Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոմանց հաջողվել է ձեզ ապակողմնորոշել այն աստիճան, որ այլեւս հետ չեք կանգնի…». ճառ ուղղված ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 03,2014 14:20

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանական ճառը ուղղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մեր պաշտպանյալների գործողություններին իրավական գնահատական տալուց ուզում եմ հավատալ, որ պաշտոնյաներին հաջողվել է ապատեղեկացնել նույնիսկ մեր երկրի նախագահին, եւ մեր երկրի նախագահի կողմից Շանթ Հարությունյանի եւ իր գործընկերների գործողություններին տված գնահատականները դրա արդյունք են: Մեծարգո նախագահ, եթե ոմանց հաջողվել է ձեզ ապակողմնորոշել այն աստիճան, որ այլեւս հետ չեք կանգնի մեր պաշտպանյալների գործողություններին տված գնահատականից եւ այն չեք փոխի, այդ դեպքում, ինչ էլ ասենք, անիմաստ է լինելու: Հայաստանում դժվար է գտնել մի պաշտոնյայի, դատավորի, որը կհամարձակվի ձեր կամքին հակառակ գնալ: Եթե դուք ցանկանում եք, որ դատարանն իրականացնի արդարադատություն, չմնա իշխանությունից կախյալ, նրա պատվերն անվերապահորեն իրականացնող, հավաստիացնում եմ, որ ոչ մի Սահմանադրության կամ օրենսդրական փոփոխություն չի կարող դատական համակարգը դարձնել անկախ եւ անկողմնակալ, եթե չդադարեն վերեւից դատավորի վրա ճնշումները, իսկ դրանց հասնելու համար հարկավոր է առաջին հերթին երկրի առաջին դեմքի ցանկությունը»,- ասաց պարոն Զաքարյանը:

Նրա խոսքով, ՀՀ նախագահը պետք է փոխի իրենց պաշտպանյալների գործողությունների վերաբերյալ իր գնահատականները, որ հնարավորություն տա դատարանին արդարադատություն իրականացնել. «Եթե, իհարկե, այս գործը չեք համարում քաղաքական»:

Փաստաբանը Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց նաեւ, թե այս գործում ինչ իրավական նորմեր են խախտվել. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների անցկացման իրավունք: Խաղաղ հավաքը պետք է սահմանափակվի օրենքով…»:

Ըստ փաստաբանի, եթե դատարանին հնարավորություն տրվի առաջնորդվել օրենքով, ապա դատարանը չի կարող հաստատված համարել, որ երթին մասնակցել է 100-150 մարդ, ինչպես պնդում էին ոստիկանները: Նրա խոսքով, ապացույցների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոստիկանությունը ոչ բարձրախոսով ոչ էլ այլ կերպ չի զգուշացրել ցուցարարներին քայլել մայթերով, փողոց դուրս չգալ: Դատարանը պետք է պատասխան տա նաեւ այն հարցին, թե արդյոք ոստիկանները դիմել են ցուցարարներին, որ մայթ դուրս չգան ու եթե այո՝ ինչ ձեւով:

Պարոն Զաքարյանը, մեջբերելով ոստիկան չհանդիսացող անձանց ցուցմունքները, հիշեցրեց, որ ոչ մի ոստիկան չի դիմել փողոց դուրս չգալու պահանջով, ավելին դա ապացուցվել է տեսանյութերով: Նա նաեւ ասաց, որ ոստիկանները երբեւէ չեն դիմել ցուցարարներին դադարեցնել երթը.

«Մեր պաշտպանյալների երթը դադարեցվել է եվրոպական կոնվենցիաների խախտումներով»:

Փաստաբանը նշեց նաեւ, որ «Մարտի 1-ի» դեպքերով դատապարտված անձանցից որեւէ մեկին խուլիգանության հոդված չի առաջադրվել, որեւէ մեկը մեղավոր չի ճանաչվել խուլիգանություն կատարելու համար. «Նման պարագայում մեր պաշտպանյալներին խուլիգանություն կատարելու համար դատապարտել, կստացվի այնպիսի աննախադեպ իրավիճակ, որ նույն գործողություններին դատական համակարգը տալիս է իրարից տարբերվող իրավական գնահատական»:

Նա նաեւ հավելեց, որ եթե գործողություններում չկա խուլիգանական մղում, այն չի կարող համարվել խուլիգանություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Բռնապետին նախագահ եք ասում,գայլին`գառ, վամպիրին`հումանիստ, ֆաշիստին`արդարադատության սպասավոր, դրա համար մի սերժո ձեզ աշխարհում դարձրեց թափառական ցեղախումբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031