Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանի հերթական արդարացումը

Հոկտեմբեր 03,2014 14:30

29.11.12թ. Գայանե Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 322 հոդվածի 1-ին մասով՝ նրա համար, որ նա, «խախտելով սահմանված կարգը, գործով չպարզված ժամանակաշրջանում, ինքնագլուխ մուտք է գործել Ալլա Սեկոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի վիճելի բնակարան եւ 04.08.12թ.-ից իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները` Ա. Սեկոյանին պատճառել է էական վնաս»: Գայանե Ղազարյանի պաշտպանությունը ստանձնում է Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Էդիկ Աղաջանյանը:
Սույն քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատաքննությունը տեւել է շուրջ 1 տարի 6 ամիս: Առաջադրված մեղադրանքում Գ. Ղազարյանը թե նախաքննության, թե դատաքննության փուլում իրեն մեղավոր չի ճանաչել:

15.11.13թ. դատական վիճաբանությունների ընթացքում, Գ. Ղազարյանի պաշտպան Էդիկ Աղաջանյանն իր պաշտպանական ճառում նշել է, որ. «Գ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի անորոշ ձեւակերպումները հնարավորություն չեն տվել պաշտպանական կողմին այն ճիշտ ընկալելու, համարժեք մարտավարություն մշակելու, իր հնարավոր այլուրեքությունները՝ ալիբի ներկայացնելու եւ ամբողջ նախաքննության ընթացքում եւ դատարանում դրանից արդյունավետ պաշտպանվելու համար:

Մասնավորապես` ըստ առաջադրված մեղադրանքի, Գ. Ղազարյանը մեղադրվում է նրանում, թե իբր ինքնագլուխ մուտք է գործել վերը նշված բնակարան «գործով չպարզված ժամանակաշրջանում», եւ «իրականացնելով իր ենթադրյալ «իրավունքները», դրանով իսկ «էական վնաս է» պատճառել Ա. Սեկոյանին:

Սակայն, թե կոնկրետ որ «չպարզված ժամանակաշրջանի» մասին է խոսքը, երբ է այն սկսվել, որքան է տեւել, երբ է ավարտվել, ինչ ժամանակահատված է իր մեջ ընդգրկում, ինչ «ենթադրյալ իրավունքներ է» իրականացրել Գ. Ղազարյանը եւ վերջապես՝ կոնկրետ ինչպիսի «էական վնաս է» պատճառվել դրանով Ա. Սեկոյանին, կոնկրետ ինչ եղանակով եւ ինչպիսի չափման միավորով է որոշվել վնասի չափը եւ ինչպես է որոշվել, որ այդ վնասը հենց էական է, այլ ոչ թե, օրինակ` ոչ էական, պաշտպանական կողմին մնում է միայն ենթադրել եւ դրա հիման վրա մոտավորապես «ենթադրալ» պաշտպանություն իրականացնել:

Նման պարագայում, իրականացվող պաշտպանությունը դառնում է անարդյունավետ եւ ձեւական, քանի որ պարզ չէր, թե կոնկրետ ինչից պետք է պաշտպանվել»:
Ըստ պաշտպանի, նշված անորոշ ձեւակերպումների պատճառով, յուրաքանչյուր դատավարության մասնակից ստիպված է ինքն իր հայեցողությամբ եւ սուբյեկտիվ ընկալմամբ մեկնաբանել առաջադրված մեղադրանքը, ենթադրել, թե երբ է սկսվել եւ ավարտվել ենթադրյալ հանցագործությունը եւ ելնելով դրանից` մշակել իր հետագա մարտավարությունը:

Վերը նշվածը համարելով որպես պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում, որը ազդել է պաշտպանության իրականացման արդյունավետության վրա, ինչպես նաեւ բերելով այլ հիմնավորումներ, պաշտպան Է. Աղաջանյանը միջնորդել է Գ. Ղազարյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

23.06.14թ. դատարանը կայացրած դատավճռով Գայանե Ղազարյանին ՀՀ քր. օր-ի 322 հոդվածի 1-ին մասով ճանաչել է անպարտ եւ արդարացված` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել մեղադրող դատախազը եւ տուժող Ա. Սեկոյանի ներկայացուցիչը:

23.09.14թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Գայանե Ղազարյանի վերաբերյալ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.06.14թ. արդարացման դատավճիռը թողնել ուժի մեջ, իսկ մեղադրողի եւ տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները մերժել:

Հիշեցնենք, որ 2009 թ. ապրիլին Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի բնակչուհի Գայանե Ղազարյանը բրոքերների միջոցով ծանոթացել է քաղաքացի Գագիկ Ավետիսյանի հետ, որից պարտքով` 1 տարի ժամկետով, վերցրել է 12.000 ԱՄՆ դոլար գումար` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով: Որպես գումարի վերադարձման երաշխիք` Գ. Ավետիսյանը պահանջել է, որ Գ. Ղազարյանը, իր սկեսուր Ասյա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի 30/2 շենքի իր բնակարանը, ձեւական առուվաճառքի պայմանագրով, ժամանակավորապես ձեւակերպի իր զոքանչի` Սվետլանա Պինչուկի անունով` պայմանով, որ ամբողջ գումարը եւ տոկոսները վերադարձնելուց հետո, այն նորից կվերաձեւակերպվի Ա. Ավետիսյանի անունով:

Այդ նպատակով, Գ. Ղազարյանը, իր սկեսուր Ա. Ավետիսյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, բնակարանի առուծախի պայմանագիր է կնքել Ս. Պինչուկի հետ, որը 02.04.12թ. վավերացվել է նոտարական կարգով:

Նույն օրը Ս. Պինչուկը գրավոր պարտավորություն է գրել, որով պարտավորվել է մինչեւ 2009թ. նոյեմբեր ամիսը, Գ. Ղազարյանի կողմից 12.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելուց հետո, նորից վերաձեւակերպել նշված բնակարանը իր սկեսուրի անունով:
Մոտ 6 ամիս շարունակ տոկոսավճարները ժամանակին պարտաճանաչ վճարելուց հետո, Գագիկ Ավետիսյանը զանգահարել է Գայանե Ղազարյանին եւ պատճառաբանելով, որ իրեն շտապ գումար է պետք, պահանջել է ժամանակից շուտ հետ վերադարձնել իրեն 1 տարի ժամկետով տրված գումարը:

Գ. Ավետիսյանն առաջարկել է նշված գումարը նույն պայմաններով եւ նույն տոկոսային հիմքով վերցնել ոմն Գագիկ Ոսկանյանից, որն էլ, իր հերթին, որպես գումարի վերադարձման երաշխիք, պահանջել է մինչ այդ Ս. Պինչուկի անունով ձեւակերպված Նոր Նորքի 2-րդ զանգվածի 30/2 շենքի նշյալ բնակարանը վերաձեւակերպել իր կնոջ` Ալլա Սեկոյանի անունով, ինչին ինքը ստիպված համաձայնել է:

Գ. Ոսկանյանը Գ. Ղազարյանին տոկոսով տվել է 20.000 ԱՄՆ դոլար: Նշված գումարից Գ. Ղազարյանը 12.000 դոլարը եւ դրա տոկոսները վերադարձրել է Գ. Ավետիսյանին: Նույն օրը Ս. Պինչուկի եւ Ա. Սեկոյանի միջեւ նոտարական կարգով բնակարանի ձեւական առուվաճառքի պայմանագիր է կնքվել, որով նշված բնակարանը ձեւակերպվել է արդեն Ա. Սեկոյանի անունով:

Գ. Ղազարյանը 3 ամիս վճարելով Գ. Ոսկանյանին՝ շուրջ 3600 ԱՄՆ դոլար, որպես տոկոսադրույք, այլեւս չի կարողացել վճարել եւ խնդրել է մի քանի ամիս սպասել: Սակայն հետագայում իմացել է, որ Գ. Ոսկանյանը, իր կնոջ` Ա. Սեկոյանի անունից, որը տվյալ պահին ձեւականորեն հանդիսանում էր որպես նշված բնակարանի սեփականատեր, դիմել է դատարան` Գ. Ղազարյանին եւ նրա ընտանիքի անդամներին բնակարանից վտարելու պահանջով:

ԴԱՀԿ ծառայության միջոցով Գ. Ղազարյանը իր ընտանիքի անդամների հետ միասին վտարվել էր նշված բնակարանից եւ շուրջ 1 տարի վարձով բնակվել է այլ տեղ:
Այդ ընթացքում Գ. Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, Գ. Ավետիսյանի եւ Գ. Ոսկանյանի կողմից վաշխառություն կատարելու եւ իր սկեսուրի բնակարանին ապօրինի տիրանալու վերաբերյալ:

Նրա դիմումի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում, վաշխառություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 213 հոդվածի հատկանիշներով:

Նշված քրգործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ Գագիկ Ավետիսյանն իրոք Գ. Ղազարյանին պարտքով 12 հազար դոլար գումար է տրամադրել՝ ամսական 5 տոկոս տոկոսադրույքով եւ մոտ 6 ամիս ստացել է տոկոսավճարները, այսինքն՝ կատարել է վաշխառություն:

Սակայն ՀՀ ոստիկանության ՔԿՀ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի տեղակալ Ա. Մակինյանի որոշմամբ Գ. Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.09թ. որոշման ընդունման հիմքով:
Տեղեկանալով, որ Գ. Ավետիսյանի եւ Գ. Ոսկանյանի կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կալանք է դրվել նշված բնակարանի վրա, Գ. Ղազարյանը իր սկեսուր Ասյա Ավետիսյանի անունից քաղհայցով դիմել է դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իր եւ Ս. Պինչուկի, ինչպես նաեւ Ս. Պինչուկի եւ Ա. Սեկոյանի միջեւ կնքված՝ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փող. 30/2 շենքի վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագրերը:

Հետագայում, երբ նյութական ծանր վիճակից ելնելով այլեւս չի կարողացել բնակվարձ վճարել, վկաների ներկայությամբ իր մոտ եղած բանալիով բացել էր նշված բնակարանի դուռը եւ իր ընտանիքի հետ միասին բնակություն հաստատել այնտեղ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031