Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետին

Հոկտեմբեր 03,2014 10:27

Բաց նամակ

ՀՀ Վարչապետ
Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո՛ պրն Վարչապետ,

2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Զարուհու դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որի նպատակն է պայքարել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեմ:

2010թ-ից ի վեր կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի 1-ին իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ նպատակ ունենալով հոկտեմբերի 1-ը դարձնել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:

Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների՝ 2013 թվականին ընտանեկան բռնության են ենթարկվել 580 կանայք, իսկ հասարակական կազմակերպությունների գրանցած տվյալների համաձայն` գրանցվել է կանանց եւ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության 1400 դեպք: 2014 թ. առաջին 9-ը ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է 9-ը կին:

Նպատակ ունենալով կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում՝ 2007թ.-ից ի վեր մշակվել և քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009 թ.-ի սեպտեմբերին ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 2010թ.-ի նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012թ.-ի նոյեմբերի 28-ին ներկայացվել է ՀՀ Վարչապետին` հավանության արժանանալու համար:

Սակայն 2013թ.-ի փետրվարի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է Կառավարության եզրակացությունը, համաձայն որի՝ վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:

2013 թ.-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի փորձագիտական խումբը, որտեղ ներգրավված են իրավաբաններ եւ ոլորտում աշխատող փորձագետներ լրամշակել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքը` այն համապատասխանեցնելով ՀՀ Արդարադատության նախարարության նկատառումներին: Ներկայումս լրամշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը պատրաստ է Ազգային ժողովում շրջանառության դրվելու համար (կից ներկայացվում է օրինագիծը եւ իրավական հիմնավորումները):

Այս առիթով մենք կոչ ենք անում Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում և ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:

Կարևորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ: Ակնկալում ենք նաև Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031