Ըստ նրա՝ 2005-ին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն այսքան սարսափելի չէր, որքան այս զեկույցի անվանումը
«Սա ուղղակի ամուլ, անպտուղ ու ոչ պրոֆեսիոնալ պատվիրակություն հավաքելու հետևանք է»,-Aravot.am-ի հարցին` այն, որ ԵԽԽՎ-ն ադրբեջանական բանաձևերի նախագծերի հիման վրա որոշեց ԼՂ վերաբերյալ զեկույց պատրաստել, ադրբեջանական նավթադոլարների ուժի՞, թե՞ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության թերացման արդյունք է, այսպես պատասխանեց 2007-2012-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը:
Պարոն Սաֆարյանը խիստ վրդովված է այս փաստից, նա դա կապում է այն բանի հետ, որ «մեր պատվիրակության անդամները գերազանցապես զբաղված են PR-ով, քան գործ անելով»: Այնուհետև հավելեց. «Ցավոք մենք կամ ուրիշի շահն ենք սպասարկում, կամ բացարձակապես չենք հետևում, թե ինչ է կատարվում»:
Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է, որ անգամ Ադրբեջանը չէր թաքցնում, որ ինքը պատրաստվում է շրջանառության մեջ դնել բանաձևեր, որոնց նպատակն է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ: Մյուս հանգամանքն այն է, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը հաճախ է «մուննաթ» գալիս միջազգային կազմակերպությունների վրա, որ նրանք իրենց ընդունած բանաձևերը չեն կատարում և որ մոռացել են ղարաբաղյան խնդիրը, և փաստորեն իրենց նախագահությունը պիտի օգտագործեին ղարաբաղյան խնդրով որևէ բանաձև ընդունելու համար:
Կարդացեք նաև
Պարոն Սաֆարյանը նկատում է. «Ադրբեջանի և Արևմուտքի հարցերը չափազանց լարված են, և ցավալի է, որ ողջ աշխարհի աչքի առաջ ըստ էության Ադրբեջանն ինքը խախտեց հրադադարի ռեժիմը և հիմա ընդունում է մի բանաձև, զեկույց, որի անվանումը կարծես լեգիտիմացնում է Ադրբեջանի պատկանելությունը այդ հողերին և մեղմացնում նրա նկատմամբ վերաբերմունքը»:
Պարոն Սաֆարյանը կարծում է, որ մեր պատվիրակները պետք է օգոստոսյան դեպքերից հետո հրատապ հարցի կարգով քննարկեին Ադրբեջանի պահվածքը, ինչը չարեցին: Այլ հակառակը Ադրբեջանը սրանով սրբագրում է իր արարքները. «Այնքան բանաձևեր ներկայացրեց, որ ԵԽԽՎ-ն և Եվրոպան հոգնեց, ու ինչ-որ ձևով բավարարելով նրա քմահաճույքները, սիրաշահելով նրան՝այդպիսով փորձելով նրան դրդել մարդու իրավունքների վիճակը բարելավել՝ այսպիսի ժեշտ է անում»:
Իսկ Հայաստանը անտեսված է մնում, քանի որ նրա պատվիրակները, ըստ պարոն Սաֆարյանի, «զբաղված են PR-ով, այդ նպատակով ինչ-որ հայտարարություններ դնելով շրջանառության մեջ, կամ ուղղակի հարցեր բարձրացնելով նիստերի ժամանակ կամ արձանագրություններին հայտարարություններ կցելով ու դրանք տարածելով հայաստանյան ԶԼՄ-ներով»:
Ստեփան Սաֆարյանը զգուշացրեց, թե նման քայլերով «դիվանագիտությունից հասկացողի չեն խաբի»: Նա վրդովվեց. «Իլհամ Ալիևը հաթաթա է տալիս միջազգային կազմակերպություններին և տերություններին ու վտանգում նրանց շահերը, իրականացնում քաղաքականություն, որը տորպեդահարում է արևմտյան ծրագրերը, այս իրավիճակում ոչինչ չանել և թույլ տալ, որ, հակառակը, մի բան էլ իրենք այսպիսի զեկույց պատրաստեն, սա չասեմ անտաղանդություն, դիլետանտություն է»:
Մեր հարցին՝ ճի՞շտ էր ԼՂ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարելը, թե չեն համագործակցելու և դահլիճը լքելը, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Խռոված երեխայի կեցվածք ընդունելը և գալ արդարանալը ճիշտ չէ: Իրենց խռոված կեցվածքով արդարանալու համար գալու և ասելու են, թե, գիտեք, անգլիացիները նավթային շահեր ունեն Ադրբեջանում, հասարակությունից թաքցվելու է, որ այս ամենը անգործության հետևանք է: Առաջին հերթին չպիտի թույլ տրվեր, որ սա լիներ, իսկ դրա համար Ադրբեջանի վրա ճնշում պիտի լիներ և օպերատիվ գործել էր պետք»:
Պարոն Սաֆարյանը նկատում է, թե 2005-ին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն այսքան սարսափելի չէր, որքան այս զեկույցի անվանումը ու շեշտում. «Ամեն ինչ պիտի արվի զեկույցի անվանումը փոխելուց մինչև այլ համատեքստի մեջ դնելը: Այլ տարբերակ չկա, համագործակցել է պետք, թողնել, խռոված կեցվածքով գալ տանը ասուլիսներ տալը, իհարկե դրական ակնկալիքի տեղ չի թողնում»:
Ստեփան Սաֆարյանը վրդովվում էլ, թե հայ պատվիրակներն ի՞նչ էին անում ամռանը, նրանցից որևէ մեկը նամակ չգրեց ԵԽԽՎ նախագահություն, թե Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել, որը ստանձնել էր ԵԽԽՎ անդամ դառնալու ժամանակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության