Կամուրջ դեպի այլ լեզուներ, այլ մշակույթներ և կամուրջ այլ լեզուներից, այլ մշակույթներից դեպի մեր լեզուն ու մշակույթը:
«Կամուրջ» թարգմանչական մրցույթի մեկնարկը տրված է:
Կազմակերպիչներն են «Անտարես» հոլդինգը, «Գրանիշ» գրական ակումբը, Գրքի ինստիտուտը և Հայ գրականության մշակութային հիմնադրամը:
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորում է այս մրցույթը, քանի որ այն նպատակ ունի խթանելու հայ թարգմանական գործի զարգացումը, ընդգծելու համաշխարհային գրականությունը բնագրից հայերեն թարգմանելու կարևորությունը, ինչպես նաև նոր թարգմանիչների ի հայտ բերումը. «Այսօր մեր լեզուն զարգացման խնդիր ունի, որովհետև երբեմն ոչ ճկուն դրսևորումներ է ունենում, իսկ որպեսզի լեզուն զարգանա, պիտի գիտությունդ ու արվեստդ զարգանան, որ նոր բառեր ծնվեն, մյուս կողմից էլ դա ապահովում է թարգմանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից. «Տարիքային սահմանափակում չենք դրել, որովհետև կարծում ենք, որ եթե մարդու մեջ կա թարգմանչական տաղանդ, ապա դա կա ի սկզբանե, պարզապես, առիթ է պետք այն կատարելագործելու համար: Տարածքային սահմանափակումներ ևս չենք դրել, որովհետև բավականին լավ թարգմանիչներ կան նաև Սփյուռքում, որոնց ուղղակի հնարավորություն չի ընձեռվել դրսևորելու իրենց թարգմանչական կարողությունները: Այնպես որ, փորձելու ենք օգտագործել նաև Սփյուռքի ներուժը՝ Հայաստանում լավ գրականություն թարգմանելու և ներկայացնելու համար»,- ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և հավելեց, որ առավելապես կարևորելու են մինչև այժմ «բացակայող» լեզուների (շվեդերեն, նորվեգերեն, ճապոներեն, չինարեն և այլն) թարգմանիչների հայտնաբերումը:
Կազմակերպիչների խոսքով՝ հաղթողներին կշնորհվեն «Կամուրջ» մրցանակի դափնեկրի վկայագիր, մրցույթի հովանավորների կողմից սահմանված պարգևներ, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության հետ պայմանագիր՝ տվյալ գիրքը հայերեն թարգմանելու համար: Յուրաքանչյուր լեզվից թարգմանության համար սահմանվում է երեք մրցանակ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի դեկտեմբերի 25-ն է, իսկ թարգմանությունների ներկայացման վերջնաժամկետը՝ 2015 թվականի մարտի 21-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ