Այսօր, լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում անհայտ անձինք հսկայական բարդի ծառ են տապալել: Ըստ աղբյուրի, լրագրողին մի քանի հոգի վստահեցրել են`«Ծառի սպանդի հեղինակը պատգամավոր է, սակայն հրաժարվում էին անունը տալ»:
Aravot.am-ն այս առնչությամբ պարզաբանում ստացավ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանից, որը վստահեցրեց, թե որեւէ պատգամավոր ծառը հատելու հետ որեւէ առնչություն չունի, իսկ ծառի հատման աշխատանքն իրականացրել է թաղապետարանը:
Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ` իրենք հետեւում են, որպեսզի փչացած ծառերը ժամանակին հատվեն` վատ հետեւանքներից խուսափելու համար:
«Այդ բարդու արմատները փտած էին, առաջին հայացքից թվում էր, թե առողջ ծառ է, կանաչ տերեւներ ունի, բայց դրա արմատներն ամբողջովին փտած էին, ծառն արդեն ծեր էր: Բարդիները 20-25 տարվա կյանք ունեն, այդ բարդին էլ հին էր. օր օրի ծռվում էր, վաղը, որ ընկներ մի մեքենայի վրա, պատասխանատուն նույն թաղապետարանն էր լինելու: Մենք ամեն ծառի համար պայքարում ենք, բայց, երբ տեսնում ենք վտանգ է ներկայացնում, հատում ենք: «Դավիթաշենի կանաչապատում» ձեռնարկության մասնագետներն են ուսումնասիրել, ու հաստատել, որ այդ ծառի արմատները փտած են, եւ եթե ուժեղ քամի լիներ, ծառն ընկնելու էր: Նման դեպքեր եղել են»,-ասաց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը:
Կարդացեք նաև
Այս վարչական շրջանում, ինչպես վստահեցրեց Ռուսլան Բաղդասարյանը, ծառերի հատումը շարունակվելու է, բայց փտած եւ վտանգավոր ծառերի. հին ու ծեր ծառերը փոխարինվելու են նորերով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ