Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ զարմացել էի, երբ Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին. Վազգեն Մանուկյան. «Անկախ»

Հոկտեմբեր 03,2014 11:15

Ներքաղաքական վերջին զարգացումների, ինչպես նաև ՀԽ վերջին միջազգային այցի արդյունքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

– Օրեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Թուրքիայի կողմից նախապայմանների դեպքում հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու ժողովրդական պահանջի և իշխանությունների մտադրության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Որքանո՞վ էր այն տեղին ու ժամանակին:

– Լիովին համաձայն եմ այդ հայտարարությանը: Երբ անցած տարի հանդիպում ունեցա այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, նրա խոսքից տպավորություն ստացա, թե մեզ համար այդ ճանապարհը կյանքի ու մահվան հարց է: Ես էլ նրան ասացի, որ սահմանի բացվելը գուցե մեզ ավելի շատ վնաս է, քան օգուտ:

Այս հայտարարությունը պետք էր հերքելու համար Թուրքիայի մտածողությունը, թե իրենք մեզ իրենց բռի մեջ են պահում, կուզեն` կբացեն սահմանը, չեն ուզի` չեն բացի:

Ընդդիմադիր շատ ուժեր առաջարկում էին չվավերացվելու պահին հենց այդ հայտարարությունն անել: Այն ժամանակ դա այդքան հնչեղ չէր լինի. տպավորություն կստեղծվեր, որ Թուրքիայի քայլից նեղացել ենք ու այդպես ենք պատասխանում:Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Թուրքիայում նոր իշխանություն է ընտրվել, նաև արդեն պարզ է, որ նրանց քաղաքական կուրսը չի փոխվել իշխանության փոփոխությամբ: Այս պարագայում ողջ աշխարհին պարզ է Հայաստանի դիրքորոշումը: Կարծում եմ` ճիշտ ժամանակին ու ճիշտ ելույթ էր:

– Չնայած հայտարարությանը` հայ-թուրքական արձանագրությունները դեռ Ազգային ժողովի մեծ օրակարգում են:

– Հասկանալի է, աշխարհում ամեն ինչ ափալ-թափալ չի արվում: Դրանք օրակարգից հանելու ժամանակն էլ կգա:

– Պարոն Մանուկյան, մինչ հանրությունը ոգևորված քննարկում էր նախագահի`ՄԱԿ-ում արած հայտարարությունը, կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին նորից Սյունիքի մարզպետ նշանակեց`առաջացնելով հանրության դժգոհությունը: Որքանո՞վ էր տեղին նման նշանակումը: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նմանատիպ նշանակումները:

– Ցանկացած պետությունում, եթե որևէ պաշտոնյայի անվան շուրջ աղմուկ է բարձրանում, անկախ նրանից` մեղավոր է, թե չէ, կա՛մ ինքն է հրաժարական տալիս, կա՛մ թիմն է նրան հեռացնում, որպեսզի չխանգարի թիմին առաջ գնալ, իշխանությունը պահել և իրականացնել այն քաղաքական ծրագրերը, հանուն որոնց իշխանության են եկել: Այս տեսանկյունից մի մարդու ճակատագիրը դառնում է երկրորդական: Դեմոկրատական երկրներում դա նաև պայմանավորված է ընտրություններով, քանի որ հանրությունն իր ձայնը չի տա այն ուժերին, որոնց պաշտոնյաները սկանդալների մեջ են ներքաշված: Բայց նույնիսկ ոչ դեմոկրատական երկրներում, եթե մարդու նկատմամբ առաջանում է հասարակական բացասական տրամադրություն, մի կողմ թողնենք, թե որքանով է դա պատճառաբանված, այդ մարդուց հրաժարվում են: Խորհրդային Միությունը դեմոկրատական երկիր չէր, բայց եթե որևէ մեկի մասին ֆելիետոն էին գրում կամ քննադատություն հնչեցնում, նրան անմիջապես հեռացնում էին: Որովհետև ցանկացած իշխանություն, լինի դեմոկրատական, թե ոչ դեմոկրատական, հասկանում է, որ երկիր կարելի է կառավարել միայն այն դեպքում, եթե երկրի իշխանության ու որոշ բարոյական արժեքների նկատմամբ հանրության վստահությունը խախտված չէ, եթե անպատժելիության մթնոլորտ չի ստեղծված:

Այս տեսանկյունից, կարծում եմ, նշանակումը չի համապատասխանում իմ ասածներին, դեռ մի կողմ թողնենք Խաչատրյանի անձը, այդ հարցը չեմ էլ ուզում քննարկել:Բայց, տեսնելով ինչ է կատարվում Հայաստանում վերջին տասնամյակներում, անկեղծ ասեմ, ավելի շատ զարմացել էի, երբ նրան հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031