Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոտնակի լույսը

Հոկտեմբեր 03,2014 14:08

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Գալոյանը իր ավտոտնակում լույս էր ուզում ունենալ: Բնական պահանջ է, որ ամեն մի ավտոտնակի տեր արդեն վաղուց այդ առավելությունն ունի: Քանի տարի է ավտոտնակը կար, բայց ներսում էլեկտրականություն չկար: Մի կերպ յոլա էր գնում, քանի որ հին ավտոմեքենան վաղուց վաճառել էր, բայց հիմա նորն է գնել, իսկ այս շքեղ մեքենան ավտոտնակում առանց լույսի անհարմար է պահել, նույնիսկ մոտակա ավտոկայանում էր կանգնեցնում, որ հանկարծ մութ ժամանակ ներս մտնելիս մեքենան ավտոտնակի պատերին չխփի, չփչացնի: Հիմա, իհարկե, ավտոմեքենան հիմնականում վարում է թոռնիկը, թե չէ ինքը մի կերպ յոլա կգնար:

Մյուս կողմից էլ` համաձայն ընդունված սովորությունների այսպիսի մեքենային այլևս այդպիսի ավտոտնակը չէր սազում, ուստի մտքերն հավաքեց, թոռնիկի հետ ուղևորվեց Էլեկտրական ցանցերի փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) իրենց մոտակա տեղամաս` իր սեփականաշնորհված ավտոտնակում էլեկտրական հոսանք անցկացնելու խնդրով:

Երկար սպասելուց հետո Եկվորյանին ընդունեց տեղամասի պետը, ապա կարճ զրույցից հետո ուղարկեց գործավարի մոտ, նա էլ ներկայացավ և շարադրեց իր գալու նպատակը:

-Դիմում կգրես, հետն էլ կներկայացնես` ավտոտնակի սեփականաշնորհման վկայականի պատճեն, բնօրինակն էլ անպայման, որ համեմատենք, ձեր անձնագրի պատճեն, մեքենայի անձնագիրը, դրանց բնօրինակները` նույնպես, որ համեմատենք, տեղեկանքներ աշխատավայրից, համատիրությունից, այս ձևերն էլ կլրացնես, հա, չմոռանաս, զինգրքույկդ էլ բերես,-ասաց գործավարը` յոթանասունհինգամյա տղամարդուն պարզելով մի քանի տպագրված թերթիկներ:
Գալոյանն ուշադիր լսեց, իրեն պարզած թերթիկներն էլ վերցրեց, բայց դուրս գալուց առաջ նույնիսկ հարցրեց.
-Ուրի՞շ…
-Հլա սրանք բեր, հետո կասենք, եթե անհրաժեշտ լինի,-ասաց աշխատակցուհին:
Գալոյանը երկու շաբաթում հավաքեց, պատրաստեց բոլոր պահանջված փաստաթղթերը և նորից ներկայացավ էլեկտրատեղամասի աշխատակցուհուն: Վերջինս նայեց, հաշվեց բոլոր առկա փաստաթղթերը և հանգիստ ասաց.
-Մի փաստաթուղթ պակասում է:
-Էլ, ի՞նչը,-ակամայից ձայնը բարձրացրեց Գալոյանը:
– Հարևանների համաձայնությունը` հաստատված համատիրության նախագահի կողմից, քանի որ էլեկտրալարերը նրանց ավտոտնակների վրայով ենք անցկացնելու:
Գալոյանը նեղսրտեց, սակայն չշարունակեց, զգալով դրա անօգուտ լինելը` արդեն ծանոթ լինելով տեղամասի աշխատակցուհու աշխատաոճին ու դուրս եկավ, գումարած նրան, որ անցյալ օրն էլ իր հարևանից պատահաբար իմացել էր, որ առանց համապատասխան վերաբերմունք ցույց տալու իրեն դժվար ու երկար ճանապարհ է սպասում այս գործում:
Բայց հիմա իր սեփական ավտոտնակում էլեկտրականություն անցկացնելու խնդիրն է լուծվում, հո չի կանգնելու ու հակաճառելու, միևնույն ժամանակ էլ` մտքում որոշել էր առանց որևէ միջամտության կամ կաշառատվության հասնելու իր բաղձալի նպատակին, որ հարևանին ապացուցի, թե մեր երկրում արդարություն գոյություն ունի:
Դե, հարևաններն էլ տեղամասի կողմից պահանջված համաձայնագիրը մի շաբաթ ուշացրեցին` զանազան պատճառներ բերելով, ասելով, որ հիմնական ավտոտնակի տերը, որի տարածքով պետք է անցնի էլեկտրալարը, գործուղման մեջ է և երկու շաբաթից նոր վերադառնալու է:

Երկու շաբաթ հետո այս համաձայնագիրն ու նրա պատճենները ձեռքին (բա, որ պատճեններն էլ ուզեն, հո նորից չի գնալու դրանց հետևից) Գալոյանը նորից ներկայացավ տեղամաս:

-Այ մարդ, մի բան միշտ պակաս ես բերում,-նորից սրտնեղեց աշխատակցուհին,երբ Գալոյանը ներկայացրեց համաձայնագիրը:
-Հիմա ի՞նչը,-գրեթե զայրացավ Գալոյանը:
-Բնակարանի սեփականաշնորհման փաստաթղթի պատճեն,-հանգիստ արտաբերեց աշխատակցուհին:

Գալոյանը հավատաց, որ դա էլ է պետք, փափկեց և գնաց այդ փաստաթուղթն էլ տանը դրած տեղում որոնելու: Մի երկու օր անց, հիշյալ փաստաթուղթն էլ ձեռքին` Գալոյանը կրկին ներկայացավ էլեկտրատեղամաս: Հին ծանոթի նման սիրալիր ընդունեցին, սակայն…
-Տնաշեն,-նեղացավ աշխատակցուհին,- չես նկատել, որ փաստաթղթի պատճենի վրայի կլոր կնիքը լավ չի երևում:

Գալոյանը շատ ափսոսաց, որ այդքան անշրջահայաց է գտնվել, աշխատակցուհուն ցույց տվեց բնօրինակը, որտեղ կլոր կնիքը շատ լավ էր երևում, բայց աշխատակցուհին անդրդվելի մնաց իր կայացրած վճռում:

Գալոյանը ստիպված վերցրեց փաստաթուղթը և գնաց մի ավելի կարգին տեղ, որտեղ փաստաթղթի պատճենները ավելի որակով են անում:

Երբ հաջորդ անգամ Գալոյանը ներկայացավ տեղամաս` մեզ ծանոթ աշխատակցուհին սեղանին փռեց նրա ներկայացրած բոլոր փաստաթղթերը, հաշվեց դրանք և սառնասրտորեն ասաց.
-Երկու շաբաթից հետո կգաք, պետք է դնենք պետի մոտ քննարկման, որոշում կայացնենք:
-Իսկ ինչու՞ երկու շաբաթից,-զարմացավ Գալոյանը…
-Ասացի պիտի դնենք քննարկման, հետո որոշում կայացնենք,-կրկնեց աշխատակցուհին:
Գալոյանին ոչինչ չէր մնում անելու, քան տուն վերադառնալու և սպասելու: Երկու շաբաթ հետո նա ներկայացավ էլեկտրատեղամաս` իմանալու որոշման արդյունքների մասին:
-Որոշումը դրական է, կգնաս բանկ, կմուծես 65 000 դրամ, չեկը (պիտի ասեր անդորագիրը) կբերես, գործին ընթացք կտանք,-սառնասրտորեն պատասխանեց աշխատակցուհին:
-Լավ,-քթի տակ քրթմնջաց Գալոյանը, ցտեսություն ասաց և դուրս եկավ տեղամասից, ապա շտապեց բանկ` հարկավոր մուծումը օր առաջ իրականացնելու:
-Բանկի անդորագիրը գրպանում, երեք օր հետո, քանի որ արանքում շաբաթ-կիրակի օրերն էին, Գալոյանը կրկին, արդեն մոռացել էր, թե որերորդ անգամ ներկայացավ էլեկտրատեղամաս, մուծման անդորագիրը հանձնելու:
Վերցնելով անդորագիրը, աշխատակցուհին շուռումուռ տվեց այն, տեսավ, որ բնագիրն է, հաղթականորեն նետեց.
-Մոնտյորին (պիտի ասեր էլեկտրիկ) կհանձնարարենք շչոտչիկ (պիտի ասեր հաշվիչ) և վիկլյուչատել (պիտի ասեր անջատիչ) կդնի պադստանցիայում (պիտի ասեր ենթակայանում), հաղորդալարը կքաշի մինչև ավտոտնակ, հետո կգաք, ակտը կստորագրեք, որ լույսը միացնենք:

-Որ իմ փոխարեն թոռնիկս գա ստորագրի չի լինի՞, արդեն հոգնել եմ աշխատանքից այսքան բացակայելուց, ես էլ պաշտոնավարող մարդ եմ, մի քառասուն մետր լարի, հաշվիչի ու անջատիչի համար արդեն երեք ամիս է գնում-գալիս եմ,-կարծես բողոքեց Գալոյանը:
-Դուք լավ եք պրծել,-խայթեց աշխատակցուհին,-ուրիշները հինգ-վեց ամիս են գնում գալիս, պատահում է հլա որ բացասական պատասխան էլ են ստանում,հա մոռացա ասել, որ պիտի ստոլբա (պիտի ասեր էլեկտրասյուն) տնկեք ձեր գարաժի (պիտի ասեր ավտոտնակի) մոտ, որ լարը քաշելուց ուրիշների գարաժներին չխանգարի:
Ավտոտնակի լույս չեղավ, տժվժիկի պատմությունը եղավ:
Գալոյանը գլուխը քորելով տուն վերադարձավ, անիծեց այն օրը, որ որոշում կայացրեց ավտոտնակում էլեկտրական հոսանք անցկացնելու մասին, բայց քանի որ կարծես գործընթացի վերջը երևում էր` այդ պահանջն էլ կատարեց: Թոռնիկի հետ էլեկտրասյուն ճարեցին, փոս փորեցին, ցեմենտ-ավազով էլեկտրասյունը կանգնեցրեցին ավտոտնակի կողքին: Երբ այս գործողությունն էլ ավարտվեց, Գալոյանը զանգահարեց էլեկտրատեղամաս, էլեկտրիկը եկավ` հաղորդալարը քաշեց ավտոտնակի ներսը, ամրացրեց ու գնաց:

-Իսկ հոսանքը ե՞րբ եք միացնելու,-հարցրեց Գալոյանը էլեկտրիկ աշխատակցին, երբ այս գործողությունն էլ ավարտվեց:
-Կզանգեն, ձեզ կասեն,-ասաց էլեկտրիկը:

Գալոյանը թոռնիկի հետ նախօրոք գնած անջատիչը ամրացրեց ավտոտնակի պատին, որ հետո լամպը միացնելու համար կարողանա էլեկտրալարեր անցկացնի:
Նա մի քանի օր էլ սպասեց, որ էլեկտրատեղամասից զանգահարեն, տեղյակ պահեն միացնելու մասին: Բայց զանգը ուշանում էր և ստիպված ինքը զանգահարեց տեղամասի պետին:

-Ձեր հոսանքը միացված է վաղուց,-ասաց պետը:
-Իսկ ինչու՞ ինձ չեն նախազգուշացրել,- հարցրեց Գալոյանը զարմացած:
-Երևի մոռացել են,-հանգիստ պատասխանեց պետը և ցտեսություն ասաց:
Գալոյանը զայրացած տեղը դրեց հեռախոսի ընկալուչը, որոշակի անպատեհ խոսքեր շշնջաց ինչ-որ մեկի հասցեին և շտապեց ավտոտնակ` ճշտելու իրողությունը:
Հիմա Գալոյանը գոհ է, որ արդեն ավտոտնակում էլեկտրական հոսանք կա, բայց արդեն մտածում է, թե որտե՞ղ ամրացնի էլեկտրական լամպը, հեռակառավարելի անի` տանից անջատի-միացնի, թե հասարակ ձևով այն միացնի-անջատի ավտոտնակ մտնել-դուրս գալուց կամ մեքենան ներս ու դուրս անելուց հետո: Նույնիսկ մտածում է երկու հատ էլ վարդակներ (շտեպսել) տեղադրի անհրաժեշտ տեղերում, անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Ու այս մտածմունքների մեջ Գալոյանը հանկարծ իրեն բռնեց այն մտքի վրա, որ այդ չարաբաստիկ գործը արդեն երեք ու կես ամիս ժամանակ է խլել իրենից, ուրախացավ, որ վերջապես ավարտվեց այս բյուրոկրատական քաշքշուկը, որը իրեն թե հոգեկան և թե ֆիզիկական հարվածներ հասցրեց, բայց դե ցանկալի արդյունքի հասավ:
Հաջորդ օրը նա աշխատանքի ներկայացավ, ինչպես միշտ, ճիշտ ժամանակին, նստեց աշխատանքային աթոռին, իր մոտ կանչեց համապատասխան աշխատակցին և տվեց համապատասխան առաջադրանքը: Նա այնպես թեթև էր զգում իրեն, կարծես թե մի ամբողջ ծանրություն էր իջեցրել իր ուսերից:

Մեր օրերում հաճախ են բամբասում, թե Հայաստանի հիմնարկներում բյուրոկրատական քաշքշուկ կա, կոռուպցիան խեղդում է, փլան-փստան, բա եղա՞վ: Իսկ որ բազմաթիվ Գալոյաններ են բաղձալի արդյունքի հասնում, ոչ-ոք այդ մասին չի բարձրաձայնում: Վկան` մեր պատումի մասնակիցը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031