Երեկ առավոտյան գյուղական այն խանութում, որտեղ գրեթե ամեն օր առեւտուր եմ անում, ներկա եղա մատակարարի եւ գործակատարի (սեփականատիրոջ կնոջ) խոսակցությանը. «Սա ձեր թղթերը, մի օրինակ էլ էլեկտրոնային փոստով կուղարկեմ»,- խոստացավ մատակարարը եւ գրի առավ, թե ինչ պիտի բերի հաջորդ անգամ: «Էս երեկվանի՞ց եք այդպես աշխատում»,- հարցնում եմ: «Չէ, ես միշտ էլ բոլոր թղթերն ունեցել եմ»,- եղավ պատասխանը: «Իսկ հաշվապահ պե՞տք չի դրա համար»,- հետաքրքրվեցի ես: «Ի՞նչ հաշվապահ, հաշիվ-ֆակտուրան կարդալու համա՞ր»,- զարմացավ կինը:
Պատմում եմ երեկ տեղի ունեցածը, այն, ինչ տեսել եմ իմ աչքով ոչ թե սուպերմարկետում, այլ փոքր խանութում, որը սկզբից տեղակայվում էր հենց սեփականատիրոջ տանը: Հետո մի քանի տարվա ընթացքում կառուցվել է առանձին շինություն, եւս մի քանի տարուց էլ շենքն ընդլայնվելու է՝ արդեն «կմախքը» կա: Ինչո՞ւ է այդ ամենը տարիներ տեւում: «Չեմ ուզում բանկի տակ մտնել,- բացատրում է սեփականատերը,- ինչքան աշխատում եմ, այդքան եմ դնում, դրա համար էլ դանդաղ է ստացվում»:
Ապրանքների փաստաթղթեր ներկայացնելու պահանջի մեջ խնդիր, իհարկե, կա: Վերնիսաժում «բոլթուգայկա» վաճառողից փաստաթուղթ պահանջելն անհեթեթ է: Ընդհանրապես ծիծաղելի է նման մարդկանց դիտարկել որպես հարկատու՝ թող իրենց գլուխները պահեն, պետք չի խանգարել: Բայց եթե դուք ունեք խանութ, որտեղ վաճառում եք, ենթադրենք, կաթնամթերք, չեմ կարծում, որ առանց փաստաթղթի աշխատելը ճիշտ է: Այստեղ այլ տիպի լուծում է պետք՝ առանց պատժամիջոցների եւ տուգանքների:
Օրինակ բերեմ նույն կաթնամթերքի վրա: Ստուգողը տեսնում է, որ տվյալ ֆիրմայի կաթնամթերքը փաստաթուղթ չունի: Պետք չէ կրպակատիրոջը սկզբում զգուշացնել, հետո տուգանել այսպես, հետո՝ այնպես: Պետք է արձանագրել խախտումը եւ գնալ կաթնամթերք արտադրող ընկերություն ու պատժամիջոցները կիրառել այնտեղ: Այսինքն՝ պատժել ոչ թե փաստաթուղթ չվերցնելու, այլ չտալու համար: Եթե կա ցանկություն, կարելի է գտնել բանական լուծումներ՝ առանց ավելորդ լարումներ ստեղծելու:
Ընդհանուր տիպի խոսակցություններն այն մասին, որ պետք է պայքարել խոշոր սեփականատերերի խախտումների դեմ, եւ դա պիտի անեն հարկային եւ մաքսային մարմինները, որ փոքրերի միջոցով մեծերի վրա դուրս գալու գաղափարը սխալ է, որ հենց կառավարությունում են նստած ստվերային տնտեսության «անզուգական վարպետները», իհարկե, ժողովրդի սրտին յուղ են լցնում: Այդ պնդումները հիմնականում ճիշտ են, բայց դա չի նշանակում, որ առեւտրի ոլորտում պետք է լինեն կատարյալ «ջունգլիներ», որոնք, ի դեպ, ձեռնտու են հենց խոշորներին: Գուցե վերջին բողոքներն էլ ո՞չ ամբողջությամբ են տարերային:
«Բա էս խեղճ ժողովուրդը ո՞նց ապրի» պոպուլիստական երկացանկը ես ավելի շատ լսում եմ տաքսիստներից եւ քաղաքական գործիչներից: Ավելի քիչ՝ բուն առեւտրականներից: Հավանաբար, պատճառն այն է, որ տաքսիստներն ու գործիչները ավելի շատ ազատ ժամանակ ունեն:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բանական լուծո՞ւմ: Չգիտեմ, թե որ երկրում են դրանք հնարավոր, բայց Հայաստանո՞ւմ: Երբ եւ ով: