Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հալիձորցին աշխատանք ունենա, ոչ մի դեպքում գյուղը չի լքի

Հոկտեմբեր 03,2014 15:30

Փոքրիկ հալիձորցիները երազում են գնալ մայրաքաղաք, բարձրագույն կրթություն ստանալ, որ գյուղի հոգսերի տակ «ճկռած» ծնողների հոգսը փոքր-ինչ թեթեւացնեն

«Պետք է իմանանք, թե կյանքն ինչ է, որ ասենք: Ուրիշները կյանք են վայելում, իսկ մենք կյանք ենք մաշում»,- մեր հարցին, թե՝ ինչպե՞ս եք ապրում, Հալիձորում ո՞նց է կյանքը՝ ասում է Հալիձորի բնակիչներից մեկը, որը չի էլ ցանկանում ներկայանալ: Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում վեց հարյուր բնակիչ է ապրում: Հալիձորցիներն առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, այստեղ մարդիկ պրպտող են, ստեղծող, բայց մարդկանց՝ տարիների չարչարանքը գրեթե արդյունք չի տալիս: Օրվա հացի խնդիր են հոգում, առօրյա հոգսեր: Այս գյուղում էլ, ինչպես հանրապետության հեռավոր մարզերի շատ գյուղերում, մարդկանց կենսամակարդակը չի բարձրանում: Ընդհակառակը՝ տարեցտարի գյուղից արտագաղթողների թիվն ավելանում է:

Բնակիչներից երիտասարդ մի կին մեզ հետ զրույցում պատմում է, որ ամուսնությունից հետո ապրում է Երեւանում, հիմնականում ամռանն է լինում գյուղում: Ասում է՝ լավ կլիներ, որ գյուղն ասֆալտապատվեր:

Halidzor Halidzor-2

Եթե եղանակը բարեհաճ է լինում, այս համայնքում բերքն առատ է ստացվում: Ընկույզ, հոն, թութ, նուռ, խաղող. սրանք այն մրգերն են, որոնք հալիձորցուն եկամուտ են բերում:
Հալիձորում մեր շրջելու պահին իր տան դիմացի քարին մտածկոտ նստած էր Ֆլորա տատը: Պատմում է, որ ամբողջ կյանքն անցել է Հալիձորում: Հիմա մեն-մենակ է ապրում, զավակները, սոցիալական պայմաններից դրդված, ճարահատյալ մեկնել են արտագնա աշխատանքի: Տիկին Ֆլորան ասում է, որ 40-ից ավելի թոռներ ու ծոռներ ունի, բայց նրանցից ոչ ոք այսօր իր կողքին չէ: Հարազատների մեծ մասն ապրում է արտերկրում, մի քանիսն էլ Կապանում ու Երեւանում են բնակվում: Տիկին Ֆլորայի խոսքերով՝ կյանքն այնպես է փոխվել, որ հարազատները հազվադեպ են այցելում Հալիձոր: Ներկայացնելով գյուղի մարդկանց հոգսերը՝ Ֆլորա տատն ասում է. «Եթե չլիներ կարկուտը, լավ բերք կլիներ, բայց գյուղացիների ամբողջ տանջանքը մի քանի օրում ջուրն ընկավ»: Նա վստահ է, որ եթե գյուղում, մարզում աշխատանք լինի, ապա երիտասարդությունը կմնա, ոչ մի դեպքում չի հեռանա եւ կշենացնի հայրենի գյուղը, բայց համատարած գործազրկությունը մարդկանց ստիպում է հայրենիքը լքել եւ օտար երկրներում ապրուստի միջոց փնտրել:
Այս գյուղում կյանքն ուրախ է միայն փոքրիկների համար. գյուղական կյանքը նրանց շատ է գրավում, մայրաքաղաքում չեն ուզում բնակվել, ասում են՝ գյուղում լավ է, ընկերներով խաղում ենք: Նկատեցինք, որ շատ անչափահասներ ծնողներին էին օգնում՝ այգիները մշակում, բերքը հավաքում: Մեր զրուցակից երեխաները ասում էին՝ եթե գնալ Երեւան, ապա միայն դպրոցից հետո՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Նպատակը գյուղի հոգսերի տակ «ճկռած» ծնողների հոգսը թեթեւացնելն է:

Հալիձորցիները գովերգում են իրենց մեղրը եւ նշում, որ շատ զբոսաշրջիկներ ամռանը գալիս, իրենցից մեղր են գնում: Շատ ընտանիքներ 40-ից, 50-ից ավելի փեթակներ ունեն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031