«Կառավարությունը, իշխանությունն ընդհանրապես, ցույց տվեց, որ իրենք իսկապես օրակարգում չունեն այնպիսի հարց, որն այսօր կատարվող գործընթացներին համարժեք է: Երկու արտահերթ նիստեր մերժվեցին, որոնք կենսական անհրաժեշտություն էին ժողովրդի համար: Իշխանությունն ասում է, սիրելի ժողովուրդ, մենք ձեզ համար շատ լավ բաներ ենք անում, բայց դուք դա չեք հասկանում, նույնը կուտակայինի ժամանակ էր, երբ հասարակության ութսուն տոկոսը դեմ էր, բայց իրենք ասում էին`այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենց համար լավ բան ենք անում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով անցած քառօրյան, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա, իշխանությունը չի հասկանում, որ ինքը չի հասկանում հասարակությանն ու նրա պահանջները. «Իր անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանն այսօր ամենաանապահով վիճակն է ապրում»:
Նա անդրադարձավ նաեւ հանրային հեռուստաընկերության հաշվետվության քննարկումներն ու ասաց, որ երեկ պարզ դարձավ, որ հանրայինն իշխանությանն է ծառայում. «Իր երկարաշունչ ռեպորտաժում գովեստներ, շռայլություններ հանրայինի հասցեին, քննադատության մասին ոչ մի խոսք: Հանրահավաքներ են լինում, հանրայինը լռում է, բայց բավական է, որ ՀՀԿ ԳՄ-ն մի նիստ անի ու հանրայինը մեծ ռեպորտաժ կտա»:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ առաջիկայում ինքը պատրաստվում է ՀՀ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովում հատուկ քննարկման հարց դարձնի հանրային հեռուստաընկերության կեցվածքը:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ է կատարվում իր եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ, ամեն օր մամուլում գրում են, որ «իրար ուտում եք»: «Ես եւ Զարուհի Փոստանջյանն իրար չենք ուտում, որեւէ խնդիր չկա, հասկանում եմ, որ ուզում են ինտրիգային դաշտը պահել, բայց անհոգ եղեք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ