1931 թվականին Ֆլորենցիայում էկոլոգների կողմից ստորագրված համաձայնագրի հիման վրա հոկտեմբերի 4-ը հայտարարվել է կենդանիների համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կենդանական աշխարհին սպառնացող խնդիրների վրա: Այս կապակցությամբ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա «Հայտնիները՝ հանուն կենդանիների» ցուցահանդեսը, որը կուղեկցվի համերգային ծրագրով:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագծի աջակից Մամիկոն Խուրշուդյանը, միջոցառման նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, որոնք այսօր անհետացման եզրին են գտնվում: «Այսօր մեր երկրի կենդանական աշխարհը վտանգված է և աննշան թերացման հետևանքով իսպառ կվերանա անգամ եղածը, ուստի նման միջոցառումների և տարաբնույթ ակցիաների անցկացումը պետք է պարբերաբար բնույթ կրի»,-ասաց Խուրշուդյանը:
«Փրկենք կենդանիներին» բարեգործական հ/կ-ի նախագահ Նունե Մեհրաբյանն էլ կարևորելով նման միջոցառումների անցկացումը, այսօր խնդրի միակ լուծումը տեսնում է Ազգային ժողովի կողմից կենդանիների պաշտպանության օրենքի ընդունման մեջ: «Եթե գոնե նրանց պաշտպանության մասին օրենք լիներ, ապա դժվար թե կենդանիների մասսայական ոչնչացման վտանգ առաջանար: Տարիներ շարունակ մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել կառավարությանը, որը այդպես էլ մինչ օրս անպատասխան է մնացել, սակայն հույս ունենք, որ գոնե այս տարի կառավարությունն անհրաժեշտ ուշադրություն կդարձնի մեր կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագծին»,-հույս հայտնեց Մեհրաբյանը:
Հ/կ-ի նախագահն անդրադարձավ նաև գայլերի ոչնչացնելու մասին կառավարության որոշմանը: Նրա համոզմամբ՝ կենդանիների զանգվածային ոչնչացումը բերում է միայն գլխաքանակի կրկնակի ավելացման և տեսակի ագրեսիվացման:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ