Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի ճակատին գրված է. «Հզոր դպրոց, հզոր պետություն»։ Այս կարգախոսը, ցավոք, կորցրել է իր արժեքը։ Երբեմնի մեծ հեղինակություն ունեցող դպրոցը վեր է ածվել դատվածության մեջ գտնվող տնօրեն Սուսաննա Սարգսյանի թողած հետագծի արդյունքում «Թալան տորգի»։ Այս գնահատականը տալիս է այն համայնքը, որի աչքի առաջ դպրոցի պարիսպներն են արդեն շուռ եկել։ Նրան պաշտպանում են նրա երկրպագուները, ԽԾԲ խումբը, ԺՊ Լիլյա Օհանյանի ղեկավարությամբ։ Անփառունակ տնօրինության կարգախոսը ոտնձգություններն են, որոնք սահմաններ չեն ճանաչում։ Միայն նրա համար, որ բացեիբաց հրաժարվել եմ ցանկացած ստորագրահավաքի մասնակցելու, ցուցաբերել եմ մանկավարժին, հայ կնոջը բնորոշ պահվածք ու ձեռքս չեմ պղծել։
2013-2014 ուստարին այս երկու անձի համար դարձավ գերխնդիր, ինչպես ազատվել «կարգազանց» լոգոպեդից։ Ձեռնարկեցին բազմապիսի միջոցներ ու սադրանքներ՝ արատավորելու իմ անձնական, աշխատանքային գործունեությունը դպրոցում։ Ծնողների, մանկավարժների աչքին նսեմացնելու, նվաստացնելու բոլոր ջանքերն անցան ապարդյուն։ Ինձ հաջողվեց գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմումներիս շնորհիվ պաշտպանվել: Քաղաքապետարանը, ինչպես շատ հարցերում, լռեց, իմ պարագայում որոշակի կոռեկտության թոզ փչեց եւ ընդամենը…
Ունեմ մասնագիտական 45 տարվա վաստակ, 3-րդ կարգի մրցանակ, հեղինակային իրավունք ներառական կրթակարգի ծրագրերին համահունչ, բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր, մասնագիտական հոդվածներ։
Նոր է բոլորել իմ 63 տարին։ Դրա հաջորդ իսկ օրվանից ինձ ազատել են աշխատանքից, այն դեպքում, երբ միակ մասնագետն եմ եւ որեւիցե մեկի հետ ժամերի կիսման խնդիր չունեմ։ Իմ բողոքարկը ոչ թե օրենքի դեմ է, այլ այն անարդարության, որ տիրում է դպրոցում։ Ներկայումս դպրոցում աշխատում են շուրջ 9 թոշակառուներ, որոնց տարիքը 67-76 է։ Զավեշտալին այն է, որ դպրոցի նախկին տնօրենի մայրը, լինելով տնտեսագետ, իր դստեր թեթեւ ձեռքով թոշակառուի կարգավիճակով մտել է դպրոց՝ գրադարանավարի հաստիքով եւ ներկայումս 74 տարեկան է։
Կարդացեք նաև
Պարոն քաղաքապետ, ակնկալում եմ Ձեր անկեղծ պատասխանը՝ ե՞րբ պետք է Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում կարգ ու կանոն հաստատվի։ Դպրոցն ունի առողջ, ողջամիտ կորիզ, թույլ մի տվեք ԽԾԲ-ները շարունակեն իրենց ոտնձգությունները՝ արատավորելով դպրոցի պատիվը:
ԱԼՎԱՐԴ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Թիվ 27 հիմնական դպրոցի նախկին արատաբան֊լոգոպեդ
Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:
«Առավոտ» օրաթերթ
02.10.2014