Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի վերանշանակման դեմ կազմակերպված ստորագրահավաքին արդեն 1300-ից ավելի մարդ է մասնակցել

Հոկտեմբեր 03,2014 21:59

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը դեմ արտահայտված Կապան քաղաքում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ հոկտեմբերի 1-ից ստորագրահավաք են նախաձեռնել` պետիցիայի տեսքով: Նախաձեռնող խմբի` Կապան քաղաքացիական շարժման մասնակիցներն այդպիսով իրենց զայրույթն ու անհամաձայնությունն են հայտնել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կապակցությամբ:

Կազմակերպիչների խոսքով` իրենց նախաձեռնությանն են միացել նաեւ արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բնապահպաններ եւ տարբեր մասնագիտությունների տեր մտահոգ քաղաքացիներ ողջ հանրապետությունից:

Ստորագրահավաքն անցկացվում է էլեկտրոնային տարբերակով, որպեսզի կառավարության որոշման մասին իրենց կարծիքները հնարավորություն ունենան արտահայտելու Հայաստանում եւ արտասահմանում բնակվող հայերը:

Կապան քաղաքացիական շարժման մասնակից Էդգար Հովհաննիսյանի խոսքով` իրենց նպատակը քաղաքացիների կարծիքը տվյալ որոշման մասին լսելի դարձնելն ու իրական պատկերը պատկան մարմիններին ներկայացնելն է:

«Եթե Սյունիքի 100 հազար բնակչությունը կանգներ ու դեմ արտահայտվեր, միեւնույն է որոշում կայացնողներն իրենց որոշումը չէին փոխելու: Մենք շատ լավ գիտենք՝ հանրապետությունում որոշումներ ինչպես են կայացնում», – ասաց Էդգար Հովհաննիսյանը եւ հավելեց, որ չի կարծում, թե ստորագրահավաքի արդյունքներն ինչ-որ ձեւով կանդրադառնան արդեն իսկ կայացրած որոշման վրա:

Ստորագրահավաքի նախաձեռնողները նշում են, որ իրենք չէին հավատում, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ կնշանակեն եւ որոշումն անսպասելի էր նրանց համար:

Նախաձեռնության մասնակից «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանն էլ նշեց, որ իրենք, այսպիսով, նպատակ ունեն հասարակական հնչեղություն տալ խնդրին եւ քաղաքացիական դիրքորոշում արտահայտել:

«Պարբերաբար հնչեցվում է, որ սյունեցիները կողմ են կառավարության որոշմանը, մենք էլ նշում ենք, որ Սյունիքում կան քաղաքացիներ, որոնք դեմ են: Ես քիչ հավանական էի համարում, որ Սուրիկ Խաչատրյանին կվերանշանակեն, բայց չէի բացառում, դրա համար էլ որեւէ քայլ չէի ձեռնարկում: Հասարակ քաղաքացիների համար էական չի մարզպետի պաշտոնում ով կլինի, նրանց համար կարեւորը սոցիալական խնդիրն է, իսկ մարզպետի պաշտոնում ով էլ լինի, այդ հնարավորությունը չունի մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու: Պարզապես մարզպետի պաշտոնը բարձրաստիճան պաշտոն է եւ ամոթալի էր նրան նշանակելը, հաշվի առնելով, որ նրա անունը շոշափվում է մի շարք հանցագործությունների մեջ` ինչպես հայտարարում է Գորիսի նախկին քաղաքապետը կամ նշվում է ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներում» , -ասաց Արմեն Փարսադանյանը:

Ներկա դրությամբ` ստորագրահավաքին մասնակցել է 1300-ից ավելի քաղաքացի, որոնց մեջ կան նաեւ արտասահմանում ապրող հայեր:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031