Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է ցանկանում շարժվել առաջ». ՀՀ-ում ԳԴՀ դեսպան

Հոկտեմբեր 03,2014 13:40

Այսօր Մամուլի ազգային ակումբը Գերմանիայի Ազգային տոնի առթիվ և «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց ՀՀ-ում ԳԴՀ  արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար՝ նշելով, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում իսկապես մեծ կարևորություն ունի: Մորելին պատմական անդրադարձ կատարեց՝ ներկայացնելով այն բոլոր կարևոր կետերը, որոնք այս օրը գերմանացի ժողովրդի համար դարձնում են տոնական և առանձնահատուկ՝ շեշտելով 1990 թվականին գերմանական արևմտյան և արևելյան կողմերի վերամիավորումը:

Մորելին անդրադարձավ Հայաստանի ներկայիս վիճակին՝ խոսելով Եվրամիություն-Մաքսային միություն հարցին. «Ես գիտեմ, որ անցյալ տարի սեպտեմբերին ձեր նախագահը ցանկություն հայտնեց միանալ ՄՄ-ին, որից հետո ձևավորվեցին աշխատանքային խմբեր, որոնք մշակեցին համապատասխան տեքստեր՝ միությանը միանալու և հետագա զարգացումները մշակելու համար: Բայց փաստացի հայտնի չէ, թե երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Ավելի վաղ խոսվում էր տարբեր ժամկետների մասին, բայց անդամակցումը դեռևս տեղի չի ունեցել: Ես նույնպես ձեր նման տարբեր ժամկետներ եմ լսում անդամակցելու համար, բայց պետք է սպասել ու տեսնել՝ երբ կանդամակցենք:

Թեև Հայաստանը Վիլնյուսում չստորագրեց փաստաթուղթը, բայց և «ոչ» չասաց Եվրամիության հետ հարաբերություններին և ցանկություն հայտնեց Եվրոպայի ու ԵՄ-ի հետ կապի մեջ մնալ: Վիլնյուսում այն ժամանակ ՀՀ-ի և Եվրամիության միջև ստորագրվեց երկկողմ փաստաթուղթ, որտեղ արձանագրվեցին այն բոլոր մշակված կետերն ու ձեռքբերումները, որոնք մինչ այդ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնեցրել էր: Դա հենց կշարունակի լինել հետագա հարաբերությունների այն հիմքը, որը գոյություն ունի Հայաստանի և Եվրամիության միջև: Եվրամիությունն այն ժամանակ ասաց, որ Հայաստանը կոնկրետացնի ՄՄ-ին անդամակցելու որոշումն ու դրանից հետո նա արդեն կճշտի հարաբերությունները Հայաստանի հետ, կմշակի նոր պայմանագրային հարաբերություններ:

Այսինքն, ԵՄ-ն սպասում է, որ Հայաստանը պարզաբանի՝ ինչպես է ուզում շարժվել առաջ, և դրանից հետո նոր կարելի է խոսել շփվելու ձևաչափի մասին: Եվրամիությունը նաև հասկացավ, որ արևելյան գործընկերներից ամեն մեկի հետ պետք է յուրովի համագործակցել: Մինսկում հոկտեմբերի 10-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, երբ Հայաստանը ամենայն հավանականությամբ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը, արդեն պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա համագործակցությունը, և նոյեմբերին արդեն Բրյուսելում կկայանա կարևոր հանդիպում՝ Հայաստան-ԵՄ մակարդակով»:

Դեսպանը նաև նշեց, որ կարևորում է շփումն ու երկխոսությունները, իսկ ձևի առումով ինչ կբխի՝ այդքան էլ կարևոր չէ:
Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031