Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է, այլ փիլիսոփայական. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2014 11:55

Սյունիքի մարզպետարանի կայքում սեւով սպիտակի վրա գրված է. «,2014 թ. ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք եւ ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան»։

Բայց արի ու տես, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական այդպիսի խորհուրդ ուղղակի  գոյություն չունի։ Կան միայն առանձին՝ պատմության եւ փիլիսոփայության խորհուրդներ։ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը նշելով այս մասին, հավելեց. «Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չի պաշտպանել։ Եթե այդպիսի բան է գրվել նրա կենսագրության մեջ, հնարավոր է՝ արտերկրում է դա ստացել»։

Եվ ուրեմն, հարցը մնում է բաց, թե ո՞ր մասնագիտական խորհուրդն է ծանոթացել Սյունիքի մարզպետի դոկտորական աշխատանքին, նրան գիտնական համարել, շնորհել գիտությունների դոկտորի աստիճան։ Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը, այս հարցերին ի պատասխան, նախ տեղեկացրեց, որ պարզաբանման տեքստ է պատրաստում, որտեղ տեղ են գտնելու մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները եւ որն ընդամենը 5-10 րոպեից կհրապարակվի մարզպետարանի պաշտոնական կայքէջում։ Մեկ ժամ անց, սակայն, խոստացված տեքստը չկար, եւ Լուսինե Մարությանն ասաց, որ նյութը պատրաստելու համար սպասում են նախարարությունից ուղարկվելիք տվյալներին, որոնք պետք է դուրս բերվեն Սուրիկ Խաչատրյանի անձնական գործերից։ Խոսքը ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասին էր։

Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն այդ ընթացքում նաեւ նկատեց, որ Սուրիկ Խաչատրյանի կենսագրական տվյալներում պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի մասին նշումը իր սխալի հետեւանքն է, որովհետեւ երբ այդ մասին գրելիս մարզպետին հարցրել է՝ պատմակա՞ն գիտությունների դոկտոր, նա պատասխանել է՝ փիլիսոփայական, բայց ինքը, փաստորեն, կարծելով, որ մարզպետը ոչ թե ուղղում է իրեն, այլ շարունակում՝ նրա կենսագրության մեջ գրել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031