Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Մենք առաջարկում ենք չկուսակցականացված ժողովրդավարության համակարգ»

Հոկտեմբեր 03,2014 21:22

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի ասուլիսն, ըստ էության ձախողվեց, քանի որ մեր լրատվամիջոցից բացի՝ այլ ԶԼՄ-ներ չէին ներկայացել հրավիրյալ մամուլի սրահ: «Ինչ հարցերի մասին պետք է խոսեիք այսօր» հարցից էլ սկսվեց մեր հարցազրույցը: «Հրավիրված էի խոսելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխության շուրջ զարգացումների մասին, մեկնաբանելու նախագահական-խորհրդարանական համակարգերի տարբերությունները և ներկայացնելու մեր` «Հայազնի» դիրքորոշումը:

-Հայտնի է, որ դուք հանրության քննարկման եք ներկայացնելու ազգային-պետական սահմանադրության այլ փաթեթային առաջարկություն, որը գործող սահմանադրության համեմատ ունի մի շարք էական տարբերություններ: Որո՞նք են դրանք:

-Նախագահական կլինի համակարգը, թե խորհրդարանական, դրանց միջև էական տարբերություն մենք չենք տեսնում: Ազգային պետության տեսակետից, դրանք հավասարապես ընդունելի չեն, որովհետեւ հատվածական-մրցակցային առիթներ ծնող համակարգեր են երկուսն էլ: Քաղաքական դաշտը նման եվրոստանդարտ սահմանադրություններով, միշտ բաժանվում է ինչ-որ հատվածների, որոնք մրցակցությամբ են որոշում հաղթողին: Ավելի թույլ երկրներում, որտեղ անկայուն է համակարգը, դա հանգեցնում է կոշտ հակամարտությունների, ինչպես մենք Հայաստանում տեսնում ենք:

-Չափազանցված չէ՞ Հայաստանում պայքարը «կոշտ» ասելը:

-Բավականին կոշտ է, եթե համեմատենք երկբևեռ ժողովրդավարությունների հետ, որտեղ իշխանությամբ չէ պայմանավորված, թե այս ինչ միլիոնատերը կկորցնի իր հարստությունը, մեկ ուրիշը շատ արագ միլիոնատեր կդառնա: Հայաստանի նման երկրներում, իշխանությունը ռեալ նյութական շահի հետ է կապված: Այդ պատճառով այն գայթակղիչ է: Միաբեւեռ քաղաքական համակարգը միշտ ավելի կոշտ պայքարների է հանգեցնում, քան երկբեւեռ համակարգը, ինչպիսին Արեւմտյան Եվրոպայում է, Միացյալ Նահանգներում: Էական չի, թե երկրի գործադիր իշխանությունը կղեկավարի ուղղակի ընտրվող նախագահը, թե խորհրդարանի կողմից նշանակվող վարչապետը: Որովհետեւ այս դեպքում էլ պարզ է, թե նախագահի ետեւում ովքեր են կանգնած, մյուս դեպքում էլ է պարզ, թե այս ինչ թիմը ում է նշանակելու: Սակայն երկու դեպքում էլ կարևորը հատվածական խմբերի պայքարն է հանուն իշխանության: Իսկ ազգային հավաքական մտագործունեությունը, համաձայնեցված ազգային որոշումների ընդունումը գրեթե բացակայում է:

-Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ եք առաջարկում:

-«Հայազնը» եվրոստանդարտ մոդելներից տարբերվող սահմանադրության նախագիծ ունի, որի մեջ չկան կուսակցություններ, խորհրդարանի յուրաքանչյուր հանձնաժողով վերածվում է առանձին պալատի, եւ ընտրվում է ուղղակիորեն: Դրանց անդամներն ընտրվում են որպես անդամներ, ոչ թե որպես կուսակցությունների ներկայացուցիչներ: Սահմանադրության մեր տարբերակում չկա նախագահ, նրա փոխարեն քաղաքական առաջնորդությունը իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից: Մրցակից թեկնածուները միաժամանակ ներկայացված են լինում այդ մարմնում, եւ միայն նրանց միջեւ համաձայնեցված որոշումները կարող են դառնալ պետական որոշումներ: Մենք առաջարկում են արհեստականորեն չկուսակցականացված ժողովրդավարության համակարգ:

-Պարուն Աղայան, որտե՞ղ են քաղաքական միավորներն ինքնադրսեւորվելու:

-Մեր տարբերակում կուսակցությունների անհրաժեշտություն չի ծագում: Դրանք չեն արգելվում: Եթե մնում են` վերածվում են սովորական ՀԿ-ների, քաղաքական քննարկումների ակումբների: Եթե պատահում են սուր հարցեր, հասարակությունը իհարկե կբաժանվի դրա կողմնակիցների եւ հակառակորդների: Սակայն դրանք կլինեն ժամանակավոր երեւույթներ: Քաղաքական կարիերան կուսակցությունների միջոցով անելու պարտադրանք չի լինի, ստիպված չեն լինի իրենց տեսակետը զիջել կուսակցականին: Ընտրողները կընտրեն կոնկրետ անձանց միջեւ, այլ ոչ թե կուսակցությունների ու վերջում կհայտնաբերեն անցանկալի անձ կա նրանց ցուցակներում:

-Ընտրությունների մոդե՞լն է փոխվում ձեր առաջարկներով:

-Այո, փոխվում է: Ներկայացուցչական քաղաքական մարմինների ընտրությունները հիմնականում կկազմակերպվեն վարկանիշային սկզբունքով, որը կապահովի թե համամասնականություն, թե անհատական պատասխանատվություն: Ընտրությունների հաճախակիության հետ մեկտեղ այն կապահովի նաեւ քաղաքացիական վերահսկողություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031