Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ԵՏՄ անդամ Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ

Հոկտեմբեր 03,2014 17:30

Հարցի պատասխանը հստակ կլինի 2015-ի մայիսին

Անցյալ տարի սեպտեմբերի երեքին կայացրած Սերժ Սարգսյանի որոշումից հետո, որ Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը` անդամագրվելով Եվրասիական տնտեսական, ապա նաեւ Մաքսային միությանը, Եվրոպական միությունը հրաժարվեց Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի անգամ քաղաքական մասը: Միաժամանակ հավաստիացումներ հնչեցին, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները շարունակվելու են: Չնայած հայ եւ եվրոպացի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին՝ ցայսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ կերպ են զարգանալու այդ հարաբերությունները: Բայց ժամանակը ցույց տվեց մի բան` Եվրոպան ի վերջո Ուկրաինայի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագրի հենց քաղաքական հատվածը: Թե ե՞րբ կամ ի՞նչ պայմաններով կստորագրվի համաձայնագրի տնտեսական մասը` դարձյալ ժամանակը ցույց կտա: Բայց ստացվեց այնպես, որ ԵՄ-ն հրաժարվեց Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրումից խաղաղ ճանապարհով՝ Ուկրաինայի հետ այն ստորագրելով պատերազմի գնով: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ Հայաստանի հետ, այնուհանդերձ, չստորագրվեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, այժմ Մարշալի հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ Պավոլ Դեմեշը խուսափողական պատասխաններ տվեց:

– Գիտեք, ԵՄ-ն Արեւելյան գործընկերության վեց երկրների հետ տարբեր կերպ է համագործակցում: ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրներին չի դիտարկում իբրեւ մեկ միավոր: Այդ երկրների հետ համագործակցությունն անհատական է: ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվեց Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ, քանզի այդ երեք երկրներն, ի տարբերություն Հայաստանի, չհայտարարեցին Եվրասիական միություն մտնելու ցանկության մասին: Միաժամանակ, Բելառուսի, Ադրբեջանի հետ որեւէ խոսք անգամ չի եղել ասոցացման մասին: Դա նշանակում է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, որի հետ Եվրոպական միությունը զարգացնում է իր հարաբերություններն այնպես, ինչպես կարծում է, որ շահավետ կլինի թե ԵՄ-ի, թե Հայաստանի համար:

– Հոկտեմբերի 10-ին սպասվում է, որ Հայաստանն արդեն կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: Միաժամանակ՝ թե հայաստանյան, թե եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են Եվրամիության հետ հարաբերություններն իրավական նոր հարթություն տեղափոխելու մասին: Հայաստանում կարծես թե դեռ պատկերացումներ չունեն, թե ինչ կերպ է դա պետք անել: Դուք տեսնո՞ւմ եք որեւէ տարբերակ, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել:

– Դա նոր իրավիճակ էր, եւ անկեղծ ասած՝ Եվրոպական միությունը պատրաստ չէր դրան: ԵՄ-ում երբեք չեն պատկերացրել, որ Հայաստանը չի լինի Արեւելյան գործընկերության այն երկրներից, որը չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Հատկապես, որ Հայաստանը բավական շատ քայլեր արեց ԵՄ-ի հետ ասոցացման համար, բավական դրական բարեփոխումներ իրականացրեց: Այն, որ ՀՀ իշխանությունը որոշեց անդամակցել Եվրասիական միությանը, միանգամից քաղաքական իրավիճակ փոխեց, այդ թվում նաեւ՝ բացելով նոր պատուհան ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելու: ԵՄ-ն չի կարող մերժել համագործակցության ձեռքը, երես թեքել: Բայց, բնականաբար, դա այլեւս չի կարող լինել նախկին պայմանավորվածությունների հիման վրա: Եվրոպային, կարծում եմ, ժամանակ է պետք՝ տեսնելու համար, թե ինչպես Հայաստանը կզարգանա ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական համակարգերի վրա, ինչ կերպ այդ ամենին կարձագանքի բնակչությունը, ինչպես Հայաստանը կզարգանա երկու աշխարհաքաղաքական իրողությունների մեջտեղում` ՌԴ-ի, որն ունի իր ամբիցիաները, եւ Եվրամիության, որը դեռ Արեւելյան գործընկերության ծրագրից էլ առաջ պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի տրանսֆորմացիային: Թե ինչ բնույթ կունենան Հայաստան-Եվրոպական միություն հետագա հարաբերությունները՝ մեծամասամբ կախված են Հայաստանից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից: Մենք չենք կարող աչք փակել այն իրականության վրա, որ ՌԴ-ն բացարձակապես նոր մոտեցում է ցուցաբերում հետխորհրդային երկրների նկատմամբ: Դա Եվրամիության համար մեծ անակնկալ էր, մանավանդ, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո ՌԴ-ն քաղաքական, տնտեսական եւ մշակութային ազդեցությանը զուգահեռ՝ նաեւ զենք կիրառեց: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում, շոկ էր շատերի համար: Եվրամիության գլխավոր խնդիրը հիմա, կարծում եմ, Ուկրաինայում իրավիճակի մեղմացումը եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումն է, քանզի ԵՄ-ՌԴ հարաբերություններն այսօր մրցակցություն են հիշեցնում:

Հայաստանը բավական բարդ եւ հետաքրքիր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական խաչմերուկում է գտնվում: Հայաստանում մրցակցություն է ոչ միայն Եվրոպական միության եւ ՌԴ-ի միջեւ, այլեւ Մերձավոր Արեւելքի զարգացումներն են, Թուրքիայի հետ հարաբերությունները, փակ սահմանները եւ այլն: Հայաստանի առաջնորդների, քաղաքական լիդերների, քաղաքացիական հասարակության եւ ընդհանրապես հանրության համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվել՝ այն առումով, որ պետք է հստակություն մտցնել մի հարցում` ովքե՞ր եք դուք եւ ի՞նչ եք ուզում: Հայաստանը եւ հայերը նաեւ մի յուրահատկություն ունեն. դա սփյուռքն է: Արտասահմանում դուք բազում ազդեցիկ դեմքեր ունեք: Նրանց համար էլ նոր իրավիճակ է ստեղծվում` ներկայիս պայմաններում ի՞նչ կերպ կարող են օգտակար լինել, նպաստել Հայաստանի զարգացմանը:

– Նկատեցիք, որ հետագա զարգացումները մեծամասամբ պայմանավորված են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից: Իսկ Ձեր կարծիքով՝ դեռ երկա՞ր պետք է սպասենք հանգուցալուծմանը, դիմադրելու որքա՞ն ռեսուրս ունեն եւ ՌԴ-ն, եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան:

– Ես անկարող եմ կանխատեսել ուկրաինական ճգնաժամի ավարտը՝ ճիշտ այնպես, ինչպես կես տարի առաջ անկարող կլինեի կանխատեսել պատերազմական իրավիճակ Ուկրաինայում: Եթե որեւէ մեկը վեց ամիս առաջ ինձ ասեր, որ Ղրիմը չի լինելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության մաս, մարդիկ են մահանալու եւ այլն, ես լուրջ չէի վերաբերվի, կծիծաղեի: Ներկայիս իրավիճակը նաեւ Եվրոպական միության նոր լիդերների համար է բարդ ու անկանխատեսելի: Նոյեմբերի մեկին, ինչպես գիտեք, ԵՄ ղեկավարությունում փոփոխություններ են լինելու: ԵՄ նոր ղեկավարությունն արդեն եկող տարի մայիսին կայանալիք ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է հստակ դիրքորոշումներ ներկայացնի, թե ի՞նչ ապագա է սպասվում հինգ տարի առաջ սկսված համագործակցությանը, որպեսզի հնարավոր լինի նաեւ հասնել իրավիճակի կայունացման, հարաբերությունների նորմալ զարգացման:

Ես կանխատեսել չեմ կարող, բայց վստահ եմ, որ ԵՄ-ն պետք է տարբերակներ գտնի ՌԴ-ի հետ հարաբերությունների բալանսավորման, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները վնասներ չկրեն կամ նվազագույն վնասներով դուրս գան իրավիճակից: Մենք մշտապես կարծել ենք, թե ՌԴ-ի հետ նոր որակի գործընկերային հարաբերություններ ենք կառուցում, մինչդեռ այսօր պարզ դարձավ, որ առճակատում է, որը ձեռնտու չէ ոչ ոքի:

– Մեր նախնական զրույցում ասացիք, որ անգլերենը Հայաստանում պետք է պարտադիր լեզու լինի: ՌԴ-ից Հայաստան ժամանած տարբեր էմիսարներ վերջերս խոսում էին Հայաստանում ՌԴ-ն պետական լեզու դարձնելու մասին: Լեզվի մասին Ձեր դիտարկումը պատահականությո՞ւն էր, թե՞ ակնարկ:

– Ոչ, ի՞նչ եք ասում, ԵՄ-ն Հայաստանի առջեւ նման պայման չի դնում: Բայց եթե հայերը ցանկանում են հասկանալ եվրոպացիներին, ամբիցիաներ են դրսեւորում` ԵՄ-ի հետ հարաբերությունները բարձր նշաձողով առաջ տանելու, որոշներն անգամ կարծում են, որ Հայաստանը պետք է ԵՄ անդամ դառնա եւ այլն, անգլերեն լեզվի իմացությունն այդ ամենի բանալին է: Լեզվի իմացությունը կարող է միայն օգնել հայերին առավել լավ հասկանալ, թե ինչ է կատարվում ԵՄ-ում, եւ համագործակցության հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, շփումներ ապահովել: Միաժամանակ, ես այն կարծիքին չեմ, որ ռուսաց լեզուն հայերին պետք չէ: Լեզվի իմացությունն, ի վերջո, շփում է ապահովում: Ինքս տիրապետում եմ անգլերենին, բայց նաեւ ռուսերենով եմ խոսում:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031