Լրահոս
Օրվա լրահոսը

Առևտրականները  հաշիվ պահանջեցին ու վիճաբանեցին Սուքիաս Ավետիսյանի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2014 21:02

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի դուրս եկած գյումրեցի առևտրականներն այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կաբինետից  շարժվեցին  դեպի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գրասենյակ:

gymreciner akciagyumri suqias avetisyangyumriՊատգամավորին տեսնելուն պես` ցուցարարներն այնպես ոգևորվեցին,  որ նրանցից ոմանք, պատգամավորի ազգանունը շփոթելով, պարոն  Ավետիսյանի փոխարեն, պարոն Սուքիասյանով դիմեցին: «Էդ օրենքը որ ընդունեցիք, պարոն Սուքիասյան, էդ որի՞ս հարցրեցիք»:

Մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց. «Էդ օրենքը որ ընդունեցիք` բարեղճորե՞ն ընդունեցիք»: Պատգամավորը հետաքրքրվեց, թե բարեղճորենը ո՞րն է: Այդ պահին բողոքավորներից  մեկն  ամենայն հավականությամբ ինչ-որ վիրավորական արտահայտություն թույլ տվեց  պատգամավորի հասցեին, որին Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց բավական կոպիտ ձևով: Միտինգավորներից մեկը նախազգուշացրեց պատգամավորին. «Մատ չթափ տաս, էդպես չխոսես»: Նրանք նոր օրենքը որակեցին  «անխիղճ» օրենք ու հայտարարեցին, որ  այն իրենց պատրաստվում է «քացու տակ գցել»:

 

Ամբողջ ընթացքում բողոքավորները պնդում էին, որ դա դիկտատուրական օրենք է, պատգամավորն էլ փորձում էր պարզաբանել, որ իրականում այն լավ օրենք է, այլ հարց է, որ կա փաստաթղթավորման խնդիր: Ըստ պատգամավորի, այդ հարցը քննարկվում է ֆինանսների նախարարի հետ, որպեսզի փոքր ու միջին տնտեսվարողների   մոտ ստուգումներ չանցկացնեն:

Բողոքավորների հարցերը տարբեր էին, մոտ 2 ժամ տևած հանդիպման ժամանակ ամեն մեկը իր ոլորտի հարցն էր բարձրացնում, բայց պատասխանը ստանալուց զայրույթով էին արձագանքում, բողոքում էին: «Մենք կհրաժարվենք ձեր գրած օրենքներից, դուք օրենք գրող չեք, դուք վնաս տվող եք»,-բացականչում էր մի կին: Կանանցից մեկն էլ անիծեց, թե գետինը մտնի էդ օրենքը գրողը:

Պատգամավորը բորբոքված առևտրականներն բացատրում էր, որ  եթե երկիրը հիմնված է խոշոր տնտեսավարողների վրա, ապա այն փլուզման եզրին  է, այդ պատճառով էլ  պիտի  կռիվ տալ խոշոր ձեռնարկատերերի դեմ, արտոնություններ տրվեն փոքր ու միջին տնտեսավարողներին, սակայն դրա համար  անհրաժեշտ է հաշվառել նրանց:

Ի պատասխան այս ամենի, առևտրականները նեղսրտում էին, թե այսքան ժամանակ գյումրեցի պատգամավորները ի՞նչ մի  լավ բան են արել ժողովրդի համար: «Ի՞նչ վատ բան են արել», -հարցնում էր Սուքիաս Ավետիսյանը: «Դուք մեզ կլպում եք, կլուծարվինք, դուք կերեք, կշտացեք»,-գոռում էր  նրանցից մեկը:

Առևտրականներից մեկը պատգամավորին  նախազգուշացրեց, որ եթե ուզում են Գյումրին չդատարակվի, պիտի ազատություն տան փոքր բիզնեսին: Կողքից մի կին միջամտում էր`պատգամավորին ասելով. «Դուք  թասիբ չունիք, էդպես կենեք, որ հայը գնում է թուրքի մոտ աշխատելու»: Պատգամավորը,  հատ-հատ պատասխանելով յուրաքանչյուրի հարցադրմանը,  շարունակում էր պնդել, թե  այն լավ օրենք է: Այլ հարց է, որ քննարկումների որոշակի  թեմաներ  կան:

Բողոքավորներից շատերը, հիասթափված պատգամավորի պատասխաններից, լքեցին ՀՀԿ գրասենյակի  բակը, մի քանիսը Սուքիաս Ավետիսյանի հրավերքով ներս մտան գրասենյակ քննարկման թեման շարունակելու: Վաղը շարունակվելու է  բողոքի ակցիան, սակայն այն տեղի է ունենալու Շիրակի մարզի հարկայինի դիմաց: Օրենքը չվերանայելու դեպքում գործարարները սպառնացին լուծարել իրենց գրանցված բիզնեսը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031