Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը, Սուրիկ Խաչատրյանն ու հղի կանայք

Հոկտեմբեր 03,2014 16:00

Կառավարության 25.09.2014թ. նիստի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելը հանրությունն ընդունեց որպես իրեն հասցված ապտակ, եւ այդ հարցը ամենաքննարկվողն ու քննադատվողն է կառավարության որոշումներից:
Նշված որոշումը, սակայն, միակը չէ, որի արդյունքում սեպտեմբերի 25-ը կարող է կառավարության որոշումների առումով որակվել որպես սեւ հինգշաբթի:

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշումն ընդունելով՝ կառավարությունը հնարավորություն ունեցավ աննկատ ընդունել մեկ այլ որոշում հասարակության ամենախոցելի հատվածի` հղի կանանց ու մայրերի վերաբերյալ:
Այսպես, սեւ հինգշաբթիի օրակարգի 27-րդ հարցը հետեւյալն էր. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին»:
Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, այն դեպքում, երբ այսօր նպաստը տրվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Սա դեռ սկիզբն է:

Այսօր, եթե աշխատող կանայք մինչծննդյան 70 օրվա եւ հետծննդյան 70 օրվա վճարովի արձակուրդի իրավունք ունեն եւ նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար ստանում են վերջին մեկ տարվա իրենց միջին ամսական աշխատավարձի չափով գումար, ապա կառավարության նախաձեռնած փոփոխությամբ նախատեսվում է այդ գումարը էականորեն կրճատել հետեւյալ կերպ` եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 օրացուցային տարուց պակաս է, ապա հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձի 40 տոկոսից, եթե 1-3 օրացուցային տարի է, ապա հաշվարկը կատարվում է 60 տոկոսից, իսկ եթե 3 տարուց ավելի է, ապա հաշվարկը կատարվում է 80 տոկոսից:

Սա էլ ամենը չէ. սահմանվել է նաեւ միջին ամսական աշխատավարձի վերին շեմ, որից ավելի աշխատավարձ ստացողների համար 40, 60 եւ 80 տոկոսները կհաշվարկվեն ոչ թե իրական աշխատավարձից, այլ սահմանված շեմից:

Սա էլ կառավարության հակասահմանադրական անակնկալը հղիանալ եւ ծննդաբերել ցանկացող կանանց:

Այժմ այն մասին, թե ինչու է նման իրավակարգավորումը հակասում Սահմանադրությանը:
Սահմանադրության 1 հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն… սոցիալական, իրավական պետություն է, իսկ 35 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի … իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172 հոդվածի համաձայն` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի տեւողությունը 140 օր է` 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության, եւ այդ արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (բայց ոչ չափով):

Նույն օրենսգրքի 169 հոդվածի համաձայն. «Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով»:

Վերը նշվածից հետեւում է, որ վարձու աշխատող կինն իրավունք ունի հղիության եւ ծննդաբերության 140-օրյա վճարովի արձակուրդի, որի յուրաքանչյուր օրվա վճարի չափը պետք է համապատասխանի իր միջին օրական աշխատավարձին:
Կառավարության աճպարարությունը կայանում է նրանում, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված վճարովի արձակուրդի իրավունքը օրենքով ներկայացնում է որպես պետության կողմից նպաստի վճարում, իսկ նպաստի դեպքում կառավարությունը որքան նպատակահարմար համարի, այդքան էլ կվճարի. ըստ նախատեսվող փոփոխության` 40, 60 կամ 80 տոկոս, իսկ դրանից հետո` 4, 6 կամ 8 տոկոս:

Հ.Գ. Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության նախաձեռնությամբ 2010թ. հոկտեմբերին ԱԺ-ն նման օրենք արդեն իսկ ընդունել էր, սակայն կանանց եւ այլ ակտիվիստների պայքարի շնորհիվ այդ օրենքը ընդունելի ձեւով փոխվեց:
Նոր կառավարությունը գնում է նախորդի հետքերով:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031