություն պատգամավորներիս նստակյաց կյանքի: Սակայն մենք էլ աշխատում ենք ամիսը գոնե մեկ-երկու անգամ ֆուտբոլ խաղալ: Այս անգամ որոշեցինք մեծ դաշտում խաղալ եւ զգացվեց մեր տարիքային եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Պարտվեցինք 0:2 հաշվով, բայց վստահ եմ, որ մեր մարզիչը մեզ դեռ լավ կմարզի եւ հաջորդ անգամ խաղալով ավելի փոքր դաշտում ռեւանշի կհասնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի