Ավելի քան մեկ տարի տևած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը ներկայանում է «Մի լքիր ինձ» պարային ներկայացմամբ, որի պրեմիերան տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, Փոքր թատրոնի բեմում՝ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:
Ներառական պարային խումբը ձևավորվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակներում և գործում է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին կից:
«Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերից, երբ չորս հայ պարուսույցներ մասնակցեցին վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբում, որից հետո Հայաստանում անցկացված հինգ դասընթացների արդյունքում ընտրվեցին առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի անդամները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ սա շատ լավ գաղափար է՝ արվեստի և հաշմանդամություն ունեցող անձանց փոխհարաբերությունների մասին եղած կարծրատիպերը կոտրելու առումով. «Եթե մարդը երազանք ունի, հաշմանդամությունը չի կարող խոչընդոտ լինել այն իրագործելու համար»,- ասաց Ա. Սարիբեկյանը:
«Մի լքիր ինձ» պարային ներկայացման մտահղացման և բեմադրության հեղինակը Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է, որը, մի փոքր բացելով փակագծերը, ասաց, որ ներկայացման մեջ ընդգրկված ութ պարողներից չորսը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս չորսը՝ պրոֆեսիոնալ պարողներ, որոնք Ժակ Բրելի հանրահայտ «Ne Me Quitte Pas» («Մի լքիր ինձ») երգի տարբեր մեկնաբանությունների ներքո կներկայացնեն փոքրիկ պատմություններ:
«Մեզ ընդամենը թվում է, թե հաշմանդամություն ունեցող մարդու հետ աշխատելը դժվար է,- ասում է Վ. Բադալյանը,- ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնելը, թե ինչպես է արվեստն ազդում հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհայացքի վրա, ինչպես են պարապմունքներն օգնում, որ նրանք կյանքը տեսնեն ուրիշ գույներով»:
Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչն էլ, համաձայնելով Ա. Սարիբեկյանի խոսքերին, ասաց, որ հաշմանդամությունը, իսկապես, չպետք է խանգարի տաղանդի դրսևորմանը. «Հաշմանդամություն ունեցող անձինք` անկախ իրենց հնարավորություններից, չպետք է սահմանափակումների առջև կանգնեն»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ պարային ներկայացումը Փոքր թատրոնում կցուցադրվի նաև հոկտեմբերի 4-ին և 5-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ