Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Հոկտեմբեր 03,2014 13:16

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնիններորդ

ՓՈՓՈԽԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Եվ ես Խորենին ասացի՝ «դու միշտ էլ ինձ դուխ ես տվել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ ժամանակներն անցան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի մեկն ըլնի՝ ինձ դուխ տա», եւ ես հարցրի՝ «քեզ ո՞վ պիտի դուխ տա», եւ Հավատացյալը չափազանց մեղմ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ով որ միշտ տվել ա» եւ չափազանց մեղմ ժպտալով ավելացրեց՝ «Բարձրյալը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո հավատքն էնքան մեծ ա, որ քեզ չի թողի խեղճանաս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ճիշտ ես անում, որ դուխ ես տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «դու էլ ես հասկանում, որ կարիքավոր եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ իմաստով ես կարիքավոր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «առաջին հերթին՝ հենց հավատքի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առողջականիս իմաստով էլ եմ կարիքավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «նյութականի իմաստով էլ», եւ ես հարցրի՝ «էլ էն սրբապատկերներից չես սարքո՞ւմ», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ահագին աշխատատար պրոցես ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «առողջականս չի ներում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած, նախքան հիվանդանալս էդ գործն արդեն թարգել էի», եւ ես հարցրի՝ «ինչի՞ էիր թարգել», եւ Հավատացյալ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ մատերիալի ծախսը չէի հանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս խեղճ ժողովուրդը լրիվ անվճարունակ ա դարձել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուրիշ գործ էի ուզում սկսեմ, բայց էս հիվանդությունս վրա տվեց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գործ էիր ուզում սկսես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն կարեւոր չի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա ո՞նց ես յոլա գնում», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «հիվանդությանս թոշակով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քուրս ու փեսես էլ են ահագին օգնում», եւ ես ասացի՝ «մի ժամանակ դու էիր իրանց օգնում», եւ Հավատացյալ Խորենը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «կյանքը փոփոխական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «խոսքը էս երկրային կյանքի մասին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս երկրային կյանքում որ ուրիշներին օգնում ես, քեզ լիարժեք ու ամբողջական մարդ ես զգում», եւ ես մի քիչ մտածեցի ու Հավատացյալին ասացի՝ «դու միշտ էլ ուրիշներին օգնել ես», եւ Հավատացյալ Խորենը թախծոտ ժպտալով ասաց՝ «հիմի ուրիշներն են ինձ օգնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի «որովհետեւ վախտին դու էլ իրանց ես օգնել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «որ դու ես ուրիշներին օգնում, էդ ավելի հաճելի ա, քան թե՝ որ ուրիշներն են քեզ օգնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կյանքում ամեն ինչ փոխադարձ ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «խոսքը երկրային կյանքի մասին ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էս երկրային կյանքում ամեն ինչ փոփոխական ա ու ժամանակավոր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ամեն ինչ փոփոխական ա, բայց դու միշտ դժգոհ ես», եւ Հավատացյալ Խորենը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ինչի՞ց եմ դժգոհ», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ թե ինչից, այլ՝ ումից», եւ Խորենն ավելի զարմացած հարցրեց՝ «ումի՞ց եմ դժգոհ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքդ քեզանից», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «հիվանդ մարդը ո՞նց կարա իրանից գոհ ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «որ չես աշխատում ու մարդկանց որեւէ օգուտ չես տալիս, ո՞նց կարաս քեզնից գոհ ըլնես», եւ ես ժպտալով ասացի՝ «էն վախտ որ աշխատում էիր, էլի քեզնից դժգոհ էիր», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «աշխատող ու առողջ մարդն ինչի՞ պիտի իրանից դժգոհ ըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր, որ իկոնաներ նմանակելն անազնիվ գործ ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ասում էիր, որ դրանք վաճառելն էլ ա անազնիվ գործ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ըտենց բան ե՞մ ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հավատացյալ Խորենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «մարդ արարծն աշխատանքը կորցնելուց հետո ա աշխատանքի կարեւորությունը հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ արարածն առողջությունը կորցնելուց հետո ա առողջության կարեւորությունը հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էսքանից հետո էլ եմ իմ Աստծուց գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված բոլորին հավասար աչքով ա նայում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ հավատացյալներին», եւ ես ժպտալով Խորենին հարցրի՝ «քեզնից ավելի հավատացյալ կա՞», եւ Խորենը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով պատասխանեց եւ ասաց՝ «լիքը», եւ ես ժպտալով հարցրի՝ «Վարդգեսն ա՞», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Վարդգես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «պարկետչիկը», եւ Հավատացյալը ժպտալով ինձ ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդամենը մի անգամ ենք իրա մասին խոսել, բայց լավ էլ հիշում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ դու իրա մասին բացարձակ հիացմունքով էիր խոսում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «Աստված թող Վարդգեսի հոգին լույսերի մեջ պահի», եւ ես անակնկալի գալով հարցրի՝ «մահացել ա՞», եւ Հավատացյալը թախծոտ ասաց՝ «անցած ամառ» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ավելացրեց՝ «ոչ թե մահացել ա, այլ՝ լույս ա դառել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի շաբաթից տարին լրանում ա», եւ ես հարցրի՝ «քանի՞ տարեկան էր», եւ Հավատացյալն ասաց՝ «շատ ջահել էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վաթսունը չլրացրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երջանիկ մահով գնաց. քնել ու չէր զարթնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա դեպքում էդ մահ բառը չի էլ սազում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոնց որ կենդանի ժամանակ էր լուսավոր ժպիտը դեմքից անպակաս, էդպես էլ մահացած ժամանակ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի երանելի երազի պահին էր հոգին ավանդել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա էդ վերջնական ժպիտի մեջ վստահություն կար, որ գնում ա Տիրոջ մոտ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համոզված եմ, որ Վարդգեսն արդեն դրախտում ա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031