Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա դպրոցում վաղվա քաղաքացին է ծնվում». ուսուցչուհի

Հոկտեմբեր 03,2014 17:35

Ուսուցչի տոնին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանն այսօր պարգևներ հանձնեց հանրապետության լավագույն մանկավարժներին:

«Ուզում եմ ի դեմս ձեզ տեսնել ու հպարտանալ ուսուցչական այն մեծաթիվ բանակով, որն աշխատում է մեր հանրակրթական, հատուկ և բազմաթիվ այլ ուսումնական հաստատություններում: Ծանր է ուսուցչի աշխատանքը: Ձեզնից շատերն իրենց գործն սկսել են անկախության տարիներից առաջ և այսօր ազգային դպրոցի կառուցման ճանապարհին բախվում են նոր մարտահրավերների, նոր խնդիրների, որոնք շատ տարբեր են՝ սոցիալական, հոգեբանական, ֆինանսական, բովանդակային և այլն: Բայց, երևի թե, մեր ազգային բանակից հետո երկրորդ ամենանվիրյալ, անխոնջ ծառայողը ուսուցիչների բանակն է: Եվ կապ չունի, որ այդ բանակի զինվորները հիմնականում կանայք են: Ես կարծում եմ, որ մեր սերունդն ապահով ձեռքերում է և լավ կրթություն ու դաստիարակություն է ստանում ձեր շնորհիվ»,- շնորհավորելով ուսուցիչներին՝ ասաց ԿԳ նախարարը:

ՀՀ ԿԳՆ հուշամեդալի արժանացան Երևանի թիվ մեկ հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը, Երևանի թիվ երկու հատուկ դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի պատմության ուսուցչուհի Անյա Սահակյանը, վետերան մանկավարժ Գառնիկ Ասմարյանը:

Մի շարք մանկավարժներ էլ արժանացան ՀՀ ԿԳՆ պատվոգրերի, շնորհակալագրերի և այլ մրցանակների:

Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի պատմության ուսուցչուհի Անյա Սահակյանն ասում է, որ մոտ քառասուն տարի աշխատել է դպրոցում, բայց առաջին անգամ է նման պարգևի արժանանում. «Շատ շնորհակալ եմ, շոյված: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ուսուցչի համար չափազանց կարևոր է գնահատված լինելը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սահակյանը:

«Այսօր միայն հերոսներն են դպրոց մտնում, նրանք, որոնք անմնացորդ նվիրված են հանրությանը. չէ՞ որ այսօրվա դպրոցում վաղվա քաղաքացին է ծնվում, և ճիշտ դաստիարակությունն ու կրթությունը հետագա ճիշտ քայլերի հիմքն են»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատ հպարտ է մանկավարժ լինելու և երկար տարիներ երեխաների կրթության ու դաստիարակության գործով զբաղվելու համար. «Եթե նորից ծնվեի, դարձյալ ուսուցիչ կդառնայի, միայն թե այս անգամ դասվար կլինեի, այլ ոչ թե պատմության ուսուցչուհի»,- ասաց տիկին Սահակյանը:

Ինչ վերաբերում է պարգևներին, մեր զրուցակիցը գտնում է, որ դրանք պարտավորեցնող են ու շատ հաճելի, որովհետև աշխատանքիդ գնահատականն են. «Բայց ես չեմ կարծում, որ կա այնպիսի մանկավարժ, որն աշխատում է պարգևի համար: Մանկավարժը, որը դպրոց է մտել ոչ թե ակամայից, այլ սիրով, մեծագույն նվիրումով, նրա մտածելակերպում չի կարող տեղ տրվել պարգևին»,- ասաց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031