«Հայազն» կուսակցությունը մտադիր է համազգային քննարկման ներկայացնել ազգային պետական Սահմանադրության իր առաջարկությունները: Aravot.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ իրենց առաջարկած սկզբունքներում տեղ է տրվելու մարդու ազատությանը եւ պատասխանատվությանը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ սահմանվելու են ընտանեկան, համայնքային, ազգային եւ մարդկային բարոյական պարտականությունները, որոնց կատարմանն աջակցելու է պետությունը: Ըստ Ա. Աղայանի՝ ազգային-պետական որոշումների կայացման համակարգը լինելու է ապակուսակցական:
«Եթե հանկարծ Դաշնակցությունը լիներ իշխանություն, Դաշնակցությունը իր ներքին պատճառներով սփյուռքյան կուսակցություն է, պատմական բրենդ է, ներքին ժողովրդավարությամբ, դրա համար Դաշնակցության ղեկավարները հրապարակային ակտիվ դեմքեր չեն, նրանք ղեկավար են դառնում կուսակցական ժողովի մեջ:Մարդը, ով կարող է գեղեցիկ խոսել կուսակցական ժողովի պատերի ներսում, միտինգի տեղում կամ հրապարակային ելույթում կարող է մի քիչ վատ որակ ունենալ: Դրա համար Դաշնակցությանը իր միջից կուռք սարքելը ձեռնտու չի, որովհետեւ բոլորը եկել են Դաշնակցություն բրենդի վրա, այլ ոչ թե, ասենք, Գագիկ Ծառուկյանի փողերի վրա կամ Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրության վրա: Եկել են կուսակցություն բրենդի վրա, որտեղ բոլորը քիչ թե շատ հավասար պետք է լինեն:
Եթե նման ուժը հանկարծ մի օր իշխանություն ունենար, նա կգրեր խորհրդարանական սահմանադրություն: Դրա համար ես շատ զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, թե ինչու է Դաշնակցությունը ընդդիմության ձեւաչափից դուրս եկել, որովհետեւ Դաշնակցությունը 90 թվականից, ինչ որ ես գիտեմ, իր բոլոր ժողովներում արձանագրել է, որ ինքը խորհրդարանական համակարգի կողմնակից է, որովհետեւ դա բխում է իր մրցակցական առավելություններից: Նմանապես, ասենք՝ Ծառուկյան, Քոչարյան, Տեր-Պետրոսյան, սրանց պատկերացումը իշխանության մասին դա նախագահի աթոռն է, եւ իրենք կարող են հենց նախագահի աթոռին հավակնել, ինչ վարչապետ, ինչ բան»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Աղայանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք առաջիկայում:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ