Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է Ղարաբաղի մասին զեկույցի պատրաստման հարցում համագործակցությունից:
Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ Բյուրոն սեպտեմբերի 2-ին` Փարիզում կայացրած որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկեց ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստի համապատասխան զեկույց։ Այն վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը պատվիրակներին կոչ էր արել քվեարկելուց «շատ զգույշ լինել ԼՂ հակամարտության հետ կապված հարցում» ու հորդորել. «Իրավիճակն այնքան փխրուն է, որ ցանկացած քայլ կարող է լարվածություն առաջացնել սահմանին։Մենք հավատացած ենք, որ այս վեհաժողովը պետք է քայլեր ձեռնարկի հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև վստահության հաստատման համար, քան նոր պատերազմներ կառուցի։ ԵԽԽՎ-ն պետք է իր առաջնային նպատակը կատարի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»:
Սակայն հայկական պատվիրակության պահանջը` զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով։ Հենց այստեղից էլ բխեց հայկական պատվիրակության չհամագործակցելու քաղաքականությունը և երբ քաղաքական հանձնաժողովը քննարկում էր Ղարաբաղի մասին զեկույցի զեկուցողի նշանակման հարցն ու զեկույցի վերնագիրը, հայ պատվիրակները լքեցին դահլիճը:
Կարդացեք նաև
Այս քայլին հաջորդեց ԵԽԽՎ անգլիացի պատվիրակ Մայք Հանքոկի հայտարարությունը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին: Նա ամբիոնից հիշեցրեց, որ հայ պատվիրակները քաղաքական հանձնաժողովի քննարկման ժամանակ հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցել զեկուցողի հետ: Նա մասնավորապես հայտարարեց. «Այս իրավիճակում համառելը չի բխում ոչ ոքի շահերից»: Այնուհետև պատվիրակը բարձրացրեց այն հարցը, թե եթե հայ պատվիրակները նման կերպ շարունակեն վարվել, ապա արժե, որ Բյուրոն քննարկի նրանց մանդատների հարցը: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը ընդունեց առաջարկը և խոստացավ այն փոխանցել Բյուրոյին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ