«Առաջին անգամ ուս- ուսի տված՝ քաղաքական ուժերն այստեղ են: Մեր երկրում կյանքն առանց այն էլ մի բան չէր, բայց կենսակերպը հայաստանցու համար այլեւս դարձավ անտանելի: Սոցիալական, տնտեսական պրոբլեմները դարձան քաղաքական օրակարգ: Մենք տեսանք, որ այլեւս պայքարելու միջոց չկա, խորհրդարանում մեր առաջարկները չեն ընդունվում: Մենք ստիպված դուրս եկանք փողոց՝ անելու փոփոխություն: Հարցնելու եք՝ ինչ ասել է փոփոխություն, դեպի ո՞ւր, մինչեւ ե՞րբ: Ես ասելու եմ՝ մինչեւ վերջ»,- Արարատում եռյակի հանրահավաքին բնակիչներին այսպիսի խոստում տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքերով՝ մեզ ասում են, թե այս ամենի պրոբլեմը մայր օրենքն է: Ասում են նրանք, ովքեր խախտում են մայր օրենքը, ովքեր ի հեճուկս Սահմանադրության, մեզ ստիպում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, ասում են նրանք, ովքեր բերում են հարկային նոր փոփոխություններ՝ իբրեւ թե մարդկանց բեռը թեթեւացնելու, բայց տեսանք` ինչ եղավ: Այլեւս ոչ մի կերպ հնարավոր չէ:
Արարատի քաղաքապետը չէր արտոնել այսօրվա հանրահավաքը՝ ասելով, թե միջոցառում ունեն այդ հրապարակում: Տիգրան Ուրիխանյանը, դիմելով նրան, ասաց. «Այս քաղաքի քաղաքապետը, որ փորձում է համերգ տալով շղարշել պրոբլեմները՝ պարտքե՞րը փակվեցին, խնդիրնե՞րը լուծվեցին: Ուզում եմ հուշել գործող քաղաքապետին, որ նա նկատվել է: Նկատվել է նա եւ իր մանր-մունր խանգարողական գործողությունները: Բայց առջեւում ունենք հոկտեմբերի 10»:
Ըստ Տիգրան Ուրիխանյանի, իրենց հանրահավաքներից իշխանությունը վախեցած է, դրա համար է իբր պրոֆիլակտիկայի համար մարդկանց կանչում ոստիկանության բաժիններ, հանկարծակի համերգներ անում, որովհետեւ իրենց հանրահավաքներից է սկսելու փոխվել մարդկանց կյանքը. «7 օր հետո ձեզ չպիտի տուգանեն տեղի-անտեղի՝ իրենց հարստանալու համար, 7 օր հետո ձեր աշխատավարձերից չպիտի պահումներ արվեն, 7 օր հետո իրենց ընտանիքով, առանց պետության օգնության գործ, աշխատատեղ ստեղծած մարդուն չպիտի կանգնացնեն անդունդի առջեւ: Ընդամենը 7 օր հետո Սահմանադրությունը չպիտի փոխեն՝ վերարտադրության համար: Մեր խոսքը գործ է: Պայքար մինչեւ վերջ: Բարեւ Հայաստան՝ նոր Հայաստան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ