ՀՀ ոստիկանությունը վերջապես որոշել է հետաքննություն սկսել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեդի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր։ Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առեւտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը՝ որոշելով որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար։
Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող «դուքյանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել՝ շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել։
Այս ամոթալի, խայտառակ միջադեպից հետո, սակայն, ամենասարսափելին այն էր, որ ահաբեկված առեւտրականներից որեւէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել Ոստիկանություն, ինչն ամենացցուն կերպով ի ցույց է դնում Ս. Սարգսյանի «Ապահով Հայաստանում» մարդկանց անապահովության, ավելին՝ ահաբեկվածության եւ վախի աստիճանը։
Եվ երբ շատերն իրենց քննադատական խոսքն են հնչեցնում այս ոսկերիչների կամ էլ, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից չընդվզող սյունեցիների դեմ, պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ վախենում են իրենց օրվա հացի, իսկ Սյունիքում՝ անգամ կյանքի համար, եւ ընդվզելու փոխարեն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում ՀՀ-ից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում