Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադառնալով եռյակի մարզային հանրահավաքներին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ իշխանությունները նյարդային են արձագանքում դրանց եւ փորձում են խանգարել. դա նկատելի էր թե Հրազդանում, թե Սիսիանում, որտեղ հասարակական տրանսպորտը չէր աշխատում և այլն:
«Շատ հստակ է, որ ժողովուրդը մեզանից ռեալ պահանջում է իշխանափոխություն»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքում երկու հարց է հիմնականում քննարկվելու` քառյակի 12 կետերը և Սահմանադրական բարեփոխումները:
Առաջիկայում իրենք կքննարկեն ու կձևավորեն միասնական օրակարգը: Ճշտող հարցին` քաղաքական պահանջ ներկայացվելո՞ւ է արձագանքեց. «Անշուշտ»:
Ռուբեն Հակոբյանը ամեն կերպ խուսափում էր հստակ պատասխան տալ` եռյակ-քառյակը իշխանափոխության պահանջ առաջ քաշելո՞ւ է, թե՞ ոչ: Նշեց, որ ժողովուրդը դա է պահանջում, բայց իրենք դեռ պետք է քննարկեն երեք ուժերով ու ձևակերպեն վերջնական որոշումը. «Մենք անպայման հաշվի ենք առնելու ժողովրդի պահանջարկները»,- միայն հավաստիացրեց նա:
Կարդացեք նաև
Ի դեպ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» առաջնորդների մասնակցության հարցը նույնպես հստակ չէ: Այս հարցը ևս դեռ քննարկման փուլում է: Թեեւ Արարատի քաղաքապետը մերժել է Արարատում այսօր կայանալիք եռյակի հանրահավաքի անցկացումը, բայց Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանրահավաքը կկայանա:
Հարցին`ի՞նչ ապագա է սպասվում Սերժ Սարգսյանին, իշխանափոխությունից հետո`եռյակում քննարկե՞լ եք: «Ոչ, չենք քննարկել»,- պատասխանեց Ռուբեն Հակոբյանը:
Այլ մանրամասները `տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ