Այսօր Գյումրու ՀԱԿ գրասենյակում ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել` որոշակի մանրամասներ ներկայացնելու հոկտեմբերի 8-ին Գյումրիում այս երեք քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքի մասին: Aravot.am-ը, հիշեցնելով Կապանում եռյակի հանրահավաքի ժամանակ ստեղծված խոչընդոտները, մասնավորապես «իշխանությունից անչափ գոհ» որոշ երիտասարդների ներկայանալու ու հանրահավաքին վերջ դնելու պահանջները, հետաքրքրվեց, թե նման սցենարներ կանխատեսո՞ւմ են Գյումրիում:
ԲՀԿ ներկայացուցիչ Աղասի Աբրահամյանն ասաց. «Պրովոկացիաներ անպայման կլինեն, մենք պիտի շատ զգոն լինենք , միշտ եղել են, միշտ լինելու են: Հակազդելու միջոցներից մեկն էլ պրովոկացիան է , շանտաժն է, մենք պիտի զգոն լինենք: Առաջին տարին չէ, որ հանրահավաք ենք անում, մարդաշատ միջոցառումներ շատ ենք արել, միշտ էլ փորձել են խանգարել: Չնայած լիահույս ենք, որ մեր շարքերում չկան էդ մարդիկ, ովքեր առիթ տան այլոց գործեր հարուցել, բերման ենթարկել, էս անել, էն անել, բայց պիտի զգոն լինենք: Ամեն տեղ արել են, էս էլ կանեն: Մենք մեր շարքերին պիտի զգոնության, հավասարակշռվածության, չափավորվածության, խոհեմության կոչեր անենք, որպեսզի էն, ինչ ծրագրվում է, էն, ինչ ամբողջ երկրում է ծրագրվում, մեր մոտ հանկարծ դրսևորումներ չունենան»:
«Ժառանգության» Գյումրու գրասենյակի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանի պարզաբանմամբ էլ Սյունիքի սցենարները Գյումրիում հնացած են, դրանք 15 տարի առաջ են այստեղ կիրառվել` արդյունք չտալով: « Այն , ինչ տեղի ունեցավ Սյունիքում, իմ համոզմամբ, Գյումրիում չի լինի, գուցե նաև փորձեն ուրիշ բաներ հրահրել, հնարավոր է, թեև հուսով ենք, որ չի լինի: Նախագահական ընտրությունների ժամանակ մենք միտինգներ շատ արեցինք էստեղ, և նման դեպքեր, Փառք Աստծո, համարյա թե չեղավ: Հուսով եմ, որ էլի չի լինի, գյումրեցիների գիտակցությունը շատ ավելի բարձր է էդ առումով, քաղաքային մշակույթը շատ ավելի բարձր է և իմ կարծիքով մենք նման էքսցեզների երևի չհանդիպենք»:
Գյումրու ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ հավելեց, որ Սերժ Սարգսյանը իր հաշվարկների մեջ շատ սխալվեց, թեև նա «Լիսկային» նորից Սյունիք ուղարկեց` հարցեր լուծելու, հանրահավաքներ ցրելու համար, սակայն պարզվեց վերջինս այլևս անզոր է: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, նույնիսկ «Լիսկայի Սաքուլիկները» չկարողացան նրան օգնել: «Մենք հակազդելու ուժը ունենք, մենք կարող ենք, 7 տարի է` պայքարում ենք այս իշխանության դեմ: Սրանց սցենարներին մենք շատ լավ ծանոթ ենք, գիտենք, թե ինչ կարող են նրանք անել, և մենք ունենք մեր հակազդելու միջոցները: Գյումրիում ես վստահ եմ, որ որևիցե մի խոչընդոտ տեղի չի ունենալու , Գյումրիում կլինի մարդաշատ հանրահավաք, և Գյումրիից է սկսվելու թավշյա հեղափոխությունը », -ասաց Վահագն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում.
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ