ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը արարատցիների աչքերում անկեղծ սպասում էր տեսել: Նա Արարատում եռյակի հանրահավաքում ասաց. «Ի՞նչ է, մենք դատապարտվա՞ծ ենք, որ 32 տոկոս աղքատություն ունենք Հայաստանում, ինչի՞ պետք է ունենանք 1 մլն աղքատ մարդիկ, Ադրբեջանում՝ 6 տոկոս: Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ չանեն: «Նաիրիտում» ոչ մեկը ներդրում չի անում, զարմացած են: Որովհետեւ վախենում են այս երկրում ներդրում անել»:
Միքայել Մելքումյանը խոսեց Շրջանառության հարկի մասին. «Մենք առաջարկեցինք ժամանակավոր հանել: Մեր կառավարությանը շատ կոշտ հարցադրում արել ենք՝ տալի՞ս եք երաշխիք, որ մանր բիզնեսները եւս մի 5000 չեն փակվելու, ասում են՝ չէ: Արդյունքը շատ քիչ է, որեւէ արդյունք չկա, դրա համար մենք տրամադրված ենք շատ դրական»:
Նա հարց ուղղեց արարատցիներին՝ դուք ուզո՞ւմ եք փոփոխություններ անել, հավատո՞ւմ եք այս ուժերին, որ այսօր կանգնած են այստեղ: Բնակիչները բղավեցին՝ այո՜»:
Միքայել Մելքումյանն էլ ասաց՝ ես զգում եմ հիմա ձեր էներգետիկան. «Ես հստակ ասում եմ՝ ստեղծված իրավիճակի մեղավորը կառավարությունն է: Պետք է ապահովի տնտեսական աճ այս կառավարությունը: Չկա ներդրումներ, չկան աշխատատեղեր, չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկա վստահություն այս կառավարության նկատմամբ: Ես վարչապետին ասել եմ՝ որպեսզի դուք ունենաք հաջողություն, գոնե ներքին հարցերի շուրջ նախագահի հետ միասին պետք է 50-50 որոշումներ ընդունեք: ԲՀԿ-ն ինչի՞ դուրս եկավ կոալիցիայից, որովհետեւ ունենալով նախարարներ՝ քաղաքական որոշումների վրա ազդեցություն չուներ»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ իրենք կշտկեն այս իրավիճակը եւ խնդրեց հոկտեմբերի 10-ին գալ Երեւան՝ հանրահավաքի:
Ներկաները գոռում էին՝ «Ծա-ռուկ-յան, Ծա-ռուկ-յա՛ն», երբ լսում էին, որ միասնական գնալու են մինչեւ վերջ, խոսքը գործ են դարձնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ