Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի բախտ. Շեվչենկոյից մինչեւ Միկոյան

Հոկտեմբեր 03,2014 16:39

Այդպես բախտն է թակում դուռը…

Լյուդվիգ վան Բեթհովեն

1976 թվական, ամառ: Ես և իմ ռուս ընկերը, հայկական կինոստուդիայի կինոօպերատոր, գտնվում ենք Կիևում: Ապրում ենք «Ուկրաինա» հյուրանոցում, կենտրոնական Կրեշչատիկ (ուկրաիներեն՝ Խրեշչատիկ) փողոցի վրա՝ շագանակենիներ, գեղեցիկ ուկրաինուհիներ, հյուրանոցի բուֆետում՝ չեխական գարեջուր, բաներ, որ շատ դեֆիցիտ էին Հայաստանում: Բայց ամեն լավ բան, ինչպես հայտնի է, ունենում է իր վերջը: Մեր փողը, մի տեսակ շատ անսպասելիորեն, վերջացավ: Հյուրանոցի համար, բարեբախտաբար, դեռ սկզբից էինք վճարել: Իհարկե, հույսեր կային՝ արդեն վաղուց հեռատեսորեն դիմել էինք կինոստուդիա և մեր ծնողներին, բայց դրանք միայն հույսեր էին:

Եվ ահա, ես ու ընկերս քայլում ենք Տարաս Շևչենկոյի անվան բուլվարով և անցնում մի հիանալի եկեղեցու մոտով: Դա, պարզվում է, որ սուրբ Վլադիմիրի տաճարն է, իրենց կաթողիկե եկեղեցին, միտրոպոլիտի աթոռանիստը, կոչված Կիևյան Ռուսիան քրիստոնեության դարձի բերած իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի անունով: Մտանք, պարզվեց, որ կիրակի էր, ինչ-որ տոն, և միտրոպոլիտն ինքն էլ պատարագ էր մատուցում: Մի ծեր մարդ էր, կողքից էլ մի ուրիշ բարձրաստիճան ծեր հոգևորական երգում էր, իսկ երգչախմբում փայլում էր մի հզորագույն բաս, որով նրանց եկեղեցական երաժշտությունը շատ տարբերվում էր մերից: Ուրիշ էր, իհարկե, նաև եկեղեցու ճոխ, ամենուր ոսկեպատ ներքին հարդարանքը:

Բայց դրանք ձևական տարբերություններ էին: Կար իրոք գաղափարականը՝ բազում մարդիկ՝ պառավներ, ծերուկներ, միջին տարիքի մարդիկ, ոմանք՝ կրծքին Հայրենական պատերազմի մեդալներով ու շքանշաններով (դե Ուկրաինան քսան տարի առաջ ավարտված մեծ պատերազմի կիզակետում է եղել), ապա՝ երիտասարդներ, այդ թվում՝ գեղեցիկ աղջիկներ, ակնհայտորեն՝ կոմերիտուհիներ, բակից սկսվող հսկայական հերթով, շատերը ծնկաչոք, առաջադիմում էին ներս, համբուրելու մի ինչ-որ սրբապատկեր, խաչ թե ավետարան: Դե նրանց հավատն ահավոր է, էլի: Ինչպես հավատում էին Լենինին, Ստալինին, մարքսիսզմ-լենինիզմի հաղթական ապագային, ինչպես Սովետական բանակի սպայական կազմի մի էական մասը մոլեռանդ կոմունիստ ուկրաինացիներ էին, այդպես էլ ժամանակին հավատացել են իրենց աստծուն ու սրբերին, և ոմանք նույնիսկ Սովետի օրոք կարողացել էին պահպանել իրենց հին հավատը նույն խելահեղ հզոր ուժով:
Մեզ մոտ անցյալ ճոխությունից մնացել էր, երևի, մի քանի կոպեկ: Երկու մոմ գնեցինք, վառեցինք՝ բան է, մեկ էլ տեսար, օգնեց: Եվ հաջորդ օրը… Օ՜, տեր աստված, փող ստացանք փոստով՝ չորս հարյուր ռուբլի: «Սպասեք, դեռ կգա ժամանակ, կլինի ժամանակ, կիմանաք դուք, թե ինչ է ուղղափառ ռուսական հավատը»: (Նիկոլայ Գոգոլ): Ուրեմն, եկավ ժամանակը և սեփական աչքերով տեսանք, թե ինչ է այդ հավատը: Կինոստուդիան և ընկերոջս հայրը, երկուսն էլ, խոսքները կարծես մեկ արած, հենց նույն օրն արդարացրել էին իրենց վրա դրված հույսերը:

Դե ռուսի աստվածն ուրիշ է, էլի: Երկու մոմ ես վառում, ակնթարթորեն չորս հարյուր ռուբլի ես ստանում: Իսկ մեր եկեղեցիներում փորձե՞լ եք: Դրա համար էլ, նայում ես ռուսների երկրին՝ օվկիանոսից-օվկիանոս (և ոչ ծովից-ծով, ինչպես մեր երազանքը), մայրցամաքից-մայրցամաք, տեսնում ես, էլի, թե աստված ոնց է վերաբերվում նրանց: Բայց մի խնդիր էլ կա: Վլադիմիր անունն էլ, որով կոչել էին տաճարը հենց նշանակում «Աշխարհակալ» և այդ իշխանն ինքը բազում հաջողակ պատերազմներ է մղել հարևանների դեմ: Ընդհանրապես, իրենց հողերը ռուսները նվաճել են իրենց պակաս բախտավոր և պակաս հաջողակ հարևաններից: Ուկրաինացիներին այն ժամանակ և՛ մենք և՛ իրենք իրենց համարյա որպես ռուս էին ընկալում (հնում ուկրաինացիներին ասում էին մալոռուս՝ «փոքր ռուս», ի տարբերություն սովորական ռուսի կամ վելիկոռուսի՝ «մեծ ռուսի», իսկ ավելի առաջ՝ ուղղակի ռուս, ինչպես մյուս ռուսներին), և նրանց մի ստվար զանգվածը դեռ մինչև հիմա ռուսախոս է: Ընդ որում, ուկրաիներենը շատ ավելի քիչ է տարբերվում ռուսերենից, քան մեր ծայրամասային բարբառները (Ղարաբաղ, Համշեն, Քեսաբ) կենտրոնականներից: Ռուս ընկերս էլ, ի միջի այլոց, ծագումով ուկրաինացի էր:

Եվ ուկրաինացիներն էլ մի հսկայական երկիր ունեին, բայց, ի հակադրություն ռուսների, երկրի նշանակալի մասը իրենք չէին ստեղծել կամ նվաճել: Երկրի համարյա ողջ հարավը Ռուսաստանն էր գրավել թուրքերից և հարևաններից, արևելքը՝ Լենինն էր նվիրել Ուկրաինայի սովետական հանրապետությունը՝ Ռադյանսկա Ուկրաինային, Ղրիմը՝ Խրուշչովը: Ուրեմն, կա ռուսի բախտ, կա նաև ուկրաինացու բախտ, այնպես, ինչպես կա հայի բախտ:
* **
Բայց անցավ այդ դարաշրջանը, պարզվեց, որ ուկրաինացիները հեչ էլ ռուս չեն, և մի բան էլ ավելին… Անցյալ տարի էր, 2013-ին: Մի օր, Երևանի օղակաձև զբոսայգում, տեսնեմ մի նորաբաց արձան, շուրջը ծաղիկներ, երկնագույն-դեղին ժապավեններ: Մի հզորաբեղ ծերուկի կերպար էր, որը մի գիրք երկու ձեռքով ամուր սեղմած կրծքին խոժոռ ներքև էր նայում: Բացվել էր ուկրաինացի բանաստեղծ, ազգային գրականության հիմնադիր Տարաս Շևչենկոյի արձանը: Մի բանաստեղծ, որի հայրենասիրական «Կտակի» բառերը մեր հին սերնդից շատերն անցել են դպրոցում, հատկապես ռուսերեն թարգմանությամբ:
Երբ մեռնեմ, թաղեցեք
Ինձ գերեզմանում,
Լայնարձակ ստեպում
Ուկրաինայի սիրելի…

Ահա թե ինչու է նա, երևի, այդպես մռայլ ու խոժոռ նայում գետնին (կարծես այնտեղ իր սիրելի ստեպ-տափաստանն է, որտեղ պիտի թաղվի): Մի քիչ անհասկանալի է, թե ինչո՞ւ է 46 տարեկանում մեռած մարդը պատկերվել որպես ծերուկ («Կտակն» էլ գրել է երեսունմեկ տարեկանում): Թեև, իր մահվանից հետո արդեն մեկ ու կես դար է անցել, և քանդակագործը գուցե դա էլ է հաշվի առել:

Ինչևէ: Ես հիշեցի մեր՝ Վլադիմիրի եկեղեցում վառած մոմերն ու հայի բախտը, ու մտքովս մի վատ բան անցավ: Սրանից լավ բան դուրս չի գա: Մի տեսակ արկածախնդրություն է, որը լավ բանի չի հանգեցնի: Հայաստանում բացելով ուկրաինական պոետի հուշարձանը, Հայաստան ենք բերում նրա ուկրաինական սրտի մի կտոր: Ե՛վ հուշարձանը, և՛ ամեն մի այցելություն հուշարձանին, այնտեղ դրված ամեն մի ծաղիկ, հայկական հոգու մի կտոր են փոխանցում բանաստեղծի սրտին այնքան հարազատ ուկրաինական լայնարձակ տափաստան, որտեղ թաղված է նա: Հայի հոգին և հայի բախտն անբաժան ուղեկիցներ են: Դրանով հայի բախտի մի կտոր է անցնում Ուկրաինա: Մեր գործը հեշտ է: Մենք, որ հազարամյակներով այս հողի վրա ենք, ձեռք ենք բերել հզոր իմունիտետ և դիմանում ենք, իսկ ուկրաինացիները… Կդիմանա՞ն հայի բախտի ներխուժմանը: Երբ հայի բախտն է թակում դուռը…

Եվ ահա, շուտով սկսվեցին ուկրաինական դեպքերը: Սկզբից միտինգներ, հետո՝ ընդհարումներ, հետո՝ պատերազմ, հրետանի, զոհեր, կործանված մարդատար օդանավ, ապա՝ գյուղեր ու քաղաքներ և այլն, և այլն…

Հարց է առաջանում՝ բա Վլադիմիրյան տաճա՞րը: Չէ՞ որ նա կանգուն է իր տեղում: Գնացեք մի-երկու մոմ վառեք, և թշնամիները կնահանջեն, ինչպես վայրի բարբարոսների հորդաները հզոր աշխարհակալների զորքի առաջ: Բայց ոչ: Ինչպե՞ս կարող է Վլադիմիրյան տաճարը պայքարել Պուտինի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ: Վլադիմիրյան աշխարհակալ ուժերի հարաբերակցությունն այս դեպքում 1 : 2 է: Հեյ գիդի Սայաթ Նովա՝
Մի նոքարն երկու աղին ի՞նչ անե,
Մի բաղմանչին եկու բաղին ի՞նչ անե…
Եվ մի Վլադիմիրը երկու Վլադիմիրին ի՞նչ անե…
Ահա թերևս միակ մի դեպք, որտեղ Վլադիմիրյան տաճարն անզոր է:
***
Սիրելի ուկրաինացիներ, եկեք անկեղծ խոսենք: Երկու օտարական ձեզ մոտ երկու մոմ ենք վառում՝ արդյունքում՝ հաջորդ օրը ստանում չորս հարյուր ռուբլի: Դուք, մեզ մոտ ձեր բանաստեղծի արձանն եք տեղադրում՝ արդյունքում՝ հաջորդ տարի պատերազմ, կամ մեծամասշտաբ ընդհարում, այն էլ, թեև ձեզանից համարյա չտարբերվող, բայց ձեզանից շատ հզոր պետություն ունեցող ժողովրդի դեմ: Չէ՞ որ ուկրաինացի գրող Գոգոլն է իր վերևում բերված մեջբերման հաջորդ տողերում ասել՝

Արդեն հիմա են զգում հեռավոր ու մոտիկ ժողովուրդները. բարձրանում է ռուսական հողից իրենց արքան, և չի լինի աշխարհում ուժ, որը չենթարկվի նրան…

Իսկ հիմա դուք ինքներդ եք հրաժարվել ռուս լինելուց և դուրս եկել ռուսների «արքայի» դեմ:
Հետևություն. Շևչենկոյի արձանը, գոնե կրիտիկական մի ժամանակ, ձեզ մոտ դրեք, էլի, կամ գոնե մի քիչ ավելի բախտավոր երկրում, ասենք՝ Վրաստանում:

Աշխարհի ժողովուրդներ, զգույշ եղեք: Մի բացեք հուշարձաններ մեր նորանկախ Հայաստանում, Երևանում, դա կարող է հայի բախտի մի կտոր փոխանցել ձեզ (Սովետի ժամանակ դրվածներն իրենց գործը կարծես չեն անում, որովհետև այն ժամանակ մենք մեկ այլ պետության մեջ էինք): Մենք, դե սովոր ենք, իսկ դուք կարող է և չդիմանաք: Խնդրում եմ նաև այս հարցի շուրջը մտածել Հայաստանի՝ օտարերկրյա դեսպանատներին, մեր արձանադիր գործիչներին և քաղաքային իշխանություններին:

Հիմա էլ ուզում են Միկոյանի նոր արձան բացել Երևանում: Մի գործչի, որը թեև հայ էր, բայց ծառայել է Սովետական Միությանը, որի իրավահաջորդն է Ռուսաստանը, որի ռազմավարական դաշնակիցն է Հայաստանը, որի ներկայիս դրությունը, ցավոք, մի բան չէ: Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ռազմավարական գործընկերոջ թուլացումը ծանր կանդրադառնա մեր վրա: Զգոն եղեք, հայեր, ռուսներ… Զգոն եղեք, մարդիկ:

Արմեն Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031