Գյուղատնտեսության նախարարությունն այս օրերին արգելել է պրիմատների` կապիկների ներկրումը մեր երկիր, քանի որ այդ կենդանիների միջոցով հնարավոր է աֆրիկյան երկրներում տարածված Էբոլա վարակը ներթափանցի Հայաստան: Ճիշտ է մեր տարածաշրջանում չկա Էբոլա, բայց, ըստ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի, ոչ մի երկիր այսօր ապահովագրված չէ այս վիրուսից. «Հարուցիչը արտոնագիր չի պահանջում մեր երկիր գալու համար, առավել եւս, եթե անհատը գտնվի գաղտնի շրջանում, նույնիսկ, այն միջոցառումները կազմակերպված են պետական սահմանին, օգուտ չտան»: Տիկին Թորոսյանի վստահեցմամբ, վարակը չի տարածվում օդակաթիլային ճանապարհով: Հիվանդությունը տարածվում է այն ժամանակ, երբ փսխման զանգվածի, արյունոտ զանգվածի, ներարկումների ժամանակ, չպահպանելով հիգիենայի պահանջները, վարակը տարածվում է:
Aravot.am-ի հարցին, թե որքանով են պաշտպանված մեր սահմանները եւ ո՞ր երկրների ուղեւորներն են ռիսկի խմբում, Լիանա Թորոսյանն ասաց, որ, այն երկրները որտեղ Էբոլան տարածված է, ուղիղ թռիչք չունեն Հայաստանի հետ եւ եթե այդ երկրներից անգամ ուղեւոր է լինում, տարանցիկ ճանապարհով է գալիս, ուստի նա մեկ անգամ բուժհսկողության է ենթարկվում տվյալ երկրում, ապա` Հայաստանում:
Էբոլայից զգուշանալու համար Էկոնոմիկայի նախարարությունը տուրօպերատորների հետ հանդիպում է կազմակերպել` զգուշացնելով էբոլա վիրուսի մասին:
Նախարարության մասնագետն ասաց, որ այս վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին` Աֆրիկայում Էբոլա գետի ափին, այդ պատճառով էլ կրում է Էբոլա անունը: Վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, եւ վարակվածների 50 տոկոսը մահացել է. «Էբոլան համարվում է աշխարհի ամենավտանգավոր վիրուսը: Աֆրիկայում այս վիրուսի բնական պահոցը եղել են չղջիկները, հետո անցել է պրիմատներին, ապա այծյամներին, մացառախոզերին»:
Կարդացեք նաև
Լիանա Թորոսյանի խոսքերով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, սուր գրիպով շնչառական հիվանդությունների աճ չի նկատվել, սակայն նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունն աճել է, քանի որ եղանակը ցրտել է, սակայն մարդիկ թեթեւ են հագնվում:
Դպրոցներում եւ մանկապարտեզներում այս օրերին կանխարգելիչ միջոցառումներ են լինելու: Մասնագետը կոչ է անում հիվանդանալու դեպքում չհաճախել դպրոց, երեխաներին հիվանդ վիճակում մանկապարտեզ չտանել, աշխատանքի չգնալ եւ ինքնաբուժմամբ չզբաղվել, խմել շատ հեղուկներ, վիտամիներով հարուստ սնունդ օգտագործել. «Ինտերնետային կայքերից կարող են խեղաթյուրված տեղեկատվություն ստանալ, այդ իսկ պատճառով տաս անգամ կայք այցելելու փոխարեն, ավելի ճիշտ է մեկ անգամ այցելել տեղամասային բժշկին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ