Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնը, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսօբոռոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի լիազոր ներկայացուցիչներ:
Շնորհավորական խոսքով հանդես եկած «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Բելոուսովը, դեսպան Իվան Վոլինկինը, պաշտոնատար այլ անձինք կարևորեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
Այդ համագործակցությունն արժևորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգության և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»,-իր խոսքում նշել է Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
Արարողության ընթացքում ներկայացվել են «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանմուշները` դիպուկահարների համար նախատեսված, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակներ, ատրճանակներ և այլն:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն