Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նախարարը փախչում է…

Հոկտեմբեր 03,2014 17:00

…Հասարակությունն էլ ինչ ասես՝ կարող է ենթադրել

Թվում էր, թե Սերժ Սարգսյանի պրահյան «գլուխգործոցներից» կամ ՄԱԿ-ում նրա «դարակազմիկ», ներողություն արտահայտությանս համար, «ելույթից» հետո հայ հետաքրքրասեր հասարակությանն այլեւս որեւէ ՀՀԿ-ականի միտք («միտք» բառի համար էլ ներողություն) չի կարող զվարճացնել: Բայց «ինչպես տատս կասեր»՝ «դու թյուր պատկերացում ունես կարկառուն ՀՀԿ-ականների հնարավորությունների մասին»: Դե լավ, շտկեմ ինքս ինձ. այլեւս երբեք չեմ ասի «երբեք», որովհետեւ կրկին համոզվեցի՝ մեզ զվարճացնող, ո՞նց ավելի մեղմ ասեմ, հա՝ տգիտությունը սահմաններ չունի: Ապացո՞ւյց: Խնդրեմ. ըստ «Երկիր» առցանց հրատարակության, ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որն ավելի հայտնի է իբրեւ «Դերժավայի Արկադի», չի ցանկացել պատասխանել քաղաքական հարցերի՝ ասելով. «Ինչ հարց ուզում եք՝ տվեք, բացի քաղաքականությունից, ես դրանից հեռու եմ»: Տատս կասեր. «տղա՛ ջան, բա որ քաղաքականությունից հեռու ես, խորհրդարանում ի՞նչ գործ ունես»: Դե, մարդուն պատգամավոր են դարձրել, ՀՀԿ խմբակցություն մտցրել, բայց մոռացել են տեղեկացնել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, էստեղ քաղաքականությամբ են զբաղվում եւ ոչ թե, ասենք, քյաբաբակերությամբ կամ «Բլոտ» խաղալով: Դրա համար էլ նա միայն ապաքաղաքական հարցերի է պատասխանում: Ուստի նրան, երեւի, հարկ էր հարցնել. «Քյաբաբը սոխո՞վ եք սիրում, թե՞ առանց դրա», կամ՝ «Բլոտ» խաղալ սիրո՞ւմ եք: Կարո՞ղ եք բացատրել չորս «տուզ» բռնելիս «կոզիր» վերցնելու դեպքում «տակ տալու» հավանականությունը»:

Ինքն էլ լուրջ-լուրջ կմեկնաբաներ, որ երբ «լեւի» պիտի գնա, սոխ չի ուտում կամ՝ երբ «բեսեդկում» տղերքով «Բլոտ» էին խաղում մի անգամ եղել է… Եվ այլն… Ի՞նչ կարող ես անել, մարդը քաղաքականությունից հեռու է… Մի քիչ էլ որ փորփրես, հնարավոր է նաեւ պարզվի, որ ջերմեռանդ կողմնակիցն է ժամանակին Հովիկ Աբրահամյանի ասածի (երեւի հիշում եք պատգամավոր լինելու համար խելքի բացակայության պարտադիր լինելու մասին հայտնի ասույթը):

Լավ, այս մարդը, որն, ի դեպ, պարզվեց իրավաբանական կրթություն ունի, չգիտի, որ խորհրդարանը քաղաքական մարմին է, բայց արդարադատության նախարար աշխատողը հո պիտի՞ իմանար կամ գոնե նրան այնտեղ նշանակողները պիտի՞ բացատրած լինեին, որ նախարարը պարզապես ոլորտը կառավարող պաշտոնյա չէ, այլ քաղաքական պաշտոն… Չեն բացատրել, ինքն էլ ջանք չի թափել մի քիչ սովորելու եւ հասկանալու էս տարրական բանը: Դրա համար էլ բառիս բուն իմաստով ծլկել է նախորդ հինգշաբթի կառավարության նիստից հետո կազմակերպված ասուլիսից՝ այդպես էլ չպատասխանելով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակվելուն վերաբերող հարցին:

Ստիպված ենք ճողոպրած նախարարին հիշեցնել, որ ինքը պարտավոր է պատասխանել նաեւ քաղաքական հարցերի, որովհետեւ այն, ինչ ինքը պատրաստվում էր ասել այդ ասուլիսում, այսինքն՝ այն, ինչի վերաբերյալ հետագայում տարածեց մի անգույն հաղորդագրություն, բնավ չի հետաքրքրում հասարակությանը եւ հետեւաբար՝ լրագրողներին (սույն պարոնին երեւի թվում է, թե հասարակությունն անհամբեր սպասում էր, որ ինքը ասուլիսում մեկնաբանի. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջի հայցով հայցվորը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձել ուժի մեջ մտած վարչական ակտով նախատեսված գումարը…» եւ այլն): Լրագրողներին եւ, հետեւաբար, հասարակությանը հետաքրքրում էր այդ օրվա միա՛կ իրադարձությունը. Սյունիքի մարզպետի նշանակումը:

Դե, եթե նախարարի պորտֆել ստացած մարդը փախչում է՝ անպատասխան թողնելով հարցը, ես էլ, իբրեւ հասարակության մի ներկայացուցիչ, ինչ ասես՝ կարող եմ ենթադրել:

Սկսեմ ենթադրել.
Ենթադրություն առաջին՝ արդարադատության նախարարը հաստատ համոզված է, որ մարզպետի նշանակումը սխալ է, որովհետեւ չի կարելի բազմիցս, մեղմ ասած՝ վարկաբեկված մարդուն նշանակել մարզպետ: Սակայն նույն նախարարը չհամարձակվեց բարձրաձայն ասել իր տեսակետը, որովհետեւ կկորցներ պաշտոնը: Իսկ ինչպե՞ս անվանել այն քաղաքական գործչին, որը պաշտոնը կորցնելու ահից չի բարձրաձայնում սեփական կարծիքը…

Ենթադրություն երկրորդ՝ արդարադատության նախարարը հաստատ համոզված է, որ մարզպետի նշանակումը ճիշտ էր, սակայն գիտենալով հասարակության մեջ այդ նշանակման վերաբերյալ իշխող բացասական տրամադրությունները՝ չհամարձակվեց բարձրաձայնել իր տեսակետը, որովհետեւ վախենում է հասարակության արձագանքից: Իսկ ինչպե՞ս անվանել այն քաղաքական գործչին, որը վախենում է հասարակությունից եւ չի բարձրաձայնում իր տեսակետը…

Սիրելի իմ ընթերցողներ, դուք երկու ենթադրություններիս դեպքում էլ միանգամայն ճիշտ գտաք հարցերիս պատասխան միակ բառը (ոմանք երեւի հիշեցին նաեւ այդ բառի ոչ այնքան գրական հոմանիշները)…

Բայց արդյոք մեզ պե՞տք են քաղաքական խնդիրների վերաբերյալ սեփական կարծիքը հասարակությունից թաքցնող եւ հասարակությունից փախչող նախարարներ:
Հարցս հռետորական է…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031