«Եռյակի մարզային հանդիպումները ևս մեկ քայլ է, որ մենք գնում ենք երկխոսության ժողովրդի հետ` ճշտելու, թե ինչ խնդիրներ կան, ստանալ ժողովրդի աջակցությունը: Այդ կարծիքը պետք է համապարփակ ձևավորվի, որ դա հանրային հասարակական պահանջն է և ոչ թե ինչ-որ ուժի կամ անհատի»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`հանրահավաքներում ԲՀԿ-ն իշխանափոխություն պահանջ տեսնո՞ւմ է:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ամփոփելով մարզային հանրահավաքներն ասաց, որ ժողովուրդը իշխանափոխության պահանջ է դնում:
Ճշտող հարցին` ԲՀԿ-ն լսե՞լ է մարզային հանրահավաքների ժամանակ իշխանափոխության պահանջ, Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ պահանջը տարբեր հանրահավաքներում հնչում է: Լրագրողները երկար ժամանակ տարբեր ձեւակերպումներով հարցադրումներ անելով փորձում էին հասկանալ`ի վերջո ԲՀԿ-ն ժողովրդի մոտ իշխանափոխության պահանջ տեսնո՞ւմ է եւ ինչպե՞ս է արձագանքելու դրան, եթե այն կա, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում նման պահանջ դրվելո՞ւ է, բայց այդպես էլ հստակ պատասխաններ չստացան:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը գործընկերոջը լրացնելով միայն ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են` չկա որևէ քաղաքական հարց կամ օրակարգ, որը ԲՀԿ-ի համար կլինի տաբու և եթե այս հանդիպումների ժամանակ ձևավորվի նման հստակ պահանջ, ապա կուսակցությունը առաջնորդվելու է այդ պահանջով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ