ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։ Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների ետեւում։
Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին Վ. Սարգսյանի անվան հրապարակում քաղաքապետը հետին թվով նշանակել է մանկական համերգ եւ այդ հիմքով մերժել Եռյակի հանրահավաքի իրազեկման հայտը։ Քաղաքապետի կայացրած ապօրինի որոշման դեմ բողոքել է անգամ քաղաքի ավագանին՝ օրենքով սահմանված կարգով պահանջելով ավագանու արտահերթ նիստ՝ ապօրինի որոշումն անվավեր ճանաչելու օրակարգով։ Քաղաքապետը անտեսել է նաեւ ավագանու անդամների մեծամասնության դիմումը եւ ուժի մեջ է թողել իր որոշումը։
Եռյակը, գործելով միայն օրենքների շրջանակներում, ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ ապօրինություն, սակայն նույն բանը չի կարող անել, երբ դիմացը երեխաներ են։
Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ հանրահավաքը տեղի կունենա նույն օրը, նույն ժամին (հոկտեմբերի 3-ին, ժամը 17-ին) Արարատ քաղաքի մեկ այլ՝ Շահումյանի անվան հրապարակում։ Համոզված ենք, որ դա ոչ միայն չի ազդի հանրահավաքի մարդաշատության վրա, այլեւ, ի պատասխան իշխանության անբարո քայլերի, կկրկնապատկի մասնակիցների քանակը։
Կարդացեք նաև
Բարգավաճ Հայաստան
Ժառանգություն
Հայ Ազգային Կոնգրես
3 հոկտեմբեր, 2014թ.