Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզել է, որ համատիրության նախագահն ինքն իրենից տարածք է վարձակալում

Հոկտեմբեր 03,2014 15:00

Բայց քրգործի հարուցումը մերժել է՝ հանցակազմ չլինելու պատճառով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Պողոսյանն օրերս «Առավոտ»-ին քրեական գործի որոշումը մերժելու մասին մի գրություն է ուղարկել: 23.08.2014 թվականին «Առավոտը» «Մոսկովյան 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչները դեմ են, որ իրենց համատիրությունը «խոշորացվի» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ այս հասցեների բնակիչները դժգոհություն էին հայտնել, որ «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանը համատիրության գրասենյակը տիկնոջ՝ Նելլի Հարությունյանի անունով սեփականացրել է: Բնակիչները մի օր պարզել էին, որ համատիրության տարածքը, քաղաքապետարանի թեթեւ ձեռքով, աճուրդի է դրվել, որը 2012թ. հուլիսին գնել, ապա սեփականաշնորհել է նրա կինը:

Բնակիչները նաեւ հայտնել էին, որ փաստացի արդեն երկու տարի է, ինչ համատիրությունը՝ ի դեմս քաղաքային իշխանությունների, վարձակալության պայմանագիր է կնքում համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանի տիկնոջ հետ:
Այս առիթով ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ա. Ավագիմյանը նյութեր էր նախապատրաստել, ապա քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ըստ հետաքննիչ Ա. Ավագիմյանի. «Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Գալստյանը բացատրություն է տվել, որ Մաշտոցի 78 տարածքը, որն այժմ ծառայում է որպես «Մոսկովյան 8» համատիրության գրասենյակ եւ սպասարկում է Մոսկովյան 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչներին, եղել է ինքնակամ կառույց, իսկ 2010թ.-ին Կենտրոն վարչական շրջանը տարածքը, որպես ապօրինի կառույց, դարձրել է համայնքային սեփականություն։

Այնուհետեւ քաղաքապետարանը նշված տարածքը վերցրել է իրեն եւ դրել աճուրդի, որին մասնակցել է նաեւ իր կինը՝ Նելլի Սարգսի Հարությունյանը, եւ աճուրդով շահել հիշյալ տարածքը, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր։

Ա. Գալստյանը ավելացրել է նաեւ, որ հիշյալ տարածքն այժմ օրենքով սահմանված կարգով հանդիսանում է իր կնոջ՝ Ն. Հարությունյանի սեփականությունը, սակայն այն ծառայում է որպես համատիրության գրասենյակ եւ իրենք մտադիր չեն վաճառել այն։
Մաշտոցի 48 շենքի բնակիչներ Ռուբեն Անուշավանի Վարդանյանը եւ Ռոզա Գեղամի Մաթեւոսյանը բացատրություններ են տվել, որ Երեւանի քաղաքապետարանը հիշյալ տարածքը աճուրդի հանելու մասին իրենց տեղյակ չի պահել, այլապես իրենք՝ շենքի բնակիչները, կգնեին տարածքը, այդ իսկ պատճառով էլ պահանջում են չեղյալ համարել քաղաքապետարանի որոշումը՝ Մաշտոցի 78 տարածքը աճուրդով վաճառելու վերաբերյալ։
Բնակիչներն ավելացրել են նաեւ, որ իրենք այժմ հավաքում են համապատասխան բոլոր փաստաթղթերը՝ նշված հարցը դատարանում վիճարկելու համար։

Այսպիսով հիմնավորվել է, որ կողմերի միջեւ առկա են քաղաքացիաիրավական բնույթի հարցեր, որոնք դուրս են ոստիկանության իրավասությունից եւ ենթակա են լուծման օրենքով սահմանված դատական կարգով, իսկ Ա. Գալստյանի արարքում բացակայում են ՀՀ Քր.օր.֊ի 178 հոդվածով նախատեսված՝ ուրիշի գույքը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու հանցակազմի հատկանիշներ։

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Քր.դատ.օր.֊ի 35 հոդ. 1֊ին մասի
2-րդ կետով եւ 185 հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇԵՑԻ
«Մոսկովյան 8» համատիրության գրասենյակի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»։

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031