«Քաղաքն արդեն վեցերորդ անգամ մեծ ոգեւորությամբ պատրաստվում է տոնին»,- այսօր` հոկտեմբերի 3-ին, «Նոյյան տապան» մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքի տոնը սկսել են տոնել 2009 թվականից, իսկ այս տարի հոկտեմբերի 6-8-ը քաղաքը տոնելու է իր 2699-ամյակը: Քաղաքապետը նշեց, որ պատահական չէ ընտրված հոկտեմբերի 8-ը, այդ օրը մեռոնօրհնեք է կատարվել, բացի դա, հին տոմարի փոփոխությամբ Կոմիտասի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ը, տեղափոխվել է նոր տոմարով հոկտեմբերի 8-ին. «Հոկտեմբերի 8-ը պատահական չի ընտրվել, 8-ը նաեւ որպես թիվ հավերժություն է նշանակում, եւ բուն տոնակատարությունները մենք հաշվում ենք 405 թվականից, որը հայոց փրկությունն է. Մեսրոպ Մաշտոցը տառերը բերեց Էջմիածին, եւ նրան դիմավորեց Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Ամենակարեւորը` երեք օր տոնակատարություն կատարվեց»:
Պարոն Գրիգորյանը նշեց, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներ են կազմակերպվելու Էջմիածին քաղաքի ծայրամասերում, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն միջոցառումներ կլինեն քաղաքի կենտրոնական հատվածում: Կլինի շքերթ, համերգ, տոնական հրավառություն: Քաղաքի տոնի համար բյուջեից տրամադրվել է մոտ 7 միլիոն դրամ. «Ամենակարեւոր անակնկալն այն է, որ քաղաքն իր տոնին պետք է ունենա մի վերանորոգված այգի, շինություններ: Այդ ավանդույթը արդեն 6-րդ տարի է մենք պահպանում ենք: Այդ անակնկալներից մեկը կլինի Կոմիտասի անվան մշակույթի պալատի դահլիճի կապիտալ վերանորոգումը, որտեղ կարող ենք բաց սրտով ցանկացած հյուրի դիմավորել մեր այդ վեհաշուք դահլիճում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ